Ղարաբաղյան պատերազմի միջազգային արձագանքը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել է լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Ամփոփելով ապրիլի 3-ի երեկոյի դրությամբ միջազգային արձագանքները՝ կարող ենք արձանագրել, որ միջազգային խաղացողները մեծ մասամբ հանդես են գալիս լղոզված անհասցե հայտարարություններով՝ հիմնականում կոչ անելով կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերսկսել բանակցությունները:

Երկրները

ՌԴ-ն եւ Ֆրանսիան ԼՂՀ սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես են եկել նախագահների մակարդակով հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղորեն դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է զանգահարել Ալիեւին, հայտնել զորակցություն եւ ցավակցել սպանված ադրբեջանցի զինվորին կապակցությամբ՝ չմոռանալով հորջորջալ Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության մասին: Մոտավորապես նույնն է անում նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն՝ զանգահարելով Ալիեւին եւ հենց նրանից հետաքրքրվելով վերջինիս ձեռնարկած ագրեսիայի մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով հայտարարություններ են տարածել Գերմանիան, Նորվեգիան, Թուրքիան, Բելառուսը, Ղազախստանը, Միացյալ Նահանգները: Եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ն կոչ են անում կողմերին (անհասցե) դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Անկարան աջակվում է Բաքվի գործողություններին, իսկ Երեւանում Բելառուսի դեսպանը կանչվում է ՀՀ ԱԳՆ՝ բացատրությունների տալու իր երկրի, որը Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, ոչ ադեկվատ պահվածքի համար:

Բաքվում Պակիստանի դեսպանը հայտարարում է, որ Իսլամաբադը կաջակցի Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանն անդրադառնում է նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնը՝ կողմերին ուղղված կոչով՝ դադարեցնել ռազմական գործողությունները:

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ապրիլի 3-ին հանդես է գալիս հայտարարությամբ. «Իրանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»:

 

Միջազգային կազմակերպություններ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին են անդրադառնում նաեւ միջազգային կազմակերպությունները: Մասնավորապես՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է անում դադարեղնել բռնությունները հակամարտության գոտում, իսկ ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը հաջողացում է ասել, թե իբր պետք է «ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, հայկական զորքերը հեռացնել Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

ԵԱՀԿ

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների առաջին օրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեր էնդրյոն (Ֆրանսիա), հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում եւ մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ: Այս  անորոշ եւ անհասցե հայտարարությանը նախորդել էր տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկող շաբաթվա ընթացքում (իմա՝ ապրիլի 4-ից հետո) հանդիպում կանցկացնեն Վիեննայում: Ավելի ուշ՝ արեն ապրիլի 3-ին, ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնեց, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, տեղի կունենա համանախագահների հանդիպումը, իսկ ապրիլի 5-ին արդեն տեղի կունենա ողջ խմբի հանդիպումը:

ՀԱՊԿ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առաջին օրը՝ ապրիլի 2-ին, հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վադիմիր Զայնետդինովը՝ ընդգծելով, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են:

«Ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում բերում են իրավիճակի սրման եւ հակամարտության»,- մասնավորապես՝ ասաց Զայնետդինովը: Վերջինս ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ կազմակերպության քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:

Դաշնակիցների բաշխումը

Ի մի բերելով սույն տեղեկությունները, կարող ենք արձանագրել, որ միջազգային արձագանքները հիմնականում նեյտրալ են: Որոշ չափով «հայանպաստ» է ՀԱՊԿ-ի հայտարարությունը, քանի որ դրանում ռազմական գործողությունների պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի վրա: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պահվածքը հակասում է կազմակերպության դիրքորոշմանը եւ որոշ չափով կասկածներ առաջացնում այդ կառույցի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: Սրան ի հակառակ, Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցադրում Ադրբեջանին, որին կարծես թե սատարում է նաեւ հայատյաց Պակիստանը:  Հեգնանք է թե չէ, բայց այս պահի դրությամբ փաստ է, որ ադրբեջանական կողմին աջակցություն հայտնածների թվում է դասվում նաեւ Հայաստանի այսպես կոչված դաշնակից ու գործընկեր Բելառուսը:

Վահե Ղուկասյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող