Հակիրճ՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

27.02.2019 | 17:03 | Արտաքին քաղաքականություն

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Իրան 2018 թվականի գարնանը մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և ըստ այդմ, այս այցից ակնկալիքներն ու սպասումները հասկանալիորեն մեծ են:

Հայաստանի անկախության շրջանում հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, և Իրանն առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Փոխադարձ այցեր

1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը:

Նույն՝ 1992 թվականին, երկու երկրների մայրաքաղաքներում բացվում են դիվանագիտական ներկայացուցչություններ, և սկսվում են բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը: Ուշագրավ է, որ 1992թ. փետրվարին տեղի է ունենում ինչպես ՀՀ արտգործնախարարի այցն Իրան, այնպես էլ՝ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարներն Իրան են այցելել ինն անգամ. Լևոն Տեր-Պետրոսյանն ԻԻՀ է այցելել 2 անգամ 1992թ. և մեկ անգամ 1995-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2 անգամ 2001 և 2006 թվականներին, Սերժ Սարգսյանը՝ 4 անգամ 2009, 2011, 2013 և 2017 թվականներին:

Իրանի ղեկավարները Հայաստան են այցելել հինգ անգամ: Առաջինն Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի 2004թ. այցն էր: Իրանի նախագահներից միակը, որը Հայաստան է այցելել մեկից ավելի անգամ, Մահմուդ Ահմադինեժադն է: Վերջինս Հայաստան է այցելել երկու անգամ 2007 թվականին և մեկ անգամ 2011 թվականին: Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին Հայաստան է այցելել 2016 թվականին:

Համատեղ ծրագրեր

Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Իրանն իրականացրել են մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Արաքս գետի վրա երկու երկրները կապող կամուրջի կառուցումը (1996 թվական), Պուշկինի լեռնանցքում հողմաէլեկտրակայանների կառուցումը (2006 թվական), Մեղրի-Կապան այլընտրանքային ճանապարհի կառուցումը (2007 թվական), Իրան-Հայաստան գազատարի կառուցումը (2008 թվական):

Վերոնշյալ գազատարով Հայաստանը ներկայում օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է ստանում Իրանից և փոխարենն Իրան մատակարարում մեկ խորանարդ մետր գազի դիմաց 3կվտ ժամ էլեկտրաէներգիա: Այս ծրագիրն իրականացնելու համար գործում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, իսկ երրորդ գծի շինարարության աշխատանքներն ընթացքի մեջ են: Հայ-իրանական էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սակայն, ներկայում մեծապես կախված է երրորդ կողմից՝ Ռուսաստանից, քանի որ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային պայմանագրերով Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները հանձնվել են ռուսական կողմի կառավարմանը:

Հայերն Իրանում

Իրանում ավանդաբար գործում է հայկական սփյուռքի հնագույն և խոշորագույն համայնքներից մեկը: Հայերն Իրանում բնակվում են անհիշելի ժամանակներից, սակայն ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ շահ Աբասի կողմից Արևելյան Հայաստանից շուրջ կես միլիոն մարդ է բռնի կերպով տեղափոխվել Իրան:

Հայերը մշտապես կարևոր դեր են խաղացել Իրանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում: Ներկայում Իրանի հայերի թվի մասին պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի։ Ըստ հայտնի իրանագետ Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. Արդի հիմնախնդիրներ» հետազոտության՝ նրանց թիվն այժմյան Իրանում հասնում է 50 հազար մարդու։ Հայերի մեծամասնությունն ապրում է Թեհրանում, սակայն մշակութային նշանակությամբ առավել կարևոր է Սպահանը, որտեղ հայերը մեծ մշակութային ժառանգություն ունեն:

Իրանի խորհրդարանում հայ համայնքն ունի երկու ներկայացուցիչ: Իրանը, չնայած իսլամական հանրապետություն լինելուն, իր հովանու ներքո է պահում հայկական եկեղեցիները և մշակութային կազմակերպությունները, այդ թվում՝ դպրոցները:

Առևտուր

Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի՝ Հայաստանն Իրանից ներմուծում է հիմնականում գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութ և մեքենաներ, իսկ արտահանում՝ էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ և մետաղական թափոններ:

2018 թվականին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը հեռանկարում կարող է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության նոր ուղիներ բացել:

2016 թվականին ստորագրվել է Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչի արդյունքում ավելացել է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ այսօր Հայաստանում գրանցված է ավելի քան 3000 իրանական ընկերություն, իսկ ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում Իրանը 6-րդ տեղում է:

Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան տեղի է ունենում այդ երկրի համար բավական բարդ ժամանակահատվածում: Նախ, վերջին տարիների կտրվածքով աննախադեպ լարված են Իրան-ԱՄՆ հարաբերությունները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարավոր չեղարկման և նոր պատժամիջոցների հավանականության հետ: Հայաստանի համար Իրանի նկատմամբ արտաքին ճնշումները կարող են ունենալ ցավալի հետևանքներ, եթե պաշտոնական Երևանը դրանց հետևանքով ստիպված լինի սահմանափակել իր հարաբերությունները Թեհրանի հետ: Բացի դա, Իրան-Արևմուտք հարաբերությունների վատթարացման ֆոնին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ինչը խոսում է նաև այդ երկրում որոշակի ներքին տարաձայնությունների մասին:

Մյուս կողմից, սակայն, ՀՀ նոր իշխանությունները, ի դեմս վարչապետ Փաշինյանի, մշտապես հայտարարել են, որ Հայաստանը պետք է խորացնի հարևան Իրանի հետ հարաբերությունները: Հարկ է նաև նշել, որ Իրանը խոշոր տարածաշրջանային դերակատար է, և Իրանի հետ հարաբերություններն ու բանակցությունները չեն սահմանափակվում զուտ երկկողմանի թեմաներով, այլ ներառում են նաև հայ-ադրբեջանական, հայ-վրացական, հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող կողմեր:

Վահե Ղուկասյան


Կարդացեք նաև