Հայկական քաղաքացիական հասարակությունը, արևմուտքն ու Ռուսաստանի շահերը

Արդեն սովորական երևույթ է դարձել, երբ ականատես ենք լինում, թե ինչպե՞ս են Ռուսաստանցի պաշտոնյաները առաջարկում, որպեսզի Հայաստանում քաղհասարակության վրա հսկողությունն ուժեղացվի: Այս անգամ նմանօրինակ առաջարկ է արել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

 

Չկա քարոզչություն, բայց կան դրա գործիքնե՞րը

 

Հոկտեմբերի 31-ին Լեպեխինը «Նովոստի-Արմենիային» տրված հարցազրույցում նշել էր, որ ՌԴ-ն Հայաստանում ինֆորմացիոն պատերազմի չի մասնակցում: Այս մեկնաբանությունը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այն արվել է ռուսալեզու լրատվամիջոցին տրված հայտարարությունում: Հայաստանում հեռարձակվում են ռուսական պետական հեռուստաալիքներ, որոնք հայտնի են կոպիտ քարոզչությամբ (որն անգամ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը չշրջանցեց, ինչպես օրինակ Էլեկտրիկ Երևանը): Բացի այդ, Երևանում տպվում են ռուսալեզու թերթեր և հրատարակվում կրեմլյան այլ ԶԼՄ-ներ:

 

Մշակութային ասիմիլիացիա, թե՞ նույնություն

 

ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրենը, քննադատելով արևմուտքի քաղաքականությունը, նշել էր, որ այն նպատակ ունի մշակութային ասիմիլիացիա իրականացնել: Հարց է առաջանում՝ ինչ ասիմիլիացիայի մասին է խոսքը: Հայաստանը, լինելով քրիստոնյա երկիր, արժեհամակարգի և մշակույթի տեսանկյունից միանշանակ եվրոպական մշակույթի կրողն է: Հայաստանի պատմությունն անցած 2000 տարիներին, բացառությամբ սովետական շրջանի, անցել է Արևմուտքի հետ սերտ մշակութային կապի առկայությամբ՝ սկսած Գառնու տաճարի ճարտարապետական ձևից վերջացրած Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությամբ այսօր: Դժվար է ասիմիլացվել մի բանի հետ, որի կրողն ու, առավել ևս, կերտողներից մեկն էլ դու ինքդ ես:

Ավելին՝ եթե խոսք է գնում ասիմիլիացիայի մասին, ապա Ռուսաստանն է միակ երկիրը, որը ձգտում է Հայաստանին պարտադրել իր լեզուն, իր օրենքները, իր մշակույթը, ընդ որում ոչ միայն քարոզչությամբ, այլ հստակ քաղաքական հայտարարություններով և ճնշումներով:

Դժվար է պատկերացնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին կամ այլ պաշտոնյայի՝ անգլերենը Հայաստանում պաշտոնական լեզու դարձնելու մասին հայտարարություն անելիս: Ու թեև միջազգային հաղորդակցության թիվ մեկ լեզուն հենց անգլերենն է, միևնույնն է, ՌԴ կառավարության ներկայացուցիչները բազմիցս առաջարկել են ռուսերենը դարձնել պաշտոնական լեզու Հայաստանում: Մի երկրում, որտեղ բնակչության մոտ 98 տոկոսը հայերն են կազմում, այսպիսի առաջարկությունները հստակ ՀՀ շահերից չեն բխում:

 

«Օբյեկտիվ» ինֆորմացիա չտարածելու դեպքում կփակենք

 

Լեպեխինը նաև նշել էր, որ ռուսական լրատվամիջոցները, ի տարբերություն արևմտյանների, զբաղվում են օբյեկտիվ ինֆորմացիայի տարածմամբ և Հայաստանում քարոզչությամբ զբաղվելու ցանկություն չունեն: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները անկախ գործունեություն ծավալելու իրավունք գրեթե չունեն, իսկ լրատվական դաշտի վերահսկման տեսանկյունից ՌԴ-ն առաջատար երկիր է: Այսպես, օրինակ, 2015-ին ՌԴ կառավարությունը փակեց ռուսական անկախ TV-2 հեռուստաալիքը Տոմսկում, ընդ որում անօրինական ձևով՝ լրատվամիջոցի արտոնագիրը դեռևս չէր սպառվել և այն որևէ խախտում չէր կատարել, հետևաբար՝ որոշումը բացառապես քաղաքական էր: Դաժան ճակատագրի արժանացան նաև ռուսական այլ անկախ լրատվամիջոցներ (TVRain, RBK, Lenta.ru և այլն):

Փոխարենը, կրեմլից ահռելի դոտացիաներ ու աջակցություն են ստանում Մոսկվայի քարոզչությունը առաջ մղող հեռուստաալիքները՝ НТВ, «Ռոսսիյա», RT, 1-ին ալիք և այլն:

 

«Օտարերկրյա գործակալներն» ու այլակարծությունը

 

Սակայն, երևի թե ամենավտանգավորը Հայաստանի համար այն է, որ ռուսական պաշտոնատար անձիք բազմիցս նշում են, որ Հայաստանը պետք է հետևի ՌԴ օրինակին և փակի արևմտյան ու արևմտամետ կազմակերպությունները՝ ընդունելով այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:

Հիշեցնենք, որ այսպիսի օրենք Ռուսստանում ընդունվել է 2012 թ.-ին: Ըստ դրա՝ ցանկացած կազմակերպություն, որը դրսից ֆինանսավորում է ստանում և զբաղվում է աղոտ ձևակերպված «քաղաքական գործունեությամբ», պարտավոր է գրանցվել որպես «կազմակերպություն, որը կատարում է օտարերկրյա գործակալի ֆունկցիաներ»:

Ընդ որում, որ «քաղաքական գործունեություն» սահմանումը կարող է ընդգրկել ամեն ինչ՝ սկսած սպառողների իրավունքներից, վերջացրած բանակում անհասկանալի պայմաններում զոհված զինվորների մահվան դեպքերի ուսումնասիրությամբ:

Նմանօրինակ օրենքի առկայությունը թույլ կտար ՀՀ կառավարությանը իսպառ վերացնել ցանկացած այլակարծության դրսևորում, ինչպես դա արդեն գրեթե ամբողջապես արվել է ՌԴ-ում:

 

Ինչու՞ դա դուր չի գալիս ՌԴ-ին

 

Ակնհայտ է, որ Հայաստանյան հասարակական դաշտը և հասարակական կազմակերպությունների գործունեությունը դուր չի գալիս Կրեմլին: Մինչդեռ ԵՄ և ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում գործող և Կրեմլի կողմից բազմիցս քննադատված հասարակական կազմակերպությունները զբաղվում են ժողովրդավարության տարածմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանվածության, մամուլի ազատության, օրենքի գերակայության, այլակարծության իրավունքի և այլ նմանօրինակ արժեքների ամրապնդմամբ: Արժեքներ, որոնք ոչ միայն համամարդկային են, այլև ամրագրված են ՀՀ սահմանադրության մեջ… Սակայն դրանց տարածումն, ըստ ամենայնի, հակասում է Կրեմլի պլաններն:

 

Հ.Գ. Վերջում նշենք, որ Լեպեխինի ղեկավարած ԵվրԱզԷս-ի ինստիտուտը ստեղծվել է 2010թ.՝ ԵԱՏՄ ինտեգրացիոն և քաղաքակրթական գործընթացների ուսումնասիրության և ինտեգրացիային նպաստելու նպատակով: Վերոնշյալ հարցազրույցից, սակայն, հստակ պարզ է, որ այս ինստիտուտը չեզոք ու օբյեկտիվ դիրքորոշում չունի, իսկ նրա խնդիրն ինտեգրացիան կամ դրա ուսումնասիրությունը չէ, այլ՝ ՀՀ ասիմիլացումը և ենթարկումը Ռուսաստանի խաղի կանոններին:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող