Հանրությունից գաղտնի է պահվում ԵՏՄ ինտեգրացիայի գործընթացը. Գործը դատարանում է

Արդեն մի տարի է, ինչ Հայաստանը բռնել է Եվրասիական ինտեգրացիայի ուղին: 2014 թվականի հունիսին արդեն պատրաստ էր Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիրը:

Բացի այդ, մենք արդեն կես տարի է, ինչ լսում ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող թվով 900 ապրանքատեսակներից մեծ մասի գծով Մոսկվայի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ԵՏՄ անդամակցելուց հետո դրանց մաքսազերծման գները չթանկացնելու վերաբերյալ:

Սակայն, պարզվում է, որ ոչ այդ 900 ապրանքատեսակների, ոչ էլ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին մեր երկրի հանրությունը «չպետք է իմանա»: Այսպիսով, Արտաքաին Գործերի նախարարությունը, չբերելով որևէ իրավական հիմնավորում, մերժում է պայմանագրի նախագծի տրամադրումը:

Իսկ ահա Էկոնոմիկայի նախարարությունը բերում է իրավական երկար մեջբերումներ, որոնք հակասում են օրենքին և որոնցից ստացվում է, որ այդ 900 ապրանքների ցանկը ծառայողական օգտագործման համար է (թեև, նախարարությունը չի պնդում, որ դա գաղտնի է):

Օրենքի պահանջը` առ ոչի՞նչ

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասն ասում է, որ «Յուրաքանչյուրանձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը»:

Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է`
«Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝

1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները»:

Ոչ պայմանագրի նախագիծը, ոչ էլ 900 ապրանքների ցանկը չեն հանդիսանում պետական, ծառայողական, բանկային, բժշկական, նոտարական, փաստաբանական կամ առևտրային գաղտնիք, չեն պարունակում որևէ մեկի անձնական տեղեկությունները, չեն հանդիսանում նախաքննության նյութ և չեն առնչվում հեղինակային իրավունքի հետ:

Ու թեև ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, այն հանդիսանում է ծառայողական օգտագործման բնույթի փաստաթուղթ: «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Սույն օրենքի պահանջները չեն տարածվում այլ տեսակի կամ բնույթի («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող, ինչպես նաև առևտրատնտեսական ու գործունեության այլ բնագավառի) տեղեկությունների վրա»: Այսինքն, եթե փաստաթուղթը անգամ պարունակում է «Ծառայողական օգտագործման համար» նշումը, դա չի նշանակում, որ այն պետական կամ ծառայողական գաղտնիք է:

Գործն արդեն դատարանում է

Այսպիսով, ՀՀ արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարությունները, խախտել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչով, նաև խախտել են ժողովրդավարական պետության հիմունքները` թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Ի վերջո, ինչպե՞ս կարող են Հայաստանի քաղաքացիները օբյեկտիվ կարծիք ձևավորել Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, եթե տեղեկությունների զգալի մասը գաղտնի է պահվում:

Հենց այս պատճառներով՝ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Հասարակական Կազմակերպությունը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարությունների` դատարանից պահանջելով հրապարակել համապատասխանաբար Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծն ու արտոնություններ ստացած ապրանքների ցանկը: Հավելենք, որ հայցերն ընդունվել են վարույթ և ԱԳՆ-ի դեմ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին:

Առնչվող