Ընտրողների ապակողմնորոշումը կանխելու արշավ ենք սկսել. Հայաստան24

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ իրենք առանձին-առանձին անդրադառնալու են քաղաքական գործիչների անցյալին:

«Հայաստան24»-ի հետ վերջինիս զրույցում խնդրեցինք պարզաբանել, թե կոնկրետ որ քաղաքական գործիչներին են անդրադառնալու, ինչ սկզբունքով են վերջիններիս ընտրել: Դանիել Իոաննիսյանը նշեց.

«Մենք գործելու ենք հետևյալ սկզբունքով. Sut.am կայքով անդրադառնալու ենք իրականացվող նախընտրական խոստումներին, նախորդ տարիների խոստումներին, որոնք որ իրականացել կամ չեն իրականացվել, քաղաքական գործիչների անցյալի որոշ էջերի, որոնք թերևս գաղտնիք չեն, բայց մարդիկ մոռանում են: Այսօր, օրինակ, մեր անձնակազմը նյութ է պատրաստում կապված նրա հետ, թե ինչպիսին են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի կամ Սեյրան Օհանյանի հարաբերությունները նախկինում»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

Մեր այն դիտարկմանը` արդյոք լինելու են անդրադարձեր Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի աղմկահարույց դեպքերին, պարոն Իոաննիսյանն արձագանքեց.

«Արդեն իսկ եղել է նման անդրադարձ: Երբ Սեյրան Օհանյանը ասաց, որ զինված ուժերը մարտի մեկին որևիցե կերպ չեն ներգրավվել իրադարձություններին, այլ միայն մարտի երկուսին, մենք անդրադարձանք այդ թեմային ու մանրամասն ներկայացրեցինք թե փաստահավաք խմբի արդյունքները, թե պաշտոնական փաստաթղթերից տվյալներ, թե ինչպիսին է եղել զինված ուժերի մասնակցությունը մարտի մեկին և այլն: Մենք շարունակելու ենք սա անել: Երբ լինեն հայտարարություններ, որոնք այնքան էլ արժանահավատ չեն, դրանք ուսումնասիրելու ենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այն հարցին, թե արդյոք սա ընտրություններից առաջ ընտրողներին իրազեկելու որոշակի արշավ է, Դանիել Իոաննիսյանը նշեց.

«Ես կասեի` սա ընտրողների ապակողմնորոշումը կանխելու արշավ է»:

Առնչվող