ՀՀ վարչապետից պահանջում են հանրաքվեի դնել ԵՏՄ֊ին Հայաստանի միանալու հարցը

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում է հանրաքվեի դնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

ՀԿ֊ն ընդգծում է, որ իր դիմումի հիմքում դրված են ՀՀ Սահմաանդրության 2-րդ հոդվածը (Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով), ինչպես նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ու 8.1 հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, որոնց համաձայն կառավարությունը կարող է նախաձեռնել հանրաքվե` պետական կարևորագույն հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտման համար:

Բացի դա, «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»֊ը թվով 15 դիմումներ ուղարկվել է Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարներին և այլ պատգամավորներին` հանրաքվեի նախաձեռնությանը միանալու խնդրանքով: