Վճարովի պարապմունքները կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում։ Առաջարկներ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Հայաստանում կրթության անբավարար որակի մասին վկայող ամենախոսուն փաստերից մեկը, թերևս, կրկնուսույցների և վճարովի պարապմունքների պրակտիկայի տարածվածությունն է։

Հայաստանյան հանրակրթական դպրոցներում աշակերտներին տրամադրվող գիտելիքները, փաստացի, չեն բավականացնում բաձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար, ինչի պատճառով առաջ է գալիս լրացուցիչ վճարովի պարապմունքների անհրաժեշտությունը։ Սակայն եթե դպրոցի տարածքում վճարովի հիմունքներով լրացուցիչ կրթություն տրամադրելու գործընթացը կարգավորված է օրենսդրությամբ և իրականացվում է ծնողի և դպրոցի միջև կնքվող համապատասխան պայմանագրով, ապա դպրոցից դուրս, օրինակ՝ ուսուցչի տանը մատուցվող պարապմունքների հարցը որևէ իրավական կարգավորում չունի։

Ո՞րն է խնդիրը

Դպրոցում աշակերտներին մատուցվող կրթության անբավարար որակի պայմաններում առաջանում են կոռուպցիոն ռիսկեր և շահերի բախումներ՝ կապված ուսուցիչների կողմից աշակերտներին վճարովի պարապմունքների ներգրավելու հետ։

Մասնավորապես, ինչպես նշվում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» և «Հանրային քաղաքականության ինստիտուտի»  «Վճարովի պարապմունքները հանրակրթական դպրոցներում. Պատճառներ և հետևանքներ» համառոտագրում, հնարավոր չէ բացառել, որ ուսուցիչն աշակերտների ցածր առաջադիմությունը կարող է ընկալել որպես լրացուցիչ եկամտի հնարավորություն։ Իսկ այս պարագայում հավանական է թե՛ անհիմն ցածր գնահատականների նշանակումը և թե՛ աշակերտներին անհիմն պահանջներ ներկայացնելը կամ այլ չարաշահումները։

Բացի սա, վճարովի պարապմունքների ամենաբացասական հետևանքներից մեկն աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելն է. ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, որի հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Ուսուցչի երկակի դերն ազդեցություն է ունենում նրա մոտիվացիայի և դիրքորոշման վրա և առաջացնում է շահերի բախման իրավիճակ:

Ուշագրավ է նաև, որ ուսուցիչները շահագրգռված չեն լրացուցիչ վճարովի պարապմունքների կազմակերպումն իրականացնել ծնողների հետ օրինական պայմանագրային հարաբերությունների հիման վրա, քանի որ այդպես կրճատվում են նրանց եկամուտները, իսկ գումարի մի մասն ուղղվում է դպրոցի ծախսերին։

Ո՞րն է լուծումը

Վերոնշյալ համառոտագրի հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են մի շարք բարեփոխումներ, որոնք թույլ կտան լուծել նշված խնդիրը։

Մասնավորապես, առաջարկվում է օրենսդրորեն արգելել առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց մասնավոր պարապմունքների տրամադրումն իր աշակերտներին` անկախ դասընթացների անցկացման վայրից, ինչպես նաև սահմանել պատասխանատվություն աշակերտներին մասնավոր պարապմունքների դրդելու և ընտրողական վերաբերմունքի համար։

Առաջարկվում է վերահսկողություն սահմանել դպրոցներում լրացուցիչ վճարովի կրթական ծրագրերի իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության նկատմամբ։

Բացի սա, առաջարկվում է նաև բուհերի ընդունելության քննությունների առաջադրանքների բարդությունը համապատասխանեցնել հանրակրթական դասագրքերի առաջադրանքների բարդությանը, վերանայել դասագրքերի բովանդակությունը և սահմանել աշակերտների առաջադիմության գնահատման և թվանշանի ձևավորման հստակ չափանիշներ։ Սրան զուգահեռ, ըստ համառոտագրի հեղինակների, պետք է ավագ դպրոցների ուսուցիչներին առաջադրվի աշակերտների բարձր կրթական արդյունքների ապահովման պահանջ՝ միաժամանակ ապահովելով պատշաճ վարձատրությամբ և խորհրդատվական-մեթոդական աջակցությամբ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

Похожие записи: