Ռուսաստանը Թուրքիային հրավիրում է ԼՂՀ բանակցային գործընթաց

Երեւանում հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համաժողովի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնչած հայտարարությունները որոշակի եզրակացություններ անելու տեղիք են տալիս։

Մասնավորապես, ինչպես ցույց են տալիս զարգացումները, Ռուսաստանը ձախողել է հակամարտության կարգավորման իր ծրագիրը եւ այժմ հակամարտող կողմերի վրա ազդեցության նոր լծակներ է ցանկանում ներգրավել։

Փակուղին

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ներկա փուլում իրատեսական չէ եւ բանակցային գործընթացում առաջընթացն անհնար է, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ ԱՄՆ-ի նման հայտարարությունից հետո, սակայն, Մոսկվան չշտապեց փորձ կատարել ստանձնել հակամարտության կարգավորման նախաձեռնությունը։ Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե բանակցային գործընթացում Բաքվին փորձել են պարտադրել ճանաչել Ղարաբաղի կարգավիճակը, ցույց տվեցին, որ Հայաստանը, գոնե ժամանակավորապես, կարողացել է խուսափել կարգավորման ռուսական ծրագրից եւ մանեւրելով Ադրբեջանին «շրջաններ հանձնելու» խնդիրը, առաջ է մղել ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցը։

Այսպիսի պայմաններում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը հանդես է գալիս հայտարարությամբ, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում լավատեսության հիմքեր չկան։ Փաստացի, ինչպես Վաշինգթոնի դեպքում Քերիի հայտարարությունը, այնպես էլ Մոսկվայի դեպքում Ուշակովի հայտարարությունը թույլ են տալիս եզրակացնել, որ բանակցային գործընթացի միջնորդները ներկա փուլում չունեն բավականաչափ լծակներ կողմերի վրա՝ կարգավորումն առաջ տանելու համար։

Թուրքիան

Նման իրավիճակի ֆոնին ակտիվություն է ցուցաբերում Թուրքիան, որը հերթական անգամ փորձում է ներխուժել Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց։ Մասնավորապես, այդ երկրի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, վերահաստատեց Անկարայի ցանկությունը միանալ բանակցային գործընթացին։ Թուրք արտգործնախարարի խոսքերը կարելի էր դիտարկել որպես Թուրքիայի տարածաշրջանային ադրբեջանանպաստ քաղաքականության հերթական դրսեւորում, եթե չլիներ հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե բացի հայ-թուրքական սահմանը եւ ապաշրջափակի Ղարաբաղն ու Հայաստանը։

Բանակցային գործընթացի հետ Թուրքիայի առնչության վերաբերյալ Ռուսաստանի նման լոյալ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Մոսկվան պատրաստ է «հրավիրել» Ադրբեջանի վրա հսկայական ազդեցություն ունեցող Անկարային բանակցությունների սեղանի շուրջ եւ նույնիսկ հատուկ պայման է առաջադրում Թուրքիային, այն է՝ բացել սահմանները Հայաստանի հետ։ Ռուսաստանը, այդպիսով, անչափ իրական դարձնելով բանակցային գործընթացին Թուրքիայի ներգրավվածությունը, կարող է, մի կողմից, նոր լծակներ ստանալ Հայաստանին որոշումներ պարտադրելու համար, ինչպես նաեւ, կունենա Ադրբեջանի վրա ավելի լայն ու ավելի խորը ազդեցություն ունեցող բանակցային գործընկեր, որը, հարկ եղած դեպքում, որոշումներ կպարտադրի Բաքվին։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող