Հայ-ռուսական հարաբերությունները՝ Բաքվի բողոքի նոտայի ֆոնին

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ կառավարությանը՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ: Այս նոտան և ռուսական կողմի արձագանքը դրան, միանշանակորեն մատնանշեցին ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները:

Ռուսական զենքն ու Ադրբեջանը

Այս պատմությունը սկսվեց դեռևս ամռանը, երբ «Էլեկտրիկ Երևան» խորագիրը ստացած բողոքի ակցիայի ընթացքում Կրեմլը Երևանի հետ հարաբերությունների բարեկամական բնույթը ընդգծելու նպատակով Երևանին առաջարկել էր 10 տարով մինչև 200 մլն. դոլար վարկ տրամադրել, որպեսզի հայկական կողմը ռուսականից այդ գումարով զինամթերք ձեռք բերի: Թեև հայկական կողմը մեծ ոգևորությամբ ընդունեց այս նորությունը հարկ ենք համարում նշել, որ դեռևս պարզ չէ, թե ում համար էր ավելի ձեռնտու այդ վարկը՝ ՀՀ-ի թե ՌԴ-ի: Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմին տրամադրվող զինամթերքը հիմնականում պաշտպանողական է: Ավելին՝ վաճառվելիք զենքերից շատերը հին են ու առանձնահատուկ Հայաստանի պաշտպանողական կարողությունները չեն բարձրացնելու:

Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը, որն անցած 5  տարիներին առանձնահատուկ ոգեշնչմամբ Ռուսաստանից գնել է մեծ քանակությամբ զենք, հարկ է համարում բողոքի նոտա հղել: Ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի զեկույցի՝ Ադրբեջանը 2014-ին Եվրոպայի երկրների շարքում երկրորդն էր զենք ու զինամթերք ներկրողների ցանկում: Ըստ նույն Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի մեկ շաբաթ առաջ հրապարակված զեկույցի՝ Ադրբեջանը 2006-10 թվականների համեմատ 2011-15-ին 217 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը: Ադրբեջանին մատակարարված զինամթերքի 85 տոկոսը Բաքուն գնել է Մոսկվայից: Ընդ որում, եթե 2006-10 թթ. Ռուսաստանից Ադրբեջանի գնած զենքը կազմում էր ՌԴ զինամթերքի ընդհանուր արտահանման 0,7 տոկոսը, ապա վերջին հինգ տարում այդ թիվը աճել է առնվազն 7 անգամ՝ հասնելով 5%-ի, այսինքն Ադրբեջանը դարձել է ռուսական զենքերի հիմնական գնորդներից մեկը:  Այդ ամենի հետ միասին Ադրբեջանական կողմը հարկ է համարում բողոքել, երբ Հայաստանը անհամեմատ ավելի փոքր քանակությամբ զենքի մատակարարման պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ: Այս բողոքի նոտան առնվազն ցինիզմի նշան է:

Դաշնակիցների մասին

Սակայն այն, որ Ադրբեջանը բողոքում է, երբ իր հնարավոր թշնամուն Մոսկվան զենք է վաճառում բնական է և այստեղ, իրականում, մտահոգիչը ռուսական կողմի արձագանքն է այդ նոտային: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան փետրվարի 26-ին արձագանքել էր ադրբեջանական կողմին՝ նշելով, որ «Մենք դիվանագիտական խողովակներով արդեն Ադրբեջանին համապատասխան տեղեկատվությունը հասցրել ենք: Ռուսաստանը Հայաստանի հետ դաշնակցական հարաբերություններ ունի և այդ թվում՝ ռազմատեխնիկական հարաբերություններն է զարգացնում: Կարծում ենք, այդ փասը բոլորին էլ հայտնի է»: Մինչ հայկական մամուլը ոգևորված նշում էր այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին դաշնակից է անվանել, ուշադրությունից վրիպել էր այն, որ Զախարովան իր արձագանքում նշել է նաև երկու այլ կարևոր կետ: Առաջին հերթին նա հայտարարել էր. «Թե՛ Հայաստանին, թե՛ բարեկամ Ադրբեջանին ցանկացած զենք-զինամթերքի առաքում կատարվում է տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»: Հետաքրքիր է, թե ինչ բալանսի մասին է խոսքը, երբ Ադրբեջանը, համաձայն բոլոր միջազգային զեկույցների մինչև ատամները զինված է՝ շնորհիվ նավթային դոլարների և ռուսական ռազմաարդյունաբերության, իսկ Հայաստանը անհամեմատ ավելի հետ է մնում սպառազինության մրցավազքից: Ընդ որում, Ադրբեջանին Եվրոպան ու ԱՄՆ-ն զենք չեն վաճառում, այսինքն՝ դիսբալանսը հենց Ռուսաստանն է ստեղծել:

Բալանսի խախտումը արդեն վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ, իսկ դրա վերականգնման համար Ռուսաստանը Հայաստանին պիտի ոչ թե 200 մլն., այլ 4 միլիարդ դոլարի վարկ տրամադրեր, կամ, պարզապես, չափավորեր Ադրբեջանին վաճառվող հարձակողական զենքերը: Մտահոգիչ է նաև այն, որ Զախարովան լրագրողներից մեկի հարցին այն մասին, թե արդյո՞ք Բաքվի ռազմական նոտան միջամտություն չէ ՌԴ և ՀՀ ներքին գործերին, պատասխանել էր, որ նման մտահոգությունը լիովին հասկանալի է, իսկ ռուսական կողմը ադրբեջանական կողմին դիվանագիտական խողովակներով արդեն հասցրել է համապատասխան տեղեկատվությունը:

Համեմատենք

Ուշագրավ է, որ հայկական կողմը երբևէ նման կտրուկ արձագանքով հանդես չի եկել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերին: ՀՀ ԱԳՆ-ն, կարծես, այդ մասին տեղյակ էլ չէ: Մինչդեռ Ադրբեջանը առաջին իսկ առիթով ջղայնանալու իրավունք է վերապահում իրեն: Պաշտոնական Երևանը, կարծես, հնազանդ հպատակի քաղաքականություն է վարում՝ նախընտրելով լռել, կամ էլ գուցե պարզապես գլխի չի ընկնում, որ կարելի է դիվանագիտությամբ զբաղվել: Եթե խնդիրը առաջինն է, ապա կարելի է ասել, որ այս բողոքի նոտան հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը իրեն պահում է որպես հավասար՝ ստիպելով Մոսկվային պարզաբանումներ տալ, մինչդեռ Հայաստանը լռում է և պահում իրեն ինչպես ռուսական նահանգ, այլ ոչ թե անկախ երկիր: Հասկանալի է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը անում են այն, ինչ իրենց է ձեռնտու, բայց արդյո՞ք մենք գոնե փորձում ենք մեր շահերը պաշտպանել:

Մնում է հույս ունենալ, որ այս բողոքի նոտան հայկական կողմի համար դիվանագիտության դաս կհանդիսանա, ու վերջապես կսկսենք օգտագործել միջազգային դիվանագիտության մեթոդները: Հայկական կողմը երբեք գլխի չի ընկել միջազգային հիստերիկա սարքել ռուս-ադրբեջանական նման գործարքների առնչությամբ՝ երբեք ոչ մի նոտա կամ որևէ այլ միջազգային դիվանագիտության հնարք գործի չի դրել, որպեսզի ցույց տա, որ բնական չի համարում մեր «դաշնակցի» պահվածքը:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող