Ի՞նչ է Մաքսային Միությունը

2013թ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, թե Հայաստանը մտնելու է Մաքսային միություն եւ մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին:

Մաքսային միությունը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական ինտեգրացիայի խորացման համար ստեղծված կառույց է: Այն ենթադրում է միասնական մաքսային տարածք, որի շրջանակում ապրանքների առեւտրի ժամանակ կիրառվում են զրոյական մաքսատուքեր եւ չեն կիրառվում տնտեսական բնույթի այլ սահմանափակումներ, բացառությամբ հատուկ պաշտպանողական, հակադեմպինգային եւ փոխհատուցող միջոցների:

Իսկ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային տնտեսական ինտեգրացիոն միավորում է, որի նպատակը անդամ երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) տնտեսությունների էլ ավելի խորը ինտերգրումն ու միջազգային ասպարեզում մրցունակության մակարդակի բարձրացումն է: Եվրասիական տնտեսական միությունը կգործարկվի 2015թ հունվարի մեկից՝ փոխարինելով 2010-ից գործող Մաքսային միությանը:

Մաքսային միության ստեղծման հիմնական տնտեսական իմաստն է ամբողջությամբ ազատականացնել միության երկրների միջեւ առեւտուրը: Այսինքն՝ զրոյացվում են միության անդամ երկրների միջեւ ապրանքների առեւտրի մաքսային դրույքաչափերը եւ ներդրվում են միմյանց միջեւ առեւտրի կարգավորման միասնական կանոնակարգեր: Մաքսատրուքերի դրույքաչափերը, սակայն, Հայաստանի ու ԱՊՀ բոլոր երկրների հետ արդեն իսկ զրոյացված են: Ուստի այս առումով Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո Հայաստանի համար ոչինչ չի փոխվի:

Սակայն Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ունի մեկ կարեւոր առանձնահատկություն: Այս միության անդամ երկրները պարտավորվում են միասնական (նույն) դրույքաչափով մաքսազերծել երրորդ (այսինքն՝ միության մեջ չմտնող) երկրներից ներմուծվող ապրանքները:

Այսպիսով՝ Մաքսային միության գլխավոր առանձնահատկություններից է այն, որ այս միությունը հավակնում է կարգավորել իր անդամ պետությունների եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները: Հենց դա էր պատճառը, որ Հայաստանը չկարողացավ Եվրամիության հետ ստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը բանակցվել էր մոտ 3 տարի եւ համաձայնեցվել 2013-ի օգոստոսին: Եվ հենց դա է պատճառը, որ Մաքսային միության անդամակցումով Հայաստանում անխուսափելիորեն լրացուցիչ գնաճ կլինի, իսկ մի շարք որոշումներ Երեւանի փոխարեն կկայացվեն Մոսկվայում:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա այն մեկ կարեւոր հարցում տարբերվում է Մաքսային միությունից: Եթե Մաքսային միությունը վերաբերում է միայն առեւտրի ոլորտի կարգավորումներին, ապա Եվրասիական տնտեսական միությունն արդեն հավակնում է սահմանել տնտեսական գրեթե բոլոր կարգավորումներն ու չափանիշները, ինչպես, օրինակ, հարկային կամ դրամավարկային քաղաքականությունը: Բայց առեւտրին չվերաբերող տնտեսական հարաբերություննները կարգավորելու եւ համապատասխան նորմատիվները մտցնելու համար շատ երկար տարիներ են պետք եւ ԵՏՄ հիմնադիրները տարբեր ժամկետներ են նշում: Օրինակ՝ հայտարարվել է, որ 10 տարի հետո կարող է անցում կատարվել միասնական արժույթին Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիության մոդելի նմանակման փորձն է, իսկ Մաքսային միությունը՝ Եվրամիության տարածքում ժամանակին հիմնված ազատ առեւտրի գոտիների նմանակման փորձն էր: Ավելին, ինչպես խոստովանում են հենց Ռուսաստանի չինովնիկները, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի համակարգը կառուցվում է եվրոպական համակարգին համապատասխան, իսկ կարգավորումների հիմքում ընկած են եվրոպական դիրեկտիվները ստեղծել Եվրամիության մոդելի նման արդյունավետ գործող համակարգ եւ թե արդյոք իմաստ ուներ այդպիսի նոր համակարգի ստեղծումը՝ Եվրամիություն մտնելու փոխարեն, մեծ հարց է:

Առաջիկայում մենք մանրամասն կանդրադառնանք այս ինտեգրացիայի բոլոր ասպեկտներին ու հետեւանքներին: