Հայաստանի վերականգմանն ուղղված բարեփոխումների հայեցակարգ․ Կրթություն

30.01.2019 | 17:04 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններ այս տարվա հունվարին հանդես են եկել «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգով», որում մատնանշում են ՀՀ նախկին իշխանություններից ժառանգված բազմաթիվ խնդիրներ և առաջարկում դրանց լուծումները։

Հրապարակված փաստաթղթում, որը ներկայացվում է նաև որպես ճանապարհային քարտեզ,  ընդգրկուն և բովանդակային անդրադարձ է կատարվում մի շարք ոլորտների, այդ թվում՝ կրթական համակարգին։

Համաձայն այս փաստաթղթի, նախկին իշխանությունների օրոք կրթությունը, առավել քան որևէ այլ հանրային ոլորտ, եղել է տնտեսական ու քաղաքական շահերի պատանդը՝ ի վնաս կրթության որակի և բարեվարքության։ Որպես հետևանք, ՀՀ ներկա իշխանությունները ժառանգել են խորապես վարկաբեկված հանրակրթության համակարգ՝ խեղաթյուրված դասագրքերով, կոռուպցիայով, մասնագիտական անհամապատասխան ունակություններով մանկավարժներով, քաղաքականացված բուհերով և այլն։

Վերոնշյալ հայեցակարգում, որի տակ ստորագրել են «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» ՀԿ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», ներկայացնում են մի շարք առաջարկներ՝ ուղղված կրթական համակարգի առողջացմանը։

Մասնավորապես, մտահոգություն հայտնելով, որ մի ողջ սերնդի՝ կրթություն ստանալու իրավունքը ավելի քան 15 տարի ոտնահարվել է, փաստաթղթի հեղինակները ներկա կառավարությանն առաջարկում են առավել հրատապ երեք գործողություններ, այն է՝ գնահատել հասցված վնասի չափը, մշակել հավելյալ կրթության կազմակերպման տարբեր և արդյունավետ մոտեցումներ ու անհրաժեշտ միջոցներ տրամադրել սա իրականացնելու համար։

Խոսելով հանրակրթության և բարձրագույն կրթության մասին առանձին-առանձին՝ փաստաթղթի հեղինակները, նախ, առաջարկում են բարեփոխել հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմնի՝ Խորհուրդի կազմն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև բացառել այդ Խորհուրդներում շահերի բախումը։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա փաստաթղթի հեղինակները նշում են օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ավելի թափանցիկ, անկախ և բարեվարքված դարձնելու բուհերի կառավարման համակարգը։

Քննարկվող փաստաթղթում, բացի կրթության ոլորտի կառավարման արդյունավետությունը բարձրացնելուց, պակաս ուշադրություն չի հատկացվում կրթության բուն որակի խնդրին։

Այսպես, ինչպես նշվում է ՀԿ-ների ստորագրած հայեցակարգում, հեղինակավոր միջազգային TIMSS-2015 ստուգատեսում հայաստանյան աշակերտների գրեթե կեսի արդյունքները ցածր կամ հավասար են եղել սահմանված նվազագույն մակարդակին, մինչդեռ աշակերտների միայն 2%-ին է հաջողվել հաղթահարել սահմանված առավելագույն շեմը: Արձանագրվել է նաև, որ Հայաստանում ապրող 19-20 տարեկան երիտասարդների մոտ 10%-ն ունի ֆունկցիոնալ գրագիտության ցածր մակարդակ:

Ըստ այդմ, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են հաշվառել ֆունկցիոնալ գրագիտության ցածր մակարդակ ունեցող 5-11-րդ դասարանների աշակերտներին և բուհերի առաջին կուրսեցիներին և լրացնել նրանց գիտելիքների բացը։ Նաև, առաջարկվում է մշակել արտաժամյա ուսուցման մեթոդներ, վերանայել կրթական ծրագրերն ու դասագրքերը, ավելացնել հանրակրթական ոլորտի ֆինանսավորումը և կիրառել հաջողված միջազգային փորձը։

Հատուկ մտահոգության տեղիք են տալիս նաև կրթական համակարգում սոցիալական արդարության և հավասարության խնդիրները, որոնց պատճառով խախտվում է հազարավոր երիտասարդների՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումը։ Այս ուղղությամբ բարեփոխումների հայեցակարգի հեղինակներն առաջարկում են ընդունել Կրթության զարգացման ռազմավարական ծրագիր, որում հաշվի առնված կլինեն վերոնշյալ հարցերը, ինչպես նաև հատուկ վերապատրաստում անցկացնել մանկավարժների համար՝ շեշտադրելով գենդերային հավասարության, հակախտրականության, հանդուրժողականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության, կայուն զարգացման արժեքների ուսուցանումը։

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։

Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում» այլ ոլորտներին առնչվող հարցերին ու առաջարկություններին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։


Կարդացեք նաև