Ինչի՞ց զրկվեց Հայաստանը՝ հրաժարվելով ԵՄ հետ ասոցացումից

19.12.2014 | 16:33 | Արտաքին քաղաքականություն, Եվրասիական միություն

2013-ի օգոստոսին, երբ Հայաստանն արդեն ավարտել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, Հայաստանի կառավարությունը կազմեց մի փաստաթուղթ, որի հիման վրա ԵՄ-ն Հայաստանին 4 միլիարդ, 865 միլիոն եվրո դրամաշնորհ կարող էր տալ։ Հայեցակարգի վերնագիրն է՝ «Արդիականացնելով Հայաստանը» (Upgrading Armenia)։ Այն նախատեսվում էր ներկայացնել Եվրամիության դոնորներին՝ այն բանից հետո, երբ Հայաստանը կնախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը։

52 էջանոց հայեցակարգում ներկայացված է, թե այդ 4.8 մլրդ եվրոն որ ոլորտների համար է և ինչպես ու ինչ ժամկետներում է նախատեսվում ստանալ: Այսպես, 556 մլն եվրոն նախատեսվում էր ստանալ 2014-2015 թվականներին և մոտ 4.3 մլրդ-ը՝ 2016-2025 թվականներին:

Այդ թվում` մոտ 500 միլիոն եվրո Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման համար, մոտ 650 միլիոն եվրո Հյուսիս-Հարավ ճանապարհի համար, մոտ 1,8 միլիորդ եվրո ջրային աղբյուրների և ջրահեռացման բարելավման համար, մոտ 500 միլիոն եվրո` ոռոգման համակարգերի համար, մոտ 340 մլն եվրո` ամբարտակների վերակառուցման և նոր ամբարտակների շինարարության համար, մոտ 460 մլն եվրո` դպրոցների վերանորոգման համար և այլն:

Շեշտենք նորից, որ այս ամենը դրամաշնորհների (և ոչ թե վարկերի) տեսքով էր նախատեսվում ստանալ Եվրամիությունից։ Եվ ծրագիրը ձախողվեց մեկ պատճառով՝ 2013թ-ի սեպտեմբերին Հայաստանը, որոշելով մտնել Եվրասիական տնտեսական միություն, զրկվեց այլ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու իրավունքից:

Այս 4.8 միլիարդ եվրոն, սակայն, մի մասն է միայն այն օգուտների, որ Հայաստանը կարող էր ստանալ՝ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելով, և որից Հայաստանը զրկվեց՝ որոշելով մտնել ԵՏՄ։

Այսպես, Ասոցացման համաձայնագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանագիր (DCFTA): Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում։ Արդյունքում, մի քանի տարի հետո, ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության (http://trade.ec.europa.eu/doclib/docs/2013/july/tradoc_151659.pdf), Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2․3% տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146 միլիոն դոլարով։

Հայաստանից արտահանման ծավալները կարճաժամկետում ավելանալու էին 11, իսկ երկարաժամկետում՝ 15 տոկոսով։

Միաժամանակ ասոցացման պայմանագրի շնորհիվ Հայաստանում ներմուծվող եվրոպական ապրանքների ուժեղ մրցակցությունը հանգեցնելու էր սպառողական ապրանքների՝ սովորականից 1,2 տոկոսով քիչ գնաճի կարճաժամկետում։

Ըստ զեկույցի, Հայաստանի ներսում շուկայական մրցակցության ուժեղացումը հանգեցնելու էր նաև նրան, որ լրացուցիչ խթան առաջանար աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ։ Այսպես, ինչպես բարձր որակավորում ունեցող, այնպես էլ՝ ցածր որակավորում ունեցող աշխատողների աշխատավարձերը երկարաժամկետում աճելու էին մոտ 2.7 տոկոսով։ Ընդ որում՝ բարձր որակավորում ունեցողների աշխատատեղերի թիվը, ըստ զեկույցի, կավելանար 7%-ով։

Ավելին, աղքատությունը, ինչպես ծայրահեղ, այնպես էլ՝ ընդհանուր, որոշ չափով կնվազեր Հայաստան-ԵՄ մաքսատուքերի զրոյացման ու տնտեսության վիճակի բարելավման արդյունքում։

Ամփոփելով կարող ենք ասել, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով Հայաստանը ոչ միայն տնտեսական վնասներ է կրելու (ինչի մասին արդեն բազմիցս խոսվել է), այլև զրկվել ու է տնտեսական այն հսկայական հնարավորություններից ու օգուտներից, որոնք կլինեին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում։

 

Հրայր Մանուկյան
“Իրազեկ Քաղքացիների Միավորում”


Կարդացեք նաև