Մոլդովան իրականացնում է հայկական ԵՄ-ԵԱՏՄ կամուրջի ծրագիրը

Վերջին շրջանում Մոլդովայի ու ԵԱՏՄ-ի շուրջ ծավալվող զարգացումներն ակամայից հիշեցնում են Հայաստանի հնչեցրած, այսպես կոչված, «և-և»-ի քաղաքականության մասին:

2014 թվականին Եվրամիության հետ ստորագրելով Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը՝ Մոլդովան այժմ՝ 2017 թվականին ակտիվորեն սերտացնում է հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Ընդ որում, բանակցություններ են վարվում շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, որի շնորհիվ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի խոսքով կհեշտանա մոլդովական ապրանքների մուտքն ինչպես ռուսական, այնպես էլ ԵԱՏՄ շուկաներ:

Հատկանշական է, որ 2013 սեպտեմբերին, երբ Մոլդովան ԱլԳ երկրներից Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի հետ պատրաստվում էր նոյեմբերին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ, Ռուսաստանն արգելեց մոլդովական գինիների ներկրումը: Մոլդովայի պարագայում, որի տնտեսության հիմնական ճյուղը հենց գինեգործությունն է նման պատժամիջոցն անչափ ծանր էր և անկասկած ուղղված էր Մոլդովային եվրաինտեգրման գործընթացներից հետ գցելուն:

2017 թվականին այն բանից հետո, երբ Մոլդովայի նախագահ ընտրվեց պրոռուսական կողմնորոշում ունեցող Դոդոնը, Մոսկվան չեղարկեց մոլդովական գինիների արգելքը, ինչին զուգահեռ էլ սկսվեց մոլդովա-եվրասիական հարաբերությունների ջերմացման գործընթացը:

Փաստացի, ստացվեց պատկեր, երբ ԵՄ հետ խորը և համապարփակ առևտուր իրականացնող Մոլդովան զուգահեռաբար կարողացավ ամուր կապերի նախադրյալներ ստանալ ԵԱՏՄ-ից՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ եվրասիական կողմի հետ սերտացումը չի հակասելու ԵՄ հետ ասոցացմանը:

Համադրելով Մոլդովայում տեղի ունեցողը հայաստանյան զարգացումների հետ՝ կարող ենք ստանալ գրեթե նույն պատկերը, սակայն հակառակ ուղղությամբ: Այսպես, 2013-ին Հայաստանը հրաժարվեց եվրաասոցացումից և ընտրեց ԵԱՏՄ-ն ու հիմա՝ 2017-ին նախաստորագրել է ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագիր:

Ի տարբերություն Մոլդովայի, սակայն, Հայաստանն այս գործընթացից գրեթե ոչ մի բոնուս չի ունենա: Եթե Մոլդովան արդեն կյանքի էր կոչել ԵՄ հետ Ասոցացումը ենթադրվող բոլոր արտոնություններով ու հիմա էլ ստանում է ԵԱՏՄ-ական միավորներ գինիների արտահանման տեսքով, ապա Հայաստանը, փաստացի, զրկվել է հիմնական «եվրաբոնուսներից»․ ամենասկզբից անդամակցել տնտեսական մի միության, որում խորը ճգնաժամ է, իսկ փոխարենը հիմա կստանա շրջանակային համաձայնագիրը, որը չի ունենալու տնտեսական բաղադրիչ:

Միևնույն ժամանակ անվերջ հայտարարվում է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ԵԱՏՄ միջև ու ենթադրվում է, որ այդ կառույցի «շինարարությունը» իրականացվելու է եվրասիական կողմից դեպի եվրոպական, այնինչ իրադարձությունները զարգացան այնպես, որ կամուրջը «գցվեց» հակառակ ուղղությամբ, ու Երևանի կամուրջի գաղափարը շահարկելու հնարավորությունները կսահամափակվեն: Սրանից զատ, փաստացի, Մոլդովան՝ չհայտարարելով որևէ «և-և»-ի մասին, փաստացի, իրականացրեց հայաստանյան իշխանությունների հայտարարած քաղաքականությունը՝ կրկին հակառակ ուղղությամբ:

Այս ամենով հանդերձ անշուշտ պետք է փաստել, որ վերոշարադրյալ համեմատությունը առավելապես պայմանական է, և Հայաստանի ու Մոլդովայի ինտեգրացիոն քաղաքականությունների շարժառիթները, դրդապատճառներն ու հանգամանքները էապես տարբեր են: Բայց և այնպես, Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ երկրների արտաքին քաղաքական վեկտորները կարող են լինել ճկուն, եթե արտաքին քաղաքականություն իրականացնող ուժերը բավականաչափ նախաձեռնող ու համարձակ են:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող