«Մկան լճերի» գոյացումից մինչև կարտոֆիլի արտահանման դժվարություններ

13.01.2015 | 11:27 | Մամուլը մեր մասին, Եվրասիական միություն

Հարցազրույց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

-Պարոն Իոաննիսյան, անցած տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հայտարարել էր, որ  ԵՏՄ-ն Հայաստանի համար ամենամեծ շուկան է, և 2015 թվականին  գյուղմթերքի արտադրության ծավալները կմեծացվեն: Ի՞նչ կարծիքի եք Ս.Կարապետյանի այս հայտարարության մասին:

-Նախարարն ասել էր, որ Հայաստանից կրկնակի անգամ ավելացել է գյուղմթերքների արտահանումը:  Նա  նաև հայտարարել էր, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում, մեր գյուղատնտեսության համար մեծ հեռանկարներ են բացվում, չբերելով որևէ  փաստարկ: Բայց նրա այդ հայտարարությունների դեմ մենք ունենք հակափաստարկներ: Տրակտորների գները հունվարի 1-ից թանկանալու են 13-14 %-ով, բեռնատարներինը թանկանալու են 2020 թվականից, և եթե նոր բեռնատարների գներն ընդամենը 19 %-ով են թանկանալու, ապա մի 10-15 տարի շահագործված «Ֆորդ Տրանզիտի» գինը  թանկանալու է համարյա կրկնակի: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութերից են նաև սերմացուն, պարարտանյութը: Սերմացուն մասամբ այժմ է թանկանալու, մասամբ էլ տարիների ընթացքում, շուրջ 5 %-ով, իսկ պարարտանյութերը շուրջ 8,8 տասնորդական %-ով, սկսած 2018 թվականից: Այս ամենը բերվում է ոչ թե ԵՏՄ-ից, այլ ուրիշ երկրներից: Գյուղնախարարության պետական ծրագրերով տրակտորների 75 %-ը բերվում է ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, ուստի տրակտորների գների թանկացումները շոշափելի են լինելու: Այժմ գյուղատնտեսական մթերքների արտահանման համար ԱՊՀ-ում գործում է 0 տոկոս մաքսային դրույքաչափ, հետո էլ է նույնը լինելու, ուստի որևէ բան  չի փոխվելու. Ռուսական շուկայում մեր գյուղմթերքների մրցակցությունը չի մեծանալու: Դրան գումարենք ռուբլու արժեզրկումը, կնշանակի, որ Ռուսաստան որևէ բան ներմուծելն անշնորհակալ կամ անշահավետ գործ է:

-Բայց ոնց որ ռուբլին վերջերս մի քիչ արժեվորվեց:

-Այո՛, վերջերս արժեվորվել է, բայց դա կապված է ՌԴ կենտրոնական բանկի շատ աննախադեպ միջոցառումների հետ, որոնք, չեմ կարծում, որ կարող են երկար տևել: Ինչևէ, ընդհանուր առմամբ, վերջին կես տարում ռուբլին կրկնակի արժեզրկվել է: Աշխարհում, 2014 թվականի դրությամբ, ռուբլին ամենաարժեզրկված արժույթն է: Երբ պաշտոնյաներն ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցելով մենք դուրս ենք գալիս 170 միլիոնանոց շուկա, ես ասեմ, որ ԵՏՄ-ին անդամակցելով, մեր՝ 170 միլիոնանոց շուկա դուրս գալու հնարավորությունները չեն ավելանալու: Ոնց կար, այնպես էլ մնալու է: Մինչդեռ, եթե մենք ստորագրեինք ԵՄ ասոցիացման համաձայնագիրը, ՀՀ գյուղատնտեսությունը  հնարավոր է՝ դուրս գար եվրոպական շուկա: Նշեմ, որ ԵՄ շուկան բնակչության քանակով մոտ 3 անգամ մեծ է ԵՏՄ շուկայից, իսկ առևտրի շրջանառությամբ և տնտեսական հզորությամբ ԵՏՄ շուկայից 40 անգամ ավելի մեծ է: Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, նախորդ տարվա համեմատ, կարտոֆիլի արտադրությունն աճել է 10 տոկոսով: Բայց ԵՏՄ-ում այս տեսանկյունից մենք ունենք մրցակից, ում հետ չենք կարող մրցել. Դա բելառուսական կարտոֆիլն է, որն ավելի էժան է: Ինչ մնում է ցորեն վաճառելուն, ապա Ռուսաստանն ու Ղազախստանը ցորենի երկիր են և իրենք են մեզ ցորեն վաճառում: Անգամ, երբ Ռուսաստանը դադարեց լեհական խնձոր ներմուծել, շատերի մոտ հույս կար, որ մենք հայկական խնձորն այնտեղ կտանենք և դա մեր խնձորի արտահանման համար լավ հնարավորություններ կընձեռի: Բայց հայկական խնձորը Ռուսաստան չգնաց, քանի որ լեհական խնձորը Բելառուսով շրջանցեց այդ սանկցիաները, բացի այդ մեր խնձորը շատ հեռու է և այն Ռուսաստան հասցնելու համար Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է: Ձկների մասով էլ ասեմ, որ դրանք ինքնաթիռով են Հայաստանից Ռուսաստան հասցվում: Հայաստանում կան ձկնաբուծական ֆիրմաներ, որոնց  գործունեությունը  կապվում է այնպիսի անձանց հետ, ինչպիսին է Հովիկ Աբրահամյանը: Ամբողջ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերն համարյա ձրի են օգտագործում և թույլատրելի սահմանից շատ ավել: Արտեզյան ջրերից օգտվելով՝ կարողանում են էժան գնով ձուկ արտահանել: Արդյունքում գոյանում են «մկան լճեր», որոնց անվանումը կապում են Հ.Աբրահամյանի հետ:


Զրուցեց՝ Անահիտ Սիմոնյանը

Սկզբնաղբյուր


Կարդացեք նաև