Արցախի կառավարությունում տեղյակ չեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մանրամասներից

Մենք արդեն հայտնել էինք, որ, դատելով պետական մարմինների ներկայացրած գրություններից, Հայաստանի Հանարապետության կողմից Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցելուց հետո Հայաստան-Արցախ սահմանին կտեղադրվի մաքսակետ: Անշուշտ, պետական այրերը հաստատակամորեն ժխտում են այդ հնարավորությունը, ասելով, որ որևէ մաքսակետ նախատեսված չէ:


Պայմանագրի նախագիծը

Այստեղ խնդիրն այն է, որ խնդրո առարկա հարցը կարող է կարգավոված լինել միայն «Հայաստանի Հանարպետութայն, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Եվրասիական Տնտեսական Միության 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի» նախագծով: Պարզ ասած` այն փաստաթղթով, որով մեր երկիրը միանալու է ԵՏՄ-ին:

Իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ իր հերթին խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օերքնը, գաղտնի է պահում պայմանագրի այդ նախագիծը:





Երբ փորձում ենք պարզել, թե ԵՏՄ-ին անդամակցության մասին տարատեսակ հայտարարություններ անող պաշտոնյաները որքանո՞վ են տեղյակ այդ «գաղտնի» նախագծից, ստանում ենք զավեշտալի պատասխաններ:

Առաջիկայում մենք կանրադառնանք նրան, թե Հայաստանի պետական այրերից Ո՞վ է, որ պայմանագրի նախագիծը չի տեսել, սակայն վստահաբար պնդումներ է անում այդ մասին: Այժմ «վերդառնանք» Արցախ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմը` տռանսլիտով

Այսպիսով, մեր հացումներին առ այն, թե ծանո՞թ են արդյո՞ք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին, Լեռնային Ղարաբաղից ստացանք իրարամերժ պատասխաններ:

Նախ նշենք, որ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը չի ստացել պայմանագրի տեքստը:

Այսինքն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այս կարևորագույն գործընթացի շուրջ չի իրազեկում Լեռնային Ղարաբաղին: Ենթադրաբար «Մենք ինչ անում ենք` ճիշտ ենք անում, Ղարաբաղցիքի կարծիքը չենք հարցնում» կարգախոսով:

Արձանագրելով, որ ԼՂՀ արտաքին գործերի գերատեսչությունը չգիտի, թե ի՞նչ է իրենից ենթադրում այդ պայմանագրի նախագիծը, անցնենք մի էլ ավելի հետաքրքիր պատասխանի, որը ստացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմից: Այսպիսով, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և տեղեկատվության վարչության պետը, տռանսլիտով (լատինատառ) գրված պատասխանում, պնդում է, որ Բակո Սահակյանը ծանոթ է ԵՏՄ պայմանագրի նախագծին:

Մի կողմ թողնելով հայկական տառատեսակների և ԼՂՀ նախագահի աշխատակազմի «հարաբերությունները», արձանագրենք, որ խիստ զարմաանլի և կասկածահարույց է այն, որ պայամանգրի նախագծին ծանոթ է ԼՂՀ նախագահը, սակայն ծանոթ չեն ԼՂՀ ԱԳՆ-ում: Եթե իրոք այդպես է, ապա ստացվում է, որ Արցախում պետական մտածողությունը զրոյական մակարդակի վրա է, իսկ Արտաքին գործերի նախարարությունը` ձևական կառույց:

Տեսականորեն չենք բացառում նաև այն տարբերակը, որ Բակո Սահակյանն էլ իրականում ծանոթ չէ ԵՏՄ անդամակցության պայամանագրի նախագծին, քանի որ ՀՀ իշխանությունները Արցախը որպես մարզ են ընկալում, իսկ մարզպետին արտաքին քաղաքականության շուրջ մանրամասներ ներկայացնելը պարտադիր չէ:

Եվ միգուցե հենց դրանով է պայմանավորված այն, որ ԼՂՀ նախագահի աշխատակազմի նամակը, որը տռանսլիտի պատճառով անգամ լուրջ չի ընդունվում, շատ զգուշավոր է և ինչ-որ չափ լղոզված: Թեև, եզրակացությունները թողնենք ընթերցողին: