Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում և դիրքորոշումների ներկայացում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության օժանդակությամբ ապրիլի 23-ին կազմակերպեց քննարկում «Նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկում եւ դիրքորոշումների ներկայացում» թեմայով։

Անդրադառնալով ընտրական մեխանիզմներին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մանրամասն բացատրեց, թե ինչպես է ընթանալու քվեարկությունը և նշեց, որ էլեկտրոնային համակարգով կարելի է ստուգել արդյո՞ք քաղաքացիների անունները կրկնվում են թե ոչ։ Նրա խոսքով առաջարկվող տեխնիկական սարքը բացառում է մարդկային գործոնի դերը, ինչպես նաև իր մեջ կուտակում մատնահետքերը։ Դավիթ Հարությունյանի խոսքով կուսակցություններն այսօր չունեն համագործակցության բավարար մշակույթ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ բացակայում է դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վերահսկողությունը պատկերն էականորեն տարբերվում է այլ տեղամասերի պատկերից։ Նրա խոսքով սովորաբար հենց այդ տեղամասերի մասին են ասում, որ ընտրությունները կեղծվել են։

Անդրադառնալով ուղիղ հեռարձակմանը Դավիթ Հարությունյանն՝ ասաց, որ իրենք կողմ չեն, քանզի այն կարող է խափանվել և փոխարենն առաջարկեց տեսանկարահանում իրականացնել՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելով։

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն անդրադառնալով պետության պատասխանատվությանը՝ նշեց, որ պետությունը պարտավորություն չի զգում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում և այն համարում է ընդդիմության կամ դիտորդների խնդիրը։

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադառնալով ռեյտինգային քվեարկությանը՝ պարզաբանեց թե ինչ է օրենսդիր մարմինը համաձայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների։ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց Դավիթ Հարությունյանին, թե ինչպես իրեն կզգար վերջինս, եթե առաջադրվեր մեծամասնական ընտրակարգով և պարտվեր այնպիսի անձի, ով չգիտի, թե ինչ է օրենսդիր մարմինը։ «Անկեղծ ասած, 50-50 համամասնությունն այն էքստրիմն է, որը կա բոլոր երկրներում»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը և հավելեց, որ իրենց առաջարկածը հարյուր տոկոս համամասնական է, այլ ոչ հիբրիդային մոդել և խոստացավ Հովհաննես Մարգարյանին ներկայացնել հարյուր տոկոս համամասնական համակարգին վերաբերող փաստաթղթեր։

Առնչվող