Հայկական ԱԷԿ-ի ստացած դրամաշնորհները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք հայկական ատոմակայանին հատկացված աջակցությանը։

Հայկական ԱԷԿ-ի անվտանգության խնդիրները բացահայտվում են Ատոմային էներգիային միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պարբերաբար իրականացվող առաքելությունների շրջանակներում։ Հայկական ԱԷԿ-ում անվտանգության մակարդակի առկա պակասորդը լրացնելու համար մշակված են և 1995թ․-ից կատարվում են անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Այսպիսով, ընդհանուր առմամբ, 1995թ․-ից մինչ օրս հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման համար դոնոր երկրների աջակցությունը կազմել է շուրջ 160 մլն․ ԱՄՆ դոլար։ Այս գումարից 65 միլիոնը տրամադրել է ԱՄՆ-ն, 55 միլիոնը ԵՄ-ն, 8 միլիոնը ՌԴ-ն, 7 միլիոնը ԱԷՄԳ-ն և 25 միլիոնը այլ պետությունները։

Բացի այս 160 մլն դոլարը ՀՀ-ՌԴ համագործակցության շրջանակներում իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքներ, ՌԴ-ի կողմից տրամադրված 270 մլն ԱՄՆ դոլարի արտահանման վարկի և 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի միջոցով։ Ռուսական կողմը 30 միլիոնի գույքը հայկական կողմին է փոխանցել 270 միլիոնի գույք վարկով ՌԴ-ից վերցնելու պայմանով:


Այսպիսով, ստացվում է, որ ատոմակայանին տրամադրված անհատույց դրամաշնորհներից 34 տոկոսը տրամադրվել է ԱՄՆ-ից, 29 տոկոսը ԵՄ-ից, 20 տոկոսը Ռուսաստանից և մնացած 13 տոկոսը ԱԷՄԳ-ից և այլ երկրներից։

Ստացվում է, որ չնայած նրան, որ այս տարիների ընթացում հայկական ատոմակայանը ավելի շատ աջակցություն ստացել է ԱՄՆ-ից և ԵՄ-ից, բայց բոլորը քաջատեղյակ են միայն ռուսական դրամաշնորհից և վարկից, իսկ մնացած անհատույց աջակցությունների մասին տեղեկությունները լայն տարածում չեն գտել։

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող