ԼՂՀ ժողովրդավարության ցուցանիշը

06.10.2016 | 17:36 | Արտաքին քաղաքականություն

Թեև ժամանակակից միջազգային համակարգը չունի չճանաչված հանրապետությունների ճանաչման կոնկրետ օրենսդրական մոդել, այդուհանդերձ դե-ֆակտո ժողովրդավար պետությունները կոնկրետ նախապայմանների համապատասխանելու և ձևավորված պետականություն հանդիսանալու դեպքում կարող են հավակնել միջազգային ճանաչման: Արցախի դեպքում, առավելագույնս ժողովրդավար լինելը միջազգային հանրության առաջ ևս մի բանակցային խաղաքարտ է հայկական կողմի ձեռքում՝ ընդդեմ քաղաքական ազատություններից բացարձակապես զուրկ Ադրբեջանի: Այդ նախապայմաններից մեկը ժողովդրավարության ստանդարտներին հետևելն է: Արդ, եկեք քննարկենք, թե որքանո՞վ է Լեռնային Ղարաբաղը համապատասխանում է այդ ստանդարտներին:

Ըստ ԼՂՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է»: Այդուհանդերձ, իրական պատկերն այսօր՝ ԼՂՀ անկախացումից քառորդ դար անց, դեռ տարբերվում է սահմանադրությամբ հռչակվածից:

Միջազգային «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպությունը, դիտարկելով ԼՂՀ-ն քաղաքական ազատության տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը բնութագրում է որպես մասնակիորեն ազատ պետություն: Ավելին՝ 7 բալանոց համակարգով (որտեղ 1-ը լավագույն ցուցանիշն է, իսկ 7-ը՝ վատագույնը) ԼՂՀ-ն, ըստ «Ֆրիդոմ Հաուսի», 2016-ին ստացել էր 5 միավոր: 7 միավորանոց համակարգում 5 միավոր ստանալը վկայում է քաղաքական ազատությունների և ժողովրդավարական սկզբունքների զգալի խախտումների մասին: Ուշագրավ է, որ 2010 թվականի մայիսին ԼՂՀ պառլամենտական ընտրությունների ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցության բացակայության պատճառով «Ֆրիդոմ Հաուս»-ը ԼՂՀ-ն համարում էր ոչ ազատ (6 միավոր), սակայն 2010-ի հուլիսին նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության թույլատրման շնորհիվ կրկին դարձավ մասնակիորեն ազատ: Փաստացի Լեռնային Ղարաբաղը անցյալ 5 տարիներին ոչ միայն որևէ դրական զարգացում չի ապրել քաղաքական ազատությունների տեսանկյունից, այլ նաև հաջողացրել է որոշակի ժամանակահատվածով ժողովրդավարական հետաճ գրանցել:

ԼՂՀ-ն այսօր ունի մի շարք խնդիրներ ժողովրդավարության ոլորտում: Առաջնային խնդիրներից է մամուլի ազատությունը: Հեռարձակվող միակ հեռուստաալիքը ունի հստակ իշխանամետ կողմնորոշում, իսկ թերթերը բացառապես պատկանում են իշխող քաղաքական ուժերին:

Հասարակական կազմակերպությունների գործունեությունն Արցախում զգալիորեն ավելի բարդ է, քան Հայաստանում: Պատճառը ֆինանսավորման բացակայությունն է՝ գրեթե ոչ մի միջազգային կազմակերպություն չի ֆինանսավորում ժողովրդավարության զարգացմանն ուղղված որևէ ծրագիր ԼՂՀ-ում, ինչը էլ ավելի է բարդացնում առողջ ընդդիմադիր մտածելակերպի ստեղծումը:

Թեև մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում վերոհիշյալ «Ֆրիդոմ Հաուսը», 2015 թ. մայիսին կայացած ԼՂ խորհրդարանական ընտրությունները համարում են զգալիորեն ավելի ժողովրդավար, քան նախկին ընտրությունները, այդուհանդերձ ընդդիմությունը ԱԺ-ում լիարժեք ներկայացված չէ: Ավելին՝ այս տարվա հունիսին ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի վրա հարձակումն ու մեղավորիների պատասխանատվության չկանչումը վկայում են, որ ընդդիմության ներկայացուցիչները ոչ միայն չունեն հավասար պայմաններ ԼՂՀ պատգամավոր դառնալու համար, այլև՝ դառնալուց հետո կարող են ենթարկվել ճնշումների:

ԼՂՀ քաղաքական ղեկավարության համար բռնի մեթոդներին նախապատվության տալու ևս մի օրինակ էր 2015 թվականի ձմռանը Նախախորհդրարանի ներկայացուցիչներին Հայաստան-Ղարաբաղ սահմանին ԼՂՀ ոստիկանության կողմից հարձակման և ծեծի ենթարկելը: Փաստորեն՝ Արցախ այցելող անձանց քաղաքական հայացքները չհավանելու դեպքում, ԼՂՀ կառավարությունը նորմալ է համարում այդ մարդկանց դաժան ծեծի ենթարկելը:

Այսպիսով՝ թեև պաշտոկանական քարոզչությունը ԼՂՀ-ում պարբերաբար շեշտում է, որ անսահմանափակ քաղաքական ազատությունները կարող են թուլացնել Արցախի անվտանգությունն ու արտաքին վտանգն էլ ավելի զգալի դարձնել, այդուհանդերձ, իրականում ժողովդրավար պետական համակարգի անցումը կարող էր իրականում լուծել ԼՂՀ արտաքին խնդիրների մի մասը, քանի որ կավելացներ միջազգային հանրության շրջանակներում ԼՂՀ-ի բարեկամների թիվը՝ ավելացնելով ճնշումը Ադրբեջանի վրա:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև