1,17 միլիարդ դրամ՝ ՀՀ-ում ՌԴ զինվորականների լոգիստիկայի համար

Ինչպես հայտնի է, Հայաստանում ռուսաստանյան զինվորականները մասամբ մեր պետական բյուջեի հաշվին են սնվում: «Իրազեկ քաղաքացիների միավորման» կատարած հաշվարկների համաձայն երկաթուղով և օդով վերջին ութ տարիների ընթացքում ՌԴ զորամիավորումների ռազմական փոխադրումների համար ՀՀ բյուջեից վճարվել է ավելի քան 1,17 միլիարդ ՀՀ դրամ։

«Հարավկովկասյան երկաթուղու» ծառայություն

2009-2016թթ.-ին ՀՀ Կառավարությունը 11 որոշում է կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց վճարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը տարբեր թվականների բյուջեներով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարներ հատկացնելու մասին։

Նախ հիշեցնենք, որ  2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Իր փաստացի գործունեությունը «ՀԿԵ» ՓԲԸ-ն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։

Այսպիսով, 2009թ.-ին մայիսին, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ առաջացած պարտավորությունները մարելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է  2009 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ ԱԱԾ-ին հատկացնել 58,9 միլիոն դրամ։ Նույն թվականի սեպտեմբերին նմանատիպ որոշմանբ «ՀԿԵ» ՓԲԸ-ին հատկացվում է 21,2 միլիոն դրամ։

Մեր հաշվարկներով ընդհանուր առմամբ գործադիրի այս 11 որոշումների արդյունքում ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ՀՀ պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2009-2016 թ.-ին վճարվել է ավելի քան 320,7 մլն դրամ։

Ավիացիոն ծառայություններ

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը 2009-2016թթ.-ին տարբեր որոշումների համաձայն հատկացրել է շուրջ 851,5 մլն դրամ։

Օրինակ՝ միայն  2009թ.-ին  ապրիլի 9-ին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամն իր վերելքն էր ապրում, գործադիրի պահուստային ֆոնդից հատկացվել է 44,7 մլն դրամ։ Մասնավորապես՝ «Արմ-Աերո» ՓԲԸ-ի գծով` 38,5 մլն դրամ, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ գծով` 109,6 հազար դրամ, «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ գծով` 1,5 մլն դրամ։ Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գծով հատկացվել է 4690 եվրո և 5116 դոլար, իսկ «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին՝ 1000 ԱՄՆ դոլար։

Համեմատության համար նշենք, որ ռուսաստանցի զինվորականնի լոգիստիկայի վրա ծախսված այս 1,17 միլիարդ դրամով կարելի էր ժամանակակից արևմտյան զրահաբաճկոններով ապահովել առաջնագծում գտնվող բոլոր զինվորականներին:


Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող