Ինչու՞ է լռում հայկական սփյուռքը Ռուսաստանում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Ապրիլի երկուսից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին ռազմական գործողություններ սանձազերծեց, աշխարհի տարբեր երկրներում, հայ համայնքները հզոր ցույցեր անցկացրեցին: Սփյուռքը, այդպիսով, նախ` աջակցություն հայտնեց Հայաստանին եւ Արցախին, երկրորդ` դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով դատապարտել դա նաեւ իրենց երկրների կառավարություններին:

Հայկական սփյուռքի տարբեր կենտրոններում տեղի ունեցած բողոքի ալիքները  դիտարկելով, ուղղակի աչքի է զարնում Ռուսաստանում (որտեղ առնվազն 1,5 միլիոն հայ է բնակվում) տիրող լռությունը, որին կանդրադառնանք ստորեւ.

Սփյուռք

Արեւմուտքում հայկական ամենած համայնքը ԱՄՆ-ում է, մասնավորապես` Կալիֆորնիա նահանգում: Հենց այստեղ նախ` տեղի ունեցավ աջակցության ցույց  Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանին մոտ, այնուհետեւ` բողոքի հուժկու ցույց Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության առաջ: Հայկական բոլոր կառույցներն աշխատեցին այնքան համաձայնեցված ու արդյունավետ, որ հայկական եռագույնի գույներով պատվեց նույնիսկ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը` ի հիշատակ մարտի դաշտում ընկած հայ զինվորների:

Ֆրանսիայում հայ համայնքի ցույցերը չեն սահմանափակվել միայն մայրաքաղաք Փարիզում անցկացված խոշոր ակցիաներով եւ տեղափոխվել են Ստրասբուրգ, որտեղ գտնվում են Եվրամիության դատական ու խորհրդարանական մարմինները: Հենց այստեղ ֆրանսիահայերն իրենց բողոքը արտահայտեցին ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, եվրախորհրդարանականների աչքի առջեւ: Եվ միգուցե հենց այդ ցույցի շնորհիվ է, որ օրեր անց եվրախորհրդարանում խստորեն քննադատեցին Ալիեւին եւ անգամ հնչեցին ԼՂՀ անկախության ճանաչման կոչերով ելույթներ:

Եվրոպայում, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերը լայն տարածում ստացան, ակցիաներ իրականացվեցին Բելգիայում` Բրյուսելում, Չեխիայում, Ռումինիայում, Շվեդիայում` Ստոկհոլմում: Բողոքի ցույց տեղի ունեցավ նաեւ Ուկրաինայում` Օդեսայում, Արգենտինայում, Եգիպտոսում, Ուրուգվայում, Կանադայում` Վանքուվերում, ինչպես նաև Իսրայելում: Վերջին դեպքում բողոքն ուղղված էր Իսրայելի կառավարությանը` ընդդեմ Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի:

Սփյուռքի հիմնական օջախներից մեկում` Բեյրութում, տեղի ունեցավ զանգվածային բողոքի ակցիա` ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: 100 հազարանոց հայկական համայնք ունեցող Լիբանանի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան հազարավոր հայեր: Լիբանանում հայության բողոքի ցույցն ուղեկցվում էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի` ԼՂՀ նախագահին հասցեագրված կոչով. Սփյուռքը մոբիլիզացված է եւ Արցախի կողքին կանգնած:

 

Ռուսաստան

Հայկական Սփյուռքի խոշորագույն բաղկացուցիչ մասերից է Ռուսասանի հայ համայնքը: Հայերն այս երկրում ներգրավված են պետության եւ տնտեսության ամենատարբեր օղակներում, ունեն տարատեսակ լծակներ եւ հնարավորություններ:

Ռուսաստանում, սակայն, ի տարբերություն սփյուռքի մյուս օջախների, բողոքի ակցիաներ, ցույցեր, տեղի չունեցան կամ` գրեթե տեղի չունեցան: Այնինչ` նորից ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանի պարագայում առկա է մեկ այլ գործոն եւս:

Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարը: Վերջին տարիներին, չնայած հայկական կողմի դժգոհությանը, Մոսկվան, լինելով Երեւանի դաշնակիցը ինչպես երկկողմանի, այնպես էլ հավաքական անվտանգության պայմանագրերով, Ադրբեջանին է վաճառել ժամանակակից սպառազինություններ, որոնք էլ վերջինս կիրառել է ապրիլի 2-5 տեղի ունեցած ռազմական գործողություններում: Փաստենք, որ դաշնակից երկրի կողմից հակառակորդին զինելը չէր կարող բողոք չառաջացնել հայերի մոտ, եթե նույնիսկ նրանք բնակվում են Ռուսաստանում:  Եւ, կարելի է ասել, այդ բողոքն առաջ եկավ Ռուսաստանի հայերի միության տարածած բավական լղոզված հայտարարության մեջ:

Ըստ այդ, ՌՀՄ հայտարարությամբ, նախ, ընդգծվում էր Մոսվայի դերը շփման գծում կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու գործում: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու կապակցությամբ արտահայտված մտահոգության հետ մեկտեղ փաստաթղթում նշվում էր, որ  Ռուսաստանի այս դիրքորոշումն անհասկանալի է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերում: Այսպես, փաստորեն, ՌՀՄ-ն, որի ղեկավար Արա Աբրահամյանը սերտ կապերի մեջ է ՌԴ իշխանությունների հետ, փորձում է ռուսական քարոզչությանը հարիր եղանակով, շեղել ուշադրությունը ռուսական սպառազինություններից:

Սակայն, ինչպես նշել էինք վերը, Ռուսաստանում բողոքի ցույցերը գրեթե տեղի չեն ունեցել: Ապրիլի 12-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարարության շենքի դիմաց, միայնակ բողոքի ակցիա իրականացրեց մոսկվաբնակ հայ Վախթանգ Սարգսյանը: Վախթանգ Սարգսյանի խոսքով` ոստիկանները պատրաստ են եղել նրան բերման ենթարկել, սակայն իրեն հաջողվել է շուրջ 40 րոպե կանգնել ՌԴ ԱԳՆ շենքի մոտ «Դադարեցրեք զենքի վաճառքը ագրեսոր Ադրբեջանին» գրությամբ պաստառով:

Այն, որ ամբողջ ռուսահայ համայնքից ընդամենը մի հոգի է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի կամ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն (ինչպես վերը նշեցինք, Իսրայելում, որը հանդիսանում է Ադրբեջանին զենքի մյուս մատակարարը, չնայած փոքր համայնքին եւ փոքր մատակարարումներին, այդպիսի ցույց եղավ), ունի երկու բացատրություն: Նախ, Ռուսաստանն առհասարակ բռնապետական երկրի է, ուր ցույցեր անելը ընդունված չէ, տեխնիկապես դժվար է եւ, որպես կանոն, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների դեմ: Սակայն, այդուհանդերձ, Ռուսաստանում ցույցեր լինում են… Եւ անգամ բավականին ուժգին ցույցեր:

Եւ ասյտեղ ռուսաստանաբնակ հայերի լռության երկրորդ պատճառն է ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է, ՌԴ-ում բավականին տարածված է ազգայնականությունը եւ այդ երկրում ազգային փոքրամասնություններն իրենց զգում են «2-րդ կարգի» իրավազուրկ մարդկանց կարգավիճակում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»

Related Posts: