Տարածքային կառավարումը իրավական ճգնաժամի մեջ է

25.05.2018 | 14:17 | Չդասակարգված

Հայաստանում կառավարման համակարգի փոփոխման հետ զուգահեռ մի շարք իրավական ակտերում և օրենքներում պետք է կատարվեին փոփոխություններ: 2017 թվականին ձևավորված խորհրդարանը և այդ խորհրդարանի մեծամասնության ձևավորած կառավարությունը պետք է օրենքները համապատասխանեցներ Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրության (2015 թ-ի փոփոխություններով) 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության 159-րդ հոդվածն էլ  սահմանում է, թե որոնք են պետական կառավարման մարմինները․ «Պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով»: Սահմանադրության 160-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը և նրանք համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Հայաստանի մարզերում պետական կառավարումն իրականացվել է նախագահի 1997 թվականի ՆՀ-728 հրամանագրով: Հրամանագիրը մանրամասն նկարագրում է, թե ինչպիսին է մարզպետի գործունեությունը Կառավարության տարածքային քաղաքականության իրականացման առանձին բնագավառներում: Հրամանագիրը հիմք էր ստեղծել առհասարակ մարզպետարանների կառուցվածքի և գործունեության համար:

Նկատենք, որ այժմ Իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում (arlis.am) նախագահի այս հրամանագրի կարգավիճակը նշված է որպես չգործող: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչ իրավական ակտի հիման վրա է Հայաստանի կառավարությունը մարզերում իրականացնում պետական կառավարում:

Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Տարածքայն կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանից: Վերջինս նշեց, որ Սահմանադրությամբ խնդիրը կարգավորվում է՝ հղում կատարելով 160-րդ հոդվածին։ «Օրենքի հետ կապված կարող եմ ասել, որ նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որն այս պահին լրամշակման փուլում է և մոտ ժամանակներս կներկայացվի կառավարություն», – ասաց Արմինե Մուրադյանը: Հարցին, թե ո՞րն է պատճառը, որ հրամանագրի ուժը կորցրած լինելուց առաջ չի ընդունվել ոլորտը կարգավորող օրենքը, նախարարի մամուլի քարտուղարը պատասխանեց. «Քանի որ այն ժամանակ նախորդ իշխանությունն էր, խնդրի պատասխանատվությունը և հարցը նրանց հետ պետք է կապված լինեն և ավել ինֆորմացիա այս հարցով չեմ կարող տրամադրել»:

Նշենք, որ մարզերում պետական կառավարում իրականացնելու իրավական հիմքերի բացակայության գլխավոր պատասխանատուն նախկին Կառավարությունն է ի դեմս Տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի, քանի որ մինչև նախագահի 1997թ․-ի հրամանագրի ուժը կորցրած ճանաչելու պահը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարտավոր էր մշակել և Կառավարության դատին ներկայացնելուց հետո Ազգայի ժողովին ներկայացնել ոլորտը կարգավորող օրենսդրական նախագիծ:

Այս իրավիճակը մտահոգիչ է, քանի որ իրավական հիմքի բացակայության հետևանքով մարզպետների կայացրած որոշումները կարող են դատարաններում համարվել ոչ իրավաչափ և մարզերը կանգնեցնել կառավարման ճգնաժամ առաջ:

Տիրայր Մուրադյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 


Կարդացեք նաև