ՀՀ-ից ՌԴ արտահանման թուրքական հետքը

Համաձայն պաշտոնական վիճակագրության 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 70 տոկոսային կետով: Սակայն այս աճը էական աշխուժացում ՀՀ տնտեսության մեջ չի մտցրել։ Եկեք քննարկենք, թե ինչպե՞ս, ի՞նչ ապրանքների հաշվին և ի՞նչ հանգամանքներում է այսպիսի աճ ստացվել:

Նախ և առաջ սկսենք այն հանգամանքից, որ նշած 70% աճր գրանցվել է նախորդ տարվա կտրուկ կրճատման ֆոնին: 2015թ. ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կատարվող արտահանումը նվազել է՝ հասնելով մինչև 256.2 մլն դոլարի 2014 թ. 324.6 մլն դոլարի համեմատությամբ: Ուստի գրանված այս աճը մասամբ կարելի է որակել վերականգնողական աճ նախորդ տարվա անկման ֆոնին: Սրա մասին է վկայում այն, որ 2014թ. հունվար-հուլիսին, երբ Եվրասիական տնտեսական միությունը դեռևս չէր գործարկվել, ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 174.1 մլն դոլար՝ 2016թ. 205.4 մլն դոլարի համեմատությամբ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ից արտանահումը դեպի ԵԱՏՄ դրա ձևավորման պահից սկսած ավելացել է ընդամենը 18%-ով:

Սակայն անգամ այդ 18 տոկոսանոց աճն էլ «մութ» հիմքեր ունի: Արդ փորձենք հասկանալ, թե որ ապրանքատեսակների արտահանումն է  իրականում ավելացել և ո՞վ է իրական արտահանողը:

«Անհասկանալի» թվեր

Եթե փորձենք գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ ապրանքների հաշվին է տեղի ունեցել արտահանման այսպիսի կտրուկ աճը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն արտահանման աճ տեղի է ունեցել այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գծով Հայաստանն ինքը հանդիսանում է ներմուծող երկիր և որոնց արտադրությունը Հայաստանում ոչ այնքան մխիթար վիճակում է: Մասնավորապես, 2015թ. համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ 2016թ. առաջին կիսամյակում ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է  պանրի և կաթնաշոռի արտահանումը, ավելի քան 300% աճ է գրանցել խավիարի և պատրաստի ձկան արտահանումը: Նույն ժամանակահատվածում ավելի քան 9,6 անգամ աճել է պատվաստանյութերի արտահանումը, 5,8 անգամ՝ տարբեր բանաջարեղենների, 8,3 անգամ՝ կավի, և 3,6 անգամ ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների և այլ սարքավորումների արտահանումը:

Այս աճը խիստ զարմանալի է, քանի որ Հայաստանում այս ապրանքների արտադրության աճ տեղի չի ունեցել, իսկ որոշ ապրանքներ ընհանրապես երբեք չեն արտադրվել:

Ինչն էլ ավելի զարմանալի է, արտահանման ապրանքային կառուցվածքում հայտնվել են ապրանքներ, որոնց գծով ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ նախկինում գրեթե զրոյական է եղել: Ամենաակնառուն գործվածքների, կտորեղենի, տրիկոտաժի, տղամարդկանց և կանացի հագուստեղենի հոդվածների գծով (61 և 62  երկնիշ դասակարգման հոդվածներ) արտահանման ավելացումն է 21 մլն ԱՄՆ դոլարի չափով:

Թուրքական հետքը

Այս տվյալներից ավելի քան ակնհայտ է դառնում, որ արտահանման 70% աճը ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ արդյունք է  Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման:

Ինչպես գիտենք, 2015թ. ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում Ռուսաստանը էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների ներմուծման վրա, ինչի արդյունքում թուրքական ապրանքները դեպի Ռուսաստան իրենց ճանապարհը գտան Հայաստանի միջոցով: Դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող այնպիսի ապրանքների գծով, ինչպիսիք են օրինակ ծիրանը, դեղձը, մրգային հյութերը, գարեջուրը, հանքային ջրերը, բանջարեղենի որոշ տեսակները  և այլ նմանատիպ ապրանքները, արտահանման ծավալները նկատելիորեն կրճատվել են:   Ուստի և կարելի է եզրակացնել, որ ընթացիկ տարում Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման կտրուկ աճը մեծապես պայմանավորված է եղել ոչ թե եվրասիական ինտեգրացմամբ և Հայաստանի տնտեսության զարգացմամբ, այլ ստեղծված գեոքաղաքական իրավիճակով, և որևէ աղերս չունի Հայաստանի տնտեսության հետ:

 

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող