«Հայ-ռուսական հարաբերությունների պատմության մութ էջերը»․ հոդված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համատքեստում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է ՀԿ֊ի պատմության և ազգագրության հարցերով փորձագետ Վահրամ Թոքմաջյանի «Հայ֊ռուսական հարաբերությունների պատմության մութ էջերը․ նախքան ԽՍՀՄ» հոդվածը։

Այն ներկայացնում ենք որոշակի կրճատումներով, ամբողջական տարբերակը՝ տեսանյութում։



«Հայ֊ռուսական հարաբերությունների պատմության մութ էջերը․ նախքան ԽՍՀՄ»

Կողմոնորշման հարցը մեր պատմաքաղաքական միջավայրում ունի բուռն զարգացումներ անհիշելի ժամանակներից: Ուստի, պատմական քաոսի մեջ չմխրճվելու համար գանք 16-17-րդ դարերի դարաբաժանից, երբ Իսրայել Օրին մեր դեգերումների առանցքն ուղղեց դեպի Պյոտրյան Ռուսաստան: Ժամանակի քարոզչամեքենան և գաղափարական ընկալումներ սահմանելու իրավունքը պատկանում էր բացառապես Հայ Առաքելական եկեղեցուն: Այդ կառույցին խիստ հաճո էր այս քայլը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ևս քրիստոնյա պետություն էր, իսկ կրոնական ասպեկտում չուներ այն հավակնությունները, որն ուներ կաթոլիկ արևմուտքը…

….Օրին այդպես էլ չտեսավ ռուս ազատարարներին: Օրու մահից հետո միայն, Պետրոսն այցելեց Կովկաս, որոշակի սոցիալական և քաղաքական հիմքեր ստեղծեց իր հաջորդների կովկասյան քաղաքականության համար, 1724-ին կնքեց Կ. Պոլսի պայմանագիրը, որով Հայաստանի այդ ժամանակի և ներկայիս տարածքը զիջեց Թուրքիային` իրեն պահելով մերձկասպյան շրջանները: Իսկ հայերը Սյունիքում և Արցախում ութ տարի շարունակ կերտեցին հերոսական էջեր (1722-1730 Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարը), սպասելով ուռուսի օրհնված ոտքին (ինչպես հետո կբնորոշի Խ. Աբովյանն իր հայտնի աշխատության մեջ): Ինչևէ, այս փուլում գոնե, Աբովյանի օրնած սհաթը` ռսի ոտի հետ կապված չունեցանք:

Ռուսական կոնկրետ ազդեցությունների փուլը սկսվեց 19-րդ դարի առաջին քառորդից, երբ վրացական թագավորությունը միացվեց Ցարական կայսրությանը և վերջինս իր նկրտումները շարունակեց դեպի Այսրկովկաս (երբ նայում ենք Մոսկվայից, ստացվում է Անդրկովկաս): Այստեղ կանգ առնենք: Հենց այս փուլից է, որ սկսվում են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները տարածքում գերիշխանության հասնելու համար: Այս գործընթացները կպատեն ամբողջ 19-րդ դարը: Անդրադառնանք այն խնդիրներին, որոնք իր առջև դնում էր կայսերական Ռուսաստանը.

Ա. Հաստատվել Կովկասում, մասնավորապես, Հարավային Կովկասում

Բ. Տիրանալ մերձկասպյան բարեբեր շրջաններին

Գ. Հնարավորինս օգտվել թուլացած Պարսկաստանի վիճակից

Դ. Վերցնել Օսմանյան Թուրքիայից այնքան, որքան հնարավոր է. Կլիներ դա Արևմտյան և Արևելյան Հայաստանների, թե նեղուցների տեսքով` էական չէր: Կովկասյան գործոնը կնպաստեր ամրապնդելու ցարական Ռուսաստանի հարավային սահմանները:

Այս բոլոր ձգտումներում, աջակիցներ էին դիտարկվում այդ տարածքների բնակիչները` ինչպես Բալկաններում, այնպես էլ Կովկասում: Ու այստեղ շատ կարևոր էր «ազատարարի» իմիջի ստեղծումը, որը կնպաստեր այդ գործոններն օգտագործելուն: Ու կարելի է ասել այդ իմիջը ստեղծվում էր շատ արագ: Ստեղծողները հենց տեղի վերնախավն էր, որը շատ արագ հասկանում և ընկալում էր ուժերի վերադասավորությունը: Եթե Ռուսաստանը չունենար տեղացիների անվերապահ աջակցությունը բոլոր ասպեկտներում, ապա հավատացած եղեք, որևէ ռուս-պարսկական կամ ռուս-թուրքական պատերազմում նա հաղթանակ չէր տանի…

…«ազատարարներին» հայերս օգնում ենք ամեն ինչով` սնունդ, մարդկային ռեսուրսներ, գիշերելու վայրեր, զորակայաններ և այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Ռուս զինվորականներից շատերն իրենց հուշերում նշում են, որ հայերն առաջին էին նետվում մարտի և կռվում էին առաջին գծում: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ կազմավորվեցին բազմաթիվ կամավորական ջոկատներ, որոնք աջակցում էին ռուսական զորքին: Որպես կանոն, ռուսական զորքը չէր ունենում այքան կորուստ ինչաքն բնակիչները: Փոխարենն ռուսները խոստանում էին ազատագրում: Բայց… այդ ազատագրումը չէր ենթադրում անկախ պետության ստեղծում, դա ենթադրում էր մի լուծի փոխարինումը մյուսով: Եվ այդ փուլի միակ կազմակերպված կառույցը` եկեղեցին, այժմ բացում էր իր բոլոր ամբարները և ռեսուրսները քաղաքական ռոտացիայի առջև: Իսկ փոխարենը. «ռուս գեներալ Տորմասովը, 1810թ. անհաջողություն կրելով Ախալցխա քաղաքի մոտ, գավառը ենթարկում է սարսափելի թալանի, չբավարարվելով իրեն օգնած քրիստոնյաների թալանով`ռուսական զորքերը տարածքի 1500 ընտանիքներ բռնագաղթեցնում են Վրաստան, մասնակի հայաթափման ենթարկելով այդ գավառը»: Այստեղ թերևս հարկ է անդրադառնալ մի գործոնի, որը շատերը անուշադրության են մատնում: Կարելի է հաշվել, թե քանի հայ է սպանվել 19-20-րդ դդ. ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում (1812, 1856, 1878, 1918), երբ ռուսները վերցնելով Արևմտյան Հայստանի բազմաթիվ տարածքներ ռազմական գործողությունների ընթացքում, հետ են տվել դրանք դիվանագիտական ճանապարհով, տեղի աջակից բնակիչներին` հատկապես հայերին, թողնելով անզեն և միայնակ թուրքական իշխանությունների դեմ: Հավատացեք, այդ թիվն ավելի պակաս տպավորիչ չի լինի, քան Ցեղասպանության զոհերի թիվն էր:

Անշուշտ, Ռուսաստանը որպես կայսրություն տանում էր քաղաքական գիծ, որն օրինաչափ է բոլոր կայսրությունների համար. օգտագործել բոլորին և հնարավորինս շատ` իր քաղաքական նպատակների համար: Ազատագրման կամ անկախ պետականության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի Ռուսաստանին անհրաժեշտ էր Կովկասը`լավագույն դեպքում հնարավորինս քիչ հայերով: Այս ֆոնին, առնվազն քաղաքական ոչ ճիշտ հաշվարկների հերթական դրսևորումն էր մեր հոգևոր և աշխարհիկ վերնախավի կողմից ներկայացվող այն տեսլականները կամ ծրագրերը, որոնք ուղղված էին անկախ Հայաստան ստեղծելուն: Ժամանակի գործիչները չէին նկատում ակնհայտ փաստեր, ինչպիսին է, օրինակ, յուրաքանչյուր պատերազմից հետո կամավորական կամ քիչ թե շատ կազմակերպված հայկական ռազմական ուժերի ցրումը` մինչ հաջորդ պատերազմ…

…Մեկ այլ սադրանք տեղի ունեցավ Կովկասում 1905թ.: Այս փուլում սկսվել էր ռուսական հեղափոխական շարժումը և կենտրոնը տարբեր ազգությունների ուշադրությունը շեղելու համար դիմում էր ամեն տեսակ սադրանքների, սա հետագայում կդառնա դասական գործելաոճ: Ու այսպես, 1905թ-ին, Կովկասում սկսվեցին հայ-թաթարական բախումները, որոնք հետագայում հիմք դրեցին հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այդ բախումների ընթացքում հավասարապես տուժեցին երկու կողմն էլ… Նույն կերպ` ինչպես հետագա հայ-ադրբեջանական կոնֆլիկտներում: