Սոցհարցում հանրաքվեի փոխարեն

Ինչպես արդեն հայտնել էինք, «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դեռևս սեպտեմբեր ամսին դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով անցկացնել հանրաքվե՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով:

Քանի որ, ի հեճուկս օրենքի պահանջի, վարչապետ Աբրահամյանից այդպես էլ չստացանք դիմումի պատասխան, նույն հարցով դիմեցինք նախագահ Սերժ Սարգսյանին և ստացանք բազմիմաստ մի պատասխան:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, չմերժելով և շրջանցելով հանրաքվե իրականացնելու պահանջը, հայտնում է, որ այդ հարցի շուրջ արդեն արված են սոցիալական հարցումներ:

Ու թեև պատասխան գրությունում նման բան ուղղակիորեն գրված չէ, սակայն ստացվում է, որ ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, սոց. հարցումը կարող է փոխարինել հանրաքվեին: Ենթադրաբար, նույն տրամաբանությամբ, կարելի է այլևս ընտրություններ չանել:

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 8.1 հոդվածը նախատեսում է, որ Կառավարությունը անց է կացնում հանրաքվե` պետական կյանքի կարևորագույն հարցերի շուրջ հասարակական կարծիքի բացահայտման նպատակով:

Հստակ է, որ Հայաստանի անկախացումից ի վեր, ԵՏՄ-ին անդամակցումը պետական կյանքի կարևորագույն հարցերից մեկն է: Ակամայից հարց է առաջանում, եթե այս հարցի շուրջ էլ չարվի հանրաքվե, ապա ինչի՞ համար է ընդունվել «Հանրաքվեի մասին» օրենքը:

Սակայն, հանուն ազնվության ևս մեկ անգամ նշենք, որ առ այսօր, որևէ պետական մարմին չի մերժել հարցի շուրջ հանրաքվե իրականացնելու «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» և մի խումբ պատգամավորների գաղափարը: