Հայաստանը բանակային մի ամբողջ կորպուս հանձնում է Ռուսաստանին (Lragir.am)

Մեր զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

Դանիել, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կստորագրի հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը։ Իշխանությունները նշում են, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ այն ինքնիշխանությանը հարված չի հասցնի։ Դուք ուսումնասիրել եք համաձայնագիրը, ի՞նչ մտահոգություններ ունեք։ 

ՀՀ ԶՈւ մեծ մասը՝ չհաշված ԼՂ պաշտպանության բանակը, բաղկացած է հինգ բանակային կորպուսից։ Այսինքն՝ բանակային կորպուսներից մեկը, մասնավորապես հինգերորդը, ներառվելու է համատեղ զորախմբում։ Հրապարակումներ եղան, որ դա չորրորդն է լինելու, որը պահում է Նախիջևանի սահմանը, բայց իրականում հինգերորդն է, և ՊՆ-ն էլ է արդեն հաստատում, որ հինգերորդն է։ Հինգերորդ բանակային կորպուսը հիմնականում պատասխանատու է Թուրքիայի հետ սահմանի համար՝ Երևան, Արմավիրի և Շիրակի մարզեր հատվածը։ Հիմնական մտահոգությունն այն է, որ այդ համատեղ զորախումբը բավական խնդրահարույց է այն առումով, որ եթե խաղաղ ժամանակ ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, ապա ռազմական գործողությունների ժամանակ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, այսինքն՝ Ռուսաստանի ենթակայության տակ է լինելու։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ ցանկացած բանակ իմաստ ունի պատերազմի ժամանակ, խաղաղ ժամանակ իրենք ընդամենը զբաղված են հենց առօրյայի կազմակերպմամբ։ ԶՈւ իմաստը հենց պատերազմի ժամանակ է, և եթե պատերազմի ժամանակ Հայաստանի ԶՈւ մեկ հինգերորդ մասը  պետք է անցնի Ռուսաստանի ենթակայության տակ, թող ինչ-որ մեկն ինձ ապացուցի, որ դա Հայաստանի անկախության և ինքնիշխանության վրա ազդեցություն չի ունենա։ Մենք ԶՈւ մեկ հատվածը՝ մեկ հինգերորդը, հանձնում ենք Ռուսաստանին այս համաձայնագրով։Սրանից այլ խնդիրներ էլ են առաջանում. այս զորամիավորումները ոչ միայն Թուրքիային, այլ նաև Վրաստանին են սահմանակից։ Մեր հիմնական ռազմական թշնամին Ադրբեջանն է, նրա հետ հարցերի լուծման շրջանակներում այս համատեղ զորամիավորումը որևէ կապ չի ունենալու։ Եթե Ռուսաստանը Թուրքիայի հետ ինչ-որ հարցերում տարաձայնություն ունենա, կարող է Հայաստանի ԶՈւ ձեռքերով սկսի հարցեր լուծել, ինչը, մեղմ ասած, շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Եվ եթե Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է, և նրա վրա հարձակվելը մի փոքր իրատեսական չէ, ապա նույնը հնարավոր չէ ասել Վրաստանի մասին։ Ընդամենը ութ տարի է անցել, երբ Ռուսաստանը վերջին անգամ հարձակվել է Վրաստանի վրա։ Եվ պատկերացրեք հերթական նմանատիպ վիճակ՝ ռուս-վրացական կոնֆլիկտ, որին ներգրավվում է Հայաստանի ԶՈւ-ն։ Սա ուղղակի Հայաստանի շրջափակման կուլմինացիան կլինի, քանի որ Վրաստանը  կփակի Հայաստանի սահմանները։ Վրաստանի հետ ռազմական կոնֆլիկտն ուղղակի կործանարար կլինի Հայաստանի համար։ Այսինքն՝ մենք Ռուսաստանին հնարավորություն ենք տալիս հայ-վրացական կամ հայ-թուրքական ռազմական կոնֆլիկտ ստեղծել։

Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում նշում է, որ Ռուսաստանի հավասարակշիռ պահվածքը քառօրյա պատերազմի ժամանակ միանշանակ ընկալում չունեցավ Հայաստանի հասարակության շրջանում, որի ճնշող մեծամասնությունը համոզված էր, որ Ռուսաստանը վտանգի դեպքում կլինի մեր կողքին: «Բայց, ինչպես ասում են, երազելը վնաս չէ», ասել է նա։ Հնարավո՞ր է այդ «երազանքն» է կյանքի կոչվում։

Այս տարվա ապրիլին Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա։ ՀԱՊԿ անդամ քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանի այդ գործողությունը… միայն Հայաստանը։ ՀԱՊԿ անդամ քանի՞ երկիր ողջունեց Ադրբեջանի այդ գործողությունը՝ Բելոռուսն ու Ղազախստանը, առաջինը՝ բացահայտ տեքստով, երկրորդը՝ ոչ այդքան, բայց, այնուամենայնիվ, ողջունեց։ Բայց պատճառաբանեցին, որ Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ։ Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հրետանակոծում էր Տավուշի մարզի բնակավայրերը, արդյունքում երեք խաղաղ բնակիչ ադրբեջանական արկերի տակ զոհվեց, ՀԱՊԿ անդամ քանի՞ երկիր դատապարտեց այդ ագրեսիան։ Ուզում եմ հարց տալ՝ ՀԱՊԿ կառույց գոյություն ունի՞։ ՀԱՊԿ-ը ֆորմալ կառույց է, որ Ռուսաստանն աշխարհին ցույց տա, որ ինքն էլ ինչ-որ ռազմական դաշինք ունի, որ մենակ չէ, բայց սա զուտ ձևական, Ռուսաստանին կցորդ կառույց է։ Փոխարենը, երբ պետք է աջակցություն հայտնել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, այստեղ բոլորը միաբերան դա անում են։ Եվ ՀԱՊԿ շրջանակներում պետք է ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի զարգացումը դատապարտել, դա անում են։ Իսկ ինչու, մի՞թե ՆԱՏՕ հակահրթիռային համակարգը Հայաստանին վնաս է։ Այն առհասարակ պաշտպանական համակարգ է, և դրանով հնարավոր չէ որևէ մեկի վրա հարձակվել կամ հակառակորդի թեկուզ մեկ զինվոր սպանել։ Ընդամենը սեփական տարածքը հակառակորդի հրթիռներից պաշտպանելու միջոց է։ Առհասարակ, դրա զարգացումը դատապարտելը անմեղսունակ գործողություն է։ Նույնն է, որ մեկին դատապարտեն զրահաբաճկոն հագնելու համար։ ՆԱՏՕ-ն Հայաստանին համարում է գործընկեր պետություն, մենք պայմանագիր ունենք ՆԱՏՕ-ի հետ, համատեղ առաքելություն ենք իրականացրել Իրաքում, այժմ՝ Աֆղանստանում, Կոսովոյում։

Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով համաձայնագրին, ասել է, որ հիմնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի դեմ հարձակման դեպքում ագրեսիայի կանխումն է:

Ինչ է, եթե Հայաստանի 5-րդ բանակային կորպուսը, որ ռազմական վտանգի առկայության դեպքում անցնի ռուսական ենթակայության տակ, դա պաշտպանում է Հայաստա՞նը… մառազմ է: Իսկ Ռուսաստանը, իհարկե, լրացուցիչ բանակային կորպուս է ստանում: Սա Ռուսաստանի համար բավական ձեռնտու պայմանագիր է: Հայաստանը նեղ օրին զրկվում է մեկ բանակային կորպուսից: Սա ուղղակի վնասարարություն է՝ ուղղված Հայաստանի պաշտպանունակությանը, անկախության մակարդակին: Ողջամիտ մարդու մտքով ինչպե՞ս կարող է անցնել նման պայմանագիր ստորագրել, որտեղ գրված կլինի, որ կոնֆլիկտի դեպքում երկրի բանակային կորպուսն անցնում է մեկ այլ երկրի ենթակայության տակ: Հենա ասեք Ռուսաստանի զինված ուժերն են, որոնք ինչ-որ ժամանակ մեր հաշվին են սնվում, որտեղ մեր զորակոչիկներն են ծառայելու, բայց դա Ռուսաստանի զինված ուժերն են:Այսինքն՝այս ամենը մեզ պարտադրվո՞ւմ է:
Իհարկե, համատեղ զորախումբը դրական է ՌԴ-ի շահերի տեսանկյունից, բայց ոչ Հայաստանի: Ռուսաստանի տեսանկյունից ընդամենը Հայաստանի հարկատուների, Հայաստանի զորակոչիկների հաշվին մի ամբողջ բանակային կորպուս` որի համար ոչ մի կոպեկ պետք չի ծախսել, ոչ մի զորակոչիկ պետք չի զորակոչել, բայց որը նեղ օրին Ռուսաստանի համար է կռվելու: Դրանից էլ լավ բա՞ն Ռուսաստանի համար: Պատկերացրեք մի ուրիշ երկիր ձեզ ասում է՝ ձեզ պատրաստի բանակային կորպուս  տամ, դա հիասքանչ նվեր է:
Հնարավոր է, որ ռուսական զենքերը, մասնավորապես«Իսկանդերները», որ ստացել ենք Ռուսաստանից, դրանցգինն է, որ վճարում ենք:
Նախ ես չեմ բացառում, որ իսկանդերները և մյուս զենքերը հինգերորդ բանակային կորպուսի ենթակայության տակ էին և հիմա ուղղակի կանցնեն Ռուսաստանի ենթակայության տակ։ Բացի այդ, իսկանդերները, սմերչերը, S 300-ները, առնվազն այս երեք տեսակները նախատեսված է, որ դրանք միայն Հայաստանի սահմաններն են պաշտպանելու։ Անգամ S 300-ը Ռուսաստանը մեզ վաճառել է, Lragir.am-ի ընթերցողները կհիշեն, ես վերլուծություն էի ներկայացրել այն ժամանակ, 82 թվականի էին, ժամկետանց,  բայց անգամ դրանք արգելվեց տեղակայել Ղարաբաղում, դրանցից մեկը տեղակայվել է Գորիսում, որ քիչ թե շատ Ղարաբաղին մոտ լինի։

Առնչվող