ԵՏՄ պայմանագրի հակասությունները ՀՀ Սահմանադրության հետ

Սեպտեմբեր ամսին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ի վերջո կարողացավ ստանալ և հրապարակել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Վերջինս, մայր պայմանագրերի հետ միասին հազարավոր էջեր է կազմում, որոնց ուսումնասիրությունը դեռ բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ կանի:

Սակայն այժմ եկեք քննարկենք այդ պայմանագրի և Հայաստանի Սահմանադրության մի շարք հակասությունները:

Հարկերի չափը

Եվրասիական Տնտեսական Միության մասին (29.05.2014) պայմանագրի 42-րդ հոդվածը ասում է, որ «Միության տարածքում կիրառվում է ԵՏՄ Արտաքին տնտեսական գործունեության միասնական Ապրանքային անվանացուցակ և ԵՏՄ մաքսային սակագին, որոնք հաստատվում են Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի կողմից»: Իսկ 45-րդ հոդվածով ասվում է, որ «ԵՏՄ Հանձնաժողովը սահմանում է ներմուծման մաքսատուրքերի տոկոսադրույքները»:

Այսինքն, եթե այսօր մեր երկիրը ինքնուրույն է որոշում, թե որ ապրանքների մաքսազերծման համար որքա՞ն պետք է լինի դրույքաչափը, ապա ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում դառնում է Մոսկվայում նստող ԵՏՄ հանձնաժողովի որոշելիքը:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածն ասում է, որ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ», իսկ դրա 85.5 հոդվածն հստակ սահմանում է, որ «Բացառապես ՀՀ օրենքով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:

Այսպիսով, ԵՏՄ հանձնաժողովը ընդունում է որոշումներ, որոնք որևէ կերպ չեն կարող համարվել ՀՀ օրենքներ: Օրենք կարող է ընդունել բացառապես ՀՀ Ազգային Ժողովը: Այսինքն, միակ մարմինը, որը, ըստ Սահմանադրության, կարող է սահմանել մաքսային դրույքաչափերը, դա Ազգային Ժողովն է: Եվ այդ գործառույթի փոխանցումը այլ մարմիններին (առավել ևս` օտարերկրյա մարմիններին) հակասում է Սահմանադրության 45 և 85.5 հոդվածներին:

Հարկային քաղաքականությունը

ԵՏՄ պայմանագրի նույն 45-րդ հոդվածով և 1-ին հավելվածի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ ԵՏՄ հանձնաժողովը իրականացնում է մաքսային, ֆինանսավարկային, հակամենաշնորհային, դրամավարկային և մի շարք այլ ոլորտների քաղաքականությունը:

Սակայն, ի հեճուկս դրա, ՀՀ Սահմանադրությունը, իր 89-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ «Կառավարությունը իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը»: Ուստի այդ ֆունկցիաները, բացի կառավարությունից, որևէ այլ մարմին իրավունք չունի իրականացնելու… ԵՏՄ հանձնաժողովին այդ գործառույթների հանձնումը հստակ հակասում է Սահմանադրության նաև այս դրույթին: … Սակայն, ամենացավալին դա չէ:

Անկախությունը

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածն ասում է, որ «Հայաստանը ինքնիշխան պետություն է», այսինքն, չի կարող ենթարկվել այլ պետությունների ու մարմինների որոշումներին և հրահանգներին:

Սակայն, ԵՏՄ-ի պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ հոդվածում կարդում ենք «ԵՏՄ հանձնաժողովն իր իրավասությունների սահմաններում կայացնում է որոշումներ, որոնք ունեն կանոնակարգային-իրավական բնույթ և պարտադիր են անդամ-պետությունների համար… Հանձնաժողովի որոշումները Միության իրավունքի մեջ են մտնում և ենթակա են անդամ-պետությունների տարածքում անմիջական կիրառման»:

Այսինքն, Մոսկվայում նստող մի հանձնաժողով կայացնելու է որոշումներ, որոնք պարտադիր են Հայաստանի համար և որոնք կարող են լինել նաև Հայաստանի կամքին դեմ: Հայաստանն էլ, ուզ-չուզի, պարտավոր է լինելու կատարել դրանք:

Դրան պետք է գումարենք, որ համաձայն պայմանագրի, մենք այլևս չենք կարող այլ երկրների հետ արտաքին առևտրի քաղաքականությունը ինքնուրույն վարել: Անգամ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության հետ Հայաստանի բանակցությունների արդյունքները (համաձայն պայմանագրի 3-րդ հավելվածի 38-րդ հոդվածի) պետք է «դաբռո» ստանան սկզբից Մոսկվայում և ապա նոր քննարկվեն Երևանում:

Ավաղ, սա կոչվում է տնտեսական կապիտուլյացիա: