Հայաստանի «ներքին գործերը» և Եվրոպական միությունը

Հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից արված հայտարարությունը  իշխանության որոշ ներկայացուցիչների բուռն արձագանքին է արժանացել:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին նշել էր. «Իշխող ուժերը փորձում են Ընտրական օրենսգիրքը հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում սա բնական բնազդ է: Օգտագործում են տարրեր, որ իշխող կուսակցությունն օգտվի, իր շահերին ծառայի»: Նա նաև խորհուրդ էր տվել բարեփոխել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և փոփոխել նրա կազմը՝ ընդգրկելով քաղհասարակության ներկայացուցիչների: «Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպե՞ս կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց», – նշել էր ԵՄ դեպանը: Դեսպանը նաև խոսել է ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

ՀՀԿ-ի պատասխանը

ԵՄ դեսպանին պատասխանել էին երկու բարձրաստիճան հանրապետականներ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը: Ըստ Դավիթ Հարությունյանի խոսքերի՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՞ ոչ, դա երկրի ներքին խնդիրն է, որը որոշվում է Ազգային ժողովում»: Ըստ նրա՝ Սվիտալսկու հայտարարությունը «որոշակի փորձ է ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով»:

Գրեթե նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը, ով հայտարարել էր, որ ավելի լավ կլիներ ԵՄ դեսպանը մատնանշեր դրական բարեփոխումները և ոչ թե «գնահատականներ հնչեցներ  մեր  ներքաղաքական կյանքի վերաբերյալ»:

Ինչո՞ւ ԵՄ-ն

Հայկական իշխանությունների պատասխանը ԵՄ դեսպանի քննադատությանը ուշագրավ են երկու հիմնական պատճառով: Առաջին հերթին հետաքրքիր է, որ միայն իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են հայտարարությամբ հանդես գալիս՝ փորձելով քննադատել ԵՄ դեսպանին: Սա բնականաբար պայմանավորված է նրանով, որ Պյոտր Սվիտալսկին, ով ըստ ամենայնի հոգնել է իր ներկայացրած միության կողմից ՀՀ ժողովրդավարական իստիտուտների, այդ թվում ընտրությունների բարեփոխմանն ուղղված ահռելի գումարների տրամադրման աննպատակ վատնումից և քննադատել է իշխող կուսակցության կողմից իշխանությունը պահելու նպատակով ընտրական օրենսգիրքը փոփոխելու հանգամանքը:

Բնականաբար, եթե ԵՄ դեսպանի քննադատությունը ուղղված լիներ որևէ այլ կուսակցության դեմ, ապա ՀՀԿ-ի կողմից դա ներքաղաքական կյանքին միջամտություն չէր համարվի: Ավելին՝ երբ, օրինակ, ռուս քաղաքական գործիչներն առաջարկում են Հայաստանում ռուսերենը դարձնել պետական լեզու կամ ընդունել քաղհասարակության աշխատանքը սահմանափակող օրենսդրական կարգավորումներ, ոչ մի նախարար կամ ԱԺ պաշտոնյա երբևէ դա չի որակավորում որպես միջամտություն ներքաղաքական կյանքին:

Երկրորդ պատճառը դա ԵՄ-Հայաստան և ընդհանրապես Եվրամիություն-երրորդ երկրներ հարաբերությունների ֆորմատն է: Ոչ անդամ հարևան երկրների հետ իր հարաբերությունները սովորաբար ԵՄ-ն կառուցում է այդ երկրների ներսում բարեփոխումների ուղղությամբ ջանք ներդնելով: Բարեփոխումները նպատակ ունեն այս երկրները դարձնել հնարավորինս ավելի ժողովրդավար և տնտեսապես զարգացած, որպեսզի ԵՄ-հարևան երկրներ փոխհարաբերություններն ու առևտուրը հիմնված լինեն փոխադարձ վստահության, փոխօգնության և անվտանգության պահպանման ուղղությամբ համատեղ ջանքերի վրա:

Մասնավորապես, 2017 ԱԺ ընտրությունները անց կացնելու համար ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 7 մլն եվրո: Ավելին՝ քանի որ ԵՄ-ն ֆինանսավորում է ժողովրդավարական բարեփոխումները, իսկ հայկական կողմը պատրաստակամորեն ընդունում է հսկայական գումարները (իսկ հնարավորության դեպքում նաև խնդրում ավելին) հետևաբար պետք է պատրաստ լինի նաև ֆինանսավորողի քննադատությանը, եթե գումարները իրական նպատակին չեն հասնում: Հետևաբար կամ պետք է այդ գումարները չվերցնել, կամ վերցնելուց հետո չմոռանալ, որ վերցրել ես:

Հ.Գ. Հարկ է նաև նկատել, որ վերջին տարիներին ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցերը դադարել են լինել զուտ պետությունների ներքին գործեր: Ի վերջո, որևէ մեկը չի զարմանում, երբ միջազգային հանրությունը քննդատում է, օրինակ, Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վատթարացող վիճակը:

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող