Գազային դրաման ու գնի բլեֆը

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Վերջին օրերին հանրային ակտիվ քննարկման առարկա է դարձել Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը: Ու թեև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի շեմին հայտարարել էր, որ գազի գնի հետ կապված նոր համաձայնագիրը պատրաստ է, սակայն այն այդպես էլ չդարձավ Պուտին-Սարգսյան հանդիպման օրակարգային հարց: Ավելին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը մերժել է գազի գինը ռուբլով հաշվարկելու առաջարկը:

Հետևապես մինչև ապրիլի 1-ը Հայաստանի սահմանին «Գազպրոմը» իր դուստր «Գազպրոմ Արմենիային» գազը շարունակելու է վաճառել 165 դոլարով հազար խմ-ի դիմաց: Ու թեև հույս կա, որ առաջիկա շաբաթներում որևէ պայմանագիր կստորագրվի, սակայն հարկ է նկատել, որ հակառակ պարագայում ապրիլի 1-ից ի վեր Հայաստան մտնող գազը կրկին կթանկանա՝ հասնելով 190 դոլարի:

Հետևապես փորձենք հասկանալ ու վերլուծել Հայաստանում գազի գինն ու գնագոյացումը:

Գինը

Նախ արձանագրենք, որ, ինչպես նշվեց, խոսքը գնում է այն գնի մասին, որով ռուսաստանյան պետական կորպորացիա հանդիսացող «Գազպրոմը» գազը վաճառում է իր դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»: Վերջինս, իր հերթին գազը բաշխում ու վերավաճառում է հայաստանյան սպառողներին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով: Մասնավորապես՝ 2013 թվականի հուլիսից խոշոր սպառողներին 1000 խմ գազը մատակարարվում է 277 դոլարին համարժեք դրամով, իսկ բնակիչ-բաժանորդներին՝ 1 խմ գազը՝ 156 դրամով (մոտ 320 դոլար 1000 խմ-ի դիմաց):

Անցած մոտ 2,5 տարում գազի միջազգային գինը միջինում շուրջ եռապատիկ անկում ապրեց, սակայն Ռուսաստանը Հայաստանին («Գազպրոմ Ամրենիային») մատակարարվող գազի գինը նվազեցրեց ընդամենը 13 տոկոսով՝ 1000 խմ-ի դիմաց 190 դոլարից հասցնելով 165-ի:

Սակայն, 2015 թվականին, սահմանին գազի գնի այդ 13 տոկոսանոց անկումը որևէ կերպ չզգացին ՀՀ բնակիչ-բաժանորդները, ում համար գազի գին մնաց նույնը: Ընդ որում, գազի գինն ավելացավ խոշոր սպառողների և գազալցակայանների համար, քանի որ վերջիններիս համար գազի գինը հաշվարկվում է դոլարով ու դոլարի համեմատ հայկական դրամի 20 տոկոսանոց արժեզրկման արդյունում գազի գինը, դրամով հաշված, ևս ավելացավ 20 տոկոսով:

Մարժան աճել է

Նշված թվերից դժվար չէ տեսնել, որ, եթե երկու տարի առաջ «Գազպրոմ Արմենիան» խոշոր սպառողներին մատակարարված գազի 1000 խորհանարդ մետրի համար ունենում էր 87 դոլարի, կամ 35 հազար դրամի մարժա, ապա այժմ այդ գումարը կազմում է 112 դոլար, կամ 55 հազար դրամ: Այսինքն, վերջին երկու տարում խոշոր սպառողներն, արդյունաբերական հիմնարկներին ու գազալցակայաններին մատակարարվող գազի մարժան աճել է 57 տոկոսով: Բնակիչ-բաժանորդներին մատակարարվող գազի մարժան գրեթե չի փոխվել (մոտ 75 հազար դրամ՝ 1000 խմ-ի մեջ):

Այսինքն, գազալցակայանների և այլ խոշոր ձեռնարկություններին մատակարարվող գազի մեկ խորհանարդ մետրից «Գազպրոմ Արմենիայի» շահույթը ավելացել է 20 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն):

Մի կողմ թողնելով այն, որ Հայաստանի նման փոքր երկրում բնական գազի բաշխման այսպիսի գինը սարսափելի մեծ է (և անհամեմատ է այլ երկրների հետ), արձանագրենք, որ վերջին տարիներին այն միմիայն ավելացել է՝ իր հետևից էականորեն ավելացնելով «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները:

Ռուսաստանյան բլեֆ

Ինչպես հիշում ենք, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեցին Հայաստան մտնող գազի գինը և «Գազպրոմին» փոխանցվեցին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը: Այն ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանում գազի գինը կլինի Ռուսաստանի ներքին գնի չափ: Սակայն, Ռուսաստանի կովկասյան շրջաններում գազի 1 խմ-ի մանրածախ գինը 5 ռուբլի է, իսկ Հայաստանում այն 156 դրամ է՝ Ռուսաստանից 5 անգամ թանկ:

Ու թեև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի գազի գինը պետք է հաշվարկի ռուբլիով, սակայն վերջին երկու տարում ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կրկնակի անկում ապրեց, բայց մեր երկրում գազի գինը ոչ միայն չէժանացավ, այլ անգամ թանկացավ (խոշոր սպառողների համար): Իսկ երեկ ընդհանրապես հայտարարվեց ՀՀ իշխանությունների այդ առաջարկի մերժման մասին և նշվեց, որ գազի գինը շարունակվելու է հաշվարկվել դոլարով:

Այսպիսով, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում բնական գազի գնագոյացումը կատարվում է ռուբլիով, իսկ ռուբլին դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 2,3 անգամ, ապա կարելի է արձանագրել, որ վերջին 2 տարում, Հայաստանին մատակարարվող գազը՝ 1000 խմ-ի դիմաց 6.000 ռուբլուց հասել է 12.000-ի:

Այսինքն, քանի դեռ Հայաստանը ինտեգրվում է ԵԱՏՄ-ին, ամեն կերպ աջակցում է Ռուսաստանին (Ղրիմ, Սիրիա և այլն), Ռուսաստանը, իր հերթին գազի գինը՝ ռուբլիով հաշված կրկնակի թանկացնում է Հայաստանի համար և գերշահույթներ ստանում ՀՀ քաղաքացիների ու արդյունաբերական հիմնարկների հաշվին:

Դանիել Իոաննիսյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: