Ադրբեջանցի լրագրողի առևանգման միջազգային ռեակցիան

Մայիսի 30-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի առևանգումը հանդիսանում է բացահայտ անօրինության վառ օրինակ:

Փաստացի, խախտելով ներպետական օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերը՝ վրաց իրավապահների կողմից (կամ թույլտվությամբ) առևանգվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին և փոխանցվել ադրբեջանական կողմին, որտեղ նրան սպասվում է հաշվեհարդար իր քաղաքական հայացքների համար:

Պատմությունն այնքան աղմկոտ էր, որ արդեն հաջորդ օրը՝ մայիսի 31-ին հեղինակավոր իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով Վրաստանի կառավարությանը համապատասխան հետաքննություն իրականացնել:

Վաշինգտոնն ու Բրուսելը

Մուխտարլիի պատմությանն անդրադարձել են նաև պաշտոնական Վաշինգտոնն ու Բրյուսելը:

Մասնավորապես, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդարգրությունում նշվում է, որ պետքարտուղարությունը հետևում է Վրաստանի իշխանությունների գործողություններին ու կոչ է անում իրականացնել սպառիչ, թափանցիկ ու պատշաճ հետաքննություն:

Իր հերթին, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Վրաստանում բնակվող ադրբեջանի քաղաքացիների ենթադրյալ առևանգումը և ապօրինի ձերբակալությունը պահանջում են շուտափույտ, մանրամասն ու թափանցիկ հետաքննություն իրականացնել: Միևնույն ժամանակ, հայտարարությունում ողջունվում է Վրաստանում փաստի առթիվ հետաքննություն սկսելը:

Բացի սա, նշենք, որ Մուխտարլիի հետ տեղի ունեցածին արձագանքել են նաև Թբիլիսիում ԱՄՆ և ԵՄ դեսպանները: Մասնավորապես, ԱՄՆ դեսպանն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը հետևում է զարգացումներին, իսկ ԵՄ պատվիրակության ղեկավար Յանոշ Հերմանը մտահոգություն էր հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Մոսկվան

Սրա հետ մեկտեղ, սակայն, աչքի է զարնում փաստը, որ Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ այս աղմկոտ զարգացումները դուրս են մնում ՌԴ արտաքին օրակարգից այն աստիճան, որ դրան արձագանք չի կատարվում նույնիսկ ԱԳՆ խոսնակի մակարդակով:  Մայիսի 31-ին, մասնավորապես, երբ Մուխտարլիի առևանգման մասին գրում էր միջազգային մամուլը, Զախարովան այդ թեմային չանդրադարձավ իր մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո չեղան ռուս պաշտոնյաների որևէ պաշտոնական արձագանքներ:

Այնինչ, Ռուսաստանի ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում, այդ երկրների հետ բազմակողմանի փոխկապվածությունը պետք է անհրաժեշտ հիմք հանդիսանային արձագանքի համար: Մուխտարլիի դեպքը նաև հեռավոր նմանություն ունի Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքի հետ: Այն ժամանակ Բաքուն նույնպես Ադրբեջան էր բերել իր համար անցանկալի լրագրողի՝ այդ անգամ ՌԴ քաղաքացու՝ պարզապես առևանգելու փոխարեն օգտագործելով Մինսկի հետ պաշտոնական հարաբերությունները: Այն ժամանակ Մոսկվան արձագանքել էր հայտարարություններով, սակայն զերծ էր մնացել իր քաղաքացուն ազատելուն ուղղված կոնկրետ գործողություններից:

Մոսկվայի այսօրինակ լռությունը, թերևս, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մոսկվան վաղուց աչքի չի ընկել մարդու իրավուքնենրի նկատմամաբ հարգանքով:

Հայաստան

Թե ինչու՞ Մուխտարլիի պատմությանը չի արձագանքել հայկական կողմը, կարելի է բացատրել նրանով, որ Վրաստանի հետ քաղաքացիների ապօրինի ձերբակալման և արտահանձման մասին պայմանավորվածությունները գործում են նաև այստեղ, ինչի օրինակը «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի դեպքն էր, երբ նրան (ըստ իր բառերի) բռնել էին վրացի ոստիկանները և առանց որևէ ընթացակարգի պահպանման հանձնել հայ կոլեգաներին:

Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների միջև այդպիսի հանցավոր փոխգործակցությունն է թերևս, որ ստիպել է Երևանին զերծ մնալ պաշտոնյաների շուրթերից հնչող քննադատություններից ու սահմանափակվել տեղեկատվությամբ ու հանրային քննադատությամբ:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Լուսանկարը՝ Armtimes-ի

Առնչվող