Քաղաքացիական անհնազանդության 10 օր. ամփոփում

05.05.2018 | 13:07 | Демократия и права человека

Извините, этот техт доступен только в “Армянский”. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Գյումրիից սկսեց «Իմ քայլը» շարժումը՝ ուղղված Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ապրիլի 13-ին շարժման անդամները մուտք գործեցին Երևան և սկսեցին համաժողովրդական ընդվզում, որն իր հանգուցալուծումը ստացավ ապրիլի 23-ին՝ արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականով:

Հատկանշական է, որ 2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական պահանջով ամենաբազմամարդ շարժումն էր: Այն աչքի ընկավ տարիքային և սոցիալական տարբեր խմբերի ակտիվ մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ. բողոքի ակցիաներ էին կազմակերպվում առանց բացառության Հայաստանի բոլոր մարզերում ու խոշոր բնակավայրերում:

Աշակերտների ազատության սահմանափակում

Հատկապես ապրիլի 16-ից սկսած՝ շարժումն աչքի ընկավ ուսանողների և դպրոցականների ակտիվ մասնակցությամբ: Այդ ընթացքում իրավապաշտպանների միացյալ թեժ գիծը առնվազն 25 ահազանգ է ստացել Հայաստանի տարբեր բնակավայրերից (Երևան, Մասիս, Հրազդան, Իջևան, Էջմիածին, Արարատ, Արմավիր) այն մասին, որ դպրոցների տնօրենները փակել են դպրոցի դուռը և թույլ չեն տալիս աշակերտներին միանալ ցուցարարներին:

Այս հարցի շուրջ բազմաթիվ շահարկումներ եղան սոցցանցերում, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչների կողմից, որ «անչափահասները հանրահավաքին մասնակցել չեն կարող և չի կարելի նրանց օգտագործել քաղաքական նպատակներով»:  

Այս առումով տեղին է հիշեցնել ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածը, որի առաջին մասում նշվում է՝ «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք»: Նկատենք, որ այստեղ հանրահավաքին մասնակցելու տարիքային սահամանափակում չի դրվում:

Տարիքային սահմանափակում չի դրվում նաև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածում, որտեղ ասվում է. «Մասնակից պետություններն ընդունում են միավորումների մեջ մտնելու և խաղաղ հավաքների մասնակցելու երեխայի ազատության իրավունքը»: Այս դրույթը ամրապնդվում է նաև ՀՀ Երեխաների իրավունքների մասին օրենքի 21-րդ հոդվածում. «Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք»:

Հետևաբար, քաղաքացիների՝ խաղաղ հանրահավաքներին մասնակցելու հարցում որևէ տարիքային սահմանափակում չկա, իսկ ցույցերի ոչ խաղաղ բնույթը փաստել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Ոստիկանության գործողությունները

Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունն աչքի է ընկել մի շարք ապօրինի գործողություններով:

Այսպես, ոստիկանության գործողություններն ակտիվիստների նկատմամբ սկսվել են ապրիլի 16-ից, երբ ցուցարարները պատրաստվում էին մեքենաներով փակել փողոցները: Իրավապաշտպանների միացյալ թեժ գծի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ գրանցվել է ամենատարբեր պատճառաբանություններով մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխելու մոտ 500 դեպք:  

Բացի այդ, ոստիկանությունը երկու անգամ կիրառել է հատուկ միջոցներ՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի փողոցում, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 30 մարդ:

Բերման ենթարկված քաղաքացիներին իրավական աջակցություն ցուցաբերած փաստաբանների գնահատականների համաձայն՝ ընդհանուր առմամբ ոստիկանական բաժիններում բերման ենթարկվածների նկատմամբ վերաբերմունքը եղել է դրական: Այնուամենայնիվ, դեպքերի մեծ մասում ցուցարարները բերման են ենթարկվել բռնի ուժով, հայհոյախառն արտահայտություններով: Մի շարք դեպքերում նրանք ոստիկանական բաժիններ են տեղափոխվել քաղաքացիական պետհամարանիշերով ավտոմեքենաներով, անհիմն կերպով անազատության մեջ են պահվել ավելի քան 3 ժամ:

Մինչև ապրիլի 23-ը, ըստ իրավապաշտպանների միացյալ թեժ գծի տեղեկությունների, բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի, նրանցից առնվազն 55-ը՝ անչափահաս: Ձերբակալվել է 58 քաղաքացի, այդ թվում մեկ անչափահաս, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել ապրիլի 23-ին:

Լրագրողներ և իրավապաշտպաններ

Ապրիլի 21-ից ոստիկանության կողմից թիրախավորվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մասնավորապես, այդ օրը բերման է ենթարկվել և ձերբակալվել Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ, անօրինական հավաքներ կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով:

Նույն օրն ավելի ուշ Գյումրիի կայարանից քաղաքացիական պետհամարանիշներով ավտոմեքենայով բերման է ենթարկվել և նույն կասկածանքով ձերբակալվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:  

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Վերջինս նույն օրն ազատ է արձակվել օմբուդսմեն Արման Թաթոյանի համապատասխան պահանջից հետո:

Ցույցերի և անհնազանդության ակցիաների օրերին բազմիցս խոչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը՝ թե՛ ոստիկանության աշխատակիցների, թե՛ քաղաքացիական հագուստով կամ դիմակավորված անձանց կողմից:

Ըստ ՀՀ դատախազության տվյալների՝ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների աշխատանքները խոչընդոտելու 17 դեպք, դրանցից 12-ը (14 լրագրողի նկատմամբ) պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ: 11 դեպքի առթիվ (13 լրագրողի նկատմամբ) արդեն հարուցվել են քրեական գործեր:

Ամփոփում

Այսպիսով, ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպված ցույցերը կրել են խաղաղ բնույթ, առաջին անգամ քաղաքական բողոքի ցույցերին մասնակցել են դպրոցականները: Ոստիկանության գործողությունները հատկապես ապրիլի 17-23-ը եղել են հիմնականում ոչ իրավաչափ, թիրախավորվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, քաղաքացիները բերման են ենթարկվել հիմնականում բռնի ուժով, մի շարք դեպքերում՝ քաղաքացիական պետհամարանիշերով ավտոմեքենաներով:

 

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 


Читайте также