Պարզաբանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում օրերս տեղ գտած միջադեպի մասին

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», որպես հասարակական կազմակերպություն, մշտապես հանդես է եկել իշխանությունների հանրային հաշվետվողականությունը հետապնդող watchdog-ի (վերահսկողի) դիրքերից: Այս առաքելությունը ԻՔՄ-ն իրացրել է նաև իրեն պատկանող փաստերի ստուգման լրատվական կայքի՝ Sut.am-ի միջոցով (շուտով՝ անվանափոխված «Փաստերի ստուգման հարթակ»/Fact Investigation Platform` Fip.am):

«Թավշյա հեղափոխություն»-ից հետո երկրում ստեղծված բոլորովին նոր իրավիճակում քաղհասարակության կազմակերպությունները, այդ թվում և «Իրազեկ քաղաքացիների միավորումը», որոշակի առումով գտնվում են ադապտացիոն շրջանում: Թերևս հենց դրանով է պայմանավորված ԻՔՄ-ում օրերս ծագած «աղմկոտ» բանավեճը կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի և լրագրող Տիրայր Մուրադյանի միջև՝ կապված փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանին վերաբերող Sut.am-ի հրապարակման հետ:

Կազմակերպության աշխատակիցների միջև հանրային բանավեճի փաստն ինքնին խնդիր չէ, ավելին՝ վկայում է կազմակերպության թափանցիկության և ներքին ժողովրդավարության մասին: Խնդիր է, թերևս, այն, որ էմոցիոնալ դրսևորումները կարող են թյուր ընկալումների տեղիք տալ:

Փաստը հետևյալն է. ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախապես չձեռնարկելով բավարար միջոցներ վերոնշյալ հոդվածի խմբագրման պատշաճ մեխանիզմների գործածման համար, հոդվածի հրապարակումից հետո, առանց հեղինակ Տիրայր Մուրադյանի հետ համաձայնեցնելու, ժամանակավորապես արգելափակել է դրա հասանելիությունը և այն լրացումներով ու փոխված վերնագրով վերահրապարակել մոտ 18 ժամ անց: Այնինչ, լրացումները կարող էին արվել առանց հոդվածը արգելափակելու, իսկ վերնագիրը կարող էր փոխվել հեղինակի հետ համաձայնեցնելուց հետո: Ծրագրերի համակարգողի այս գործողությունները հակասում են կազմակերպության ռազմավարական նպատակներին:

Վստահեցնում եմ, որ միջադեպը պատշաճ քննության է ենթարկվել կազմակերպության ներսում, և անհրաժեշտ հետևություններն արվել են՝ հետագայում նման դրսևորումները կանխելու նկատառումով: Արդյունքում որոշվել է ծրագրերի համակարգողին հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ հետաքննական հոդվածների համակողմանիությունն ապահովող առավել վստահելի մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Աշխեն Մուշեղյան
Գործադիր տնօրեն, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Առնչվող