«Ամեն ինչ անում են, որ Գեւորգ Կոստանյանի նամակը ջրի երես դուրս չգա». Դանիել Իոաննիսյան

Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ գլխավոր դատախազության գործով դատական նիստին այսօր հ/կ-ից ներկայացուցիչ չէր ներկայացել: Հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նիստի օրը շփոթել էին մեկ այլ օրվա հետ ու չներկայանալու պատճառը դա էր: Վարչական դատարանում քննվող հ/կ-ի հայցով դատարանն այսօր լրացուցիչ դատաքննություն էր նշանակել, թեեւ այսօր պետք է վճիռը հրապարակվեր, բայց անսպասելիորեն դատարանը հարկ էր համարել դատաքննության լրացուցիչ օր նշանակել: Հիշեցնենք, որ հ/կ-ն  հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը: Հիշեցնենք, որ նամակը վերաբերում էր Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի գործին, Գեւորգ Կոստանյանը ռուս գործընկերոջը դիմել էր սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Դանիել Իոաննիսյանի խոսքով, իրենք Կոստանյանի նամակը տրամադրելու խնդրանքով դիմել են անմիջապես Դատախազությանը, բայց մինչ օրս պատասխան չեն ստացել: Դանիել Իոաննիսյանի համոզմամբ. «Դատարանը ներկայացված փաստերով չէր կարող որոշում կայացնել, հիմա ուզում են նոր փաստեր քննել ու վերհանել, որ մերժեն իմ հայցը: Վերսկսել են դատաքննությունը, ամեն ինչ անում են, որ այդ նամակը ջրի երես դուրս չգա, որովհետեւ երկու տարբերակ կա՝ կամ այդ նամակը ուղղակի գոյություն չունի, ու դատախազը բոլորին ստել է, թե նամակ է ուղարկել, կամ էլ այդ նամակում այնպիսի սարսափելի բաներ են գրված, որ կխայտառակեն եւ դատախազին եւ դատախազությանը»: Դանիել Իոաննիսյանի խոսքով, դատախազությունը նամակի պատճենը չտրամադրելու որոշումը դատարանում հիմնավորել էր դրա՝ նախաքննական գաղտնիք լինելու հանգամանքով, մինչդեռ, ըստ Իոաննիսյանի, նախաքննությունն այդ գործի վաղուց ավարտվել է ու Գյումրիում շուտով կավարտվի Պերմյակովի գործով դատաքննությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/06/689010/

Առնչվող