Ֆեյքերի քարոզչությունը ֆեյսբուքում: Ու՞մ օգտին են աշխատել կեղծ օգտատերերը

Ավարտվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Կարճ, բայց հագեցած այս ժամանակահատվածում քաղաքական ուժերը նախընտրական քարոզչություն իրականացրեցին Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում։ Տեղի ունեցավ աննախադեպ ձևաչափի բանավեճ․ ուղիղ եթերում հանդիպեցին և մոտ 3․5 ժամ բանավիճեցին մասնակից քաղաքական ուժերի առաջին դեմքերը։

Վերոգրյալից զատ, քաղաքական ուժերն ակտիվ քարոզչություն իրականացրին նաև համացանցում, մասնավորապես՝ Instagram-ում և Facebook-ում, որտեղ քարոզչության մեջ ներգրավվեցին մեծ քանակությամբ կեղծ օգտատերեր՝ ֆեյքեր։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման բաժինն իրականացրել է ֆեյսբուքյան ֆեյքերի մոնիթորինգ, ինչի արդյունքում բացահայտվել են ավելի քան 1000 կեղծ օգտատերեր, որոնք ամենօրյա ռեժիմով քարոզչություն են իրականացրել այս կամ այն քաղաքական ուժի համար (կամ դեմ)։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք քաղաքական ուժեր տարբեր եղանակներով վայելել են կեղծ օգտատերերի սատարումը։ Դրանց մի մասի դեպքում, սակայն, ֆեյքերի օգտագործումը եղել է համակարգված և պարբերական։

Ստորև բերված ֆեյքերի թվի մեջ չեն մտնում «լայքող» ֆեյքերը, որոնք թեև անհամեմատելիորեն ավելի շատ են, սակայն հանդես չեն գալիս ակտիվ գրառումներով, այլ պարզապես հավանում են քաղաքական գործիչների (գերակշռապես՝ Հանրապետական կուսակցության) գրառումները՝ գործչի մտքի սատարման իմիտացիայի ապահովման համար:

Հանրապետականին աջակցող ֆեյքեր

Այս օրերին բացահայտվել է Հանրապետական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնող թվով 41 ֆեյք, որոնց զգալի մասը «աշխատանքային գործունեությունը» սկսել է 2018թ․ հունիս ամսից։ Քարոզարշավի ընթացքում ֆեյքերը ծաղրական, վիրավորական լուսանկարներ և տեսանյութեր են տարածել գործող իշխանության վերաբերյալ, իսկ երբեմն էլ՝ ապատեղեկատվություն։ Ֆեյքերի այս խումբը կենտրոնացած է եղել հատկապես Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի, ավելի հազվադեպ՝ Արփինե Հովհաննիսյանի հրապարակումների շուրջ՝ ակտիվ մեկնաբանելով և տարածելով դրանք։ Այս ֆեյքերը հաճախ նկատվել են նաև մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում (news.am, tert.am, 168 ժամ, slaq.am)։ Ֆեյքերի այս խմբին հատուկ է չկանոնակարգված աշխատանքը, կարելի է ասել, որ գործել են իրարից անկախ։

Նշենք, որ Արսեն Թորոսյանի դեմ աշխատած և հավանաբար Միքայել Մինասյանի կողմից կազմակերպված թվով 300 ֆեյքերը այս փուլում պասիվ են:

Ռոբերտ Քոչարյանին աջակցող ֆեյքեր

Թեև Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում արտահերթ ընտրություններին, սակայն համացանցում նրա օգտին ևս գործում է ֆեյքերի մեծ խումբ։ Հաջողվել է հայտնաբերել Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչություն իրականցնող թվով 71 ֆեյք։ Վերջիններս ակտիվացել են 2018-ի օգոստոս ամսից, շատերը ստեղծվել են օգոստոսի 30-ին։ Ֆեյքերի իրական սեփականատերերի զգալի մասը Արցախից է։ Քարոզչությունը, որպես կանոն, կատարվել է Քոչարյանի մասին դրական բովանդակությամբ տեղեկություններով, որոնք հրապարակվում էին երկրորդ նախագահի հետ ասոցացվող լրատվամիջոցներով։ Վերոգրյալից բացի, այս խումբը կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել ընտրությունները և չմասնակցել դրանց։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն աջակցող ֆեյքեր

Ֆեյքերի այս խմբի մոտ գրեթե չի նկատվել ագրեսիա այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ։ Հիմնականում տարածվել են քարոզչական հոլովակներ, գովազդներ և ԲՀԿ-ական թեկնածուների հարցազրույցներ։ Խումբը ակտիվորեն արձագանքել է լրատվամիջոցներում Գագիկ Ծառուկյանին առնչվող բոլոր նյութերին՝ դրական մեկնաբանություններ գրելով վերջինիս մասին։  ԲՀԿ-ի քարոզչությամբ զբաղվել է թվով 372 ֆեյք։ Վերջիններիս աշխատանքը համակարգվել է ԲՀԿ գլխավոր գրասենյակից (սա փաստող ապացույցները կհրապարակվեն ընտրություններից հետո)։

«Իմ քայլը» դաշինք

Համացանցում գորոծում է թվով 43 ֆեյք, որոնք, առաջին հայացքից, քարոզչություն են իրականացնում իշխող քաղաքական ուժի օգտին։ Այս ֆեյքերն ակտիվ հրապարակում են Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական լուսանկարները», գրում վարչակազմին աջակցող գրառումներ և մեկնաբանություններ։ Սրան զուգահեռ խումբը ցուցաբերում է չափազանց անհանդուրժող վերաբերմունք քաղաքական բոլոր այլ ուժերի նկատմաբ, ինչը դրսևորվում է բազմաթիվ հայհոյանքներով։

Կա, սակայն, մի հանգամանք, որը կարևոր է ուշադրության համար։ Ֆեյքերի այս խումբը, որը ներկայանում է որպես  «Նիկոլ Փաշինյանի աջակից», բազմաթիվ ապատեղեկատվություններ է տարածում ի վնաս հենց իշխանությանը։ Թերևս, ակնառու օրինակներից է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անունով բացված ֆեյսբուքյան կեղծ էջը, որը հայտարարել էր «մեկ ամսից մայրաքաղաքում գազելների վերացման մասին»։ Այս ֆեյքերի մոտ ակնհայտ է քաղաքացիներին կեղծ խոստումներով ոգևորելու և ապա հիասթափեցնելու հստակ միտում, որը կարող է հանգեցնել իշխող ուժի վարկանիշի անկման, ուստի չենք կարող վստահ պնդել, որ այս ֆեյքերը կառավարվում են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։

«Իմ քայլը» դաշինքի օգտին քարոզչություն են անում նաև բազմաթիվ ֆեյքեր, որոնց թիվը թեև կարող է հասնել հարյուրների, սակայն վերջիններիս աշխատանքի համակարգված լինելու մասին վկայող փաստեր չկան:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ ֆեյքերի ամբողջական ցուցակները հրապարակելու դեպքում վերջիններս կդադարեցնեն իրենց գործունեությունը և կբացվեն նորերը՝ մենք զերծ կմնանք բոլոր ֆեյքերի բացահայտումից։ Բացի սա, մենք այժմ չենք հրապարակի բացահայտված տեղեկությունների այլ մանրամասներ՝ նպատակ ունենալով ընտրություններից առաջ չազդել քաղաքացիների դիրքորոշման վրա (այդ ամենը կհրապարակվի ընտրություններին հաջորդող շաբաթվա ընթացքում):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող