ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այժմ անդրադառնանք 2005-2015թթ․-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերությունների ստացած օտարերկրյա դրամաշնորհային ծրագրերին։

Այս ժամանակահատվածում էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություններին օտարերկրյա կառուցներից տրամադրվել է ավելի քան 13,3 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։

Հիշեցնենք, որ արդեն բացահայտել էինք, որ Հայաստանում՝ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման համար Իրանի Իսլամական Հանրապետությունը 2011 թվականին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել էր 2 մլն ԱՄՆ դոլար, սակայն այդ բնակավայրերում գազի բաշխման ցանց այդպես էլ չկառուցվեց:

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2015թ․ընթացքում ծրագրի կապալառու Սաներջի ընկերության կողմից ավարտվել են Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար անհրաժեշտ համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները Իրանից։ Համաձայն մեզ տրամադրած տեղեկատվության ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2016թ․-ին և նախատեսվում է ավարտել 6-7 ամսվա ընթացքում։

Այս առթիվ զանգահարեցինք Մեղրիի և Ագարակի քաղաքապետարաններ և չնայած նրան, որ խոստացված 6-7-ի փոխարեն անցել է արդեն 11 ամիս, առաջինից մեզ տեղեկացրին, որ աշխատանքները դեռ չեն ավարտվել, իսկ երկրորդից, որ աշխատանքները մի քանի շաբաթ առաջ դադարեցվել են և անհայտ է, թե երբ կվերսկսվեն։

Այսպես, 2008թ․-ին ստացվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերության հավատարմագրային հիմնադրամի տրամադրած 3,1 մլն դոլար դրամաշնորհ, որի արդյունքում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամը իրականացրել է քաղաքային բազմաբնակարան շենքերում գազամատակարարման և ջրամատակարարման որակյալ ծառայությունները հասանելի դարձնելու ծրագիր։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը և Գլոբալ բնապահպանական հիմնադրամը 2009թ․-ին տրամդրել են 90 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որի միջոցով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամը իրականցրել է էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի նախապատրաստման բաղադրիչի նախապատրաստման ծրագիր։ Նույն թվականին այս նույն ֆինանսավորող կազմակերպությունների հատկացված 1,5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհով, նույն հիմանդրամը իրականացրել է ծրագիր, որի նպատակն է հետազոտել երկրաջերմային ծրագրի տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը։

grant1

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամը 2012թ․ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից և Գլոբալ բնապահպանական հիմնադրամից ստացել է 4,82 մլն դոլար դրամաշնորհներ, էներգախնայողությանն ուղղված ներդրումների համար խոչընդոտների վերացման միջոցով էներգիայի սպառումը կրճատելու և ջերմոցային գազի արտանետումները նվազեցնելու ծրագրեր։

Երկրաջերմային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 2014թ․-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմանդրամին է հատկացրել 300 հազար դոլար։

Նույն թվականին Համաշխարհային բանկը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին է հատկացրել 670 հազար ԱՄՆ դոլար «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի նախապատրաստման համար։

Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով՝ համաձայն ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև կնքված վարկային համաձայնագրի, պայմանագրային արժեքի 10%-ը տրմադրվում է որպես դրամաշնորհ, որը 2015թ․-ին կազմել է մոտ 867,8 հազար ԱՄՆ դոլար։

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող