Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ուժերի տեղակայումը ապօրինի է. Դանիել Իոաննիսյան (news.am)

Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ուժերի տեղակայումը ապօրինի է, քանի որ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրով նման բան նախատեսված չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ ձեւավորելու մասին։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այդ ուղղությամբ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։

«Ռուսաստանի իրավապահները այնքան իմպերիալիստական ընկալում ունեն, որ զորամասերից դուրս կարգուկանոն ապահովելու համար չեն դիմում Հայաստանի իրավապահներին։ Եթե խնդիրներ կան, պիտի դիմեն ՀՀ իրավապահներին, ինչը պարտավոր էին անել նաեւ Գյումրիում՝ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դեպքում։ Իրենք ուզում են, որ ՀՀ–ում իրենք խնդիրը լուծեն, որ հայաստանյան իրավապահները չզբաղվեն իրենց զինվորներով, այնինչ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրով այլ բան է նախատեսված։ Իրականում Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը գործելու որեւէ իրավասություն չունի, քանի դեռ այդ իրավասությունը չի հաստատվել միջպետական պայմանագրով։ Հայաստանի Ագզային ժողովը պետք է հավանություն տա դրան։ Չի կարող Հայաստանում որեւէ այլ երկրի իրավապահ մարմին տեղակայվի, քանի դեռ դրա վերաբերյալ չկա Հայաստանի համաձայնությունը»,–ասաց Դանիել Իոաննիսյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե ռազմական ոստիկանության տեղակայումը լինի բոլոր իրավական ընթացակարգերով, ապա գոնե իրավական տեսանկյունից խնդիր չի լինի, սակայն բանն այն է, որ մինչ այդ գործընթացները ռուսաստանյան շրջանակներից արդեն իսկ հայտարարում են, որ Գյումրիի ռամաբազայում արդեն տեղակայվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում, իսկ Երեւանում կլինի ամռանը։

«Առանց համաձայնագրով վավերացման այն տեղակայելը ապօրինություն է, իսկ վավերացումը մի քանի ամսվա հարց չէ, երկար պատմություն է, եթե մինչ դա արդեն իսկ հայտարարում են, որ տեղակայման գործընթացը սկսվել է, նրանք այդպիսով հայտարարում են, որ, կներեք, թքած ունեն Հայաստանի ինքնիշխանության եւ երկու երկրների կողմից ստորագրված համաձայնագրի վրա»։

Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ մինչ տեղակայումն էլ ռուսական կողմը գործել է այնպես, ինչպես ցանկացել է։ «2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ եւ կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին, վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրերի խախտումների համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահ պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն7 ժամ հետ, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր»:

www.news.am

Առնչվող