Վնասվածքների մասին համապարփակ վիճակագրությունը թույլ կտա կանխել դրանք

28.03.2019 | 15:20 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Ամեն տարի աշխարհում 5,8 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքներից, որը կազմում է բոլոր պատճառներից առաջացած մահերի 10 տոկոսը և հաշմանդամության բոլոր պատճառների՝ 16 տոկոսը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, վնասվածք ստանալու ավելի բարձր ռիսկը սպառնում է ավելի ցածր սոցիալտնտեսական շերտերի ներկայացուցիչներին, որոնք ավելի քիչ են օգնություն ստանում կանխարգելիչ ծրագրերից:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ «Վնասվածքների (տրավմատիզմի) հիմնախնդիրներն աշխարհում և Հայաստանում» զեկույցի, ՀՀ վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների հետևանքով Հայաստանում ամեն տարի մահանում է ավելի քան 1200 մարդ։ Այս ցուցանիշը կազմում է Հայաստանում ամեն տարի գրանցվող մահերի 4,8 տոկոսը և մահվան մյուս պատճառների թվում զբաղեցնում չորրորդ տեղը։

Ընդ որում, ըստ 2017 թվականին հրապարակված զեկույցի տվյալների, 2005-2017թթ․ ավտովթարների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 4000 մարդ:

Ուշագրավ է, սակայն, որ ինչպես ցույց են տալիս են հետազոտության տվյալները, տարբեր տեսակի վնասվածքները հատուկ են լինում տարբեր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին։

Այսպես, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարների առավելագույն մեծ թվով մահվան դեպքերը գրանցվում են 15-29 տարիքային խմբում: Մասնավորապես, 2015թ. դրությամբ գրանցվել է ՃՏՊ առաջացած մահացության 319 դեպք, ընդ որում՝ դեպքերի 80 տոկոսն արձանագրվել է տղամարդկանց մոտ, 87 տոկոսը՝ 16-62 տարեկանների խմբերում:

Վնասվածքների տեսակների բազմազանությունը, սակայն, պարտադրում է այդ գործում տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավում և մասնակցություն, որպեսզի ստեղծվի վնասվածքների տարածվածության վերաբերյալ համապարփակ տեղեկատվական համակարգ։

Ընդհանրապես, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ վնասվածքների կանխարգելման արդյունավետ ծրագրի մշակման համար կարևոր պայման է հանդիսանում վնասվածքների մասին ամբողջական տվյալների առկայությունը:

Վնասվածքների օրինաչափությունների դիտարկումն օգնում է պարզել վնասվածքների տարածվածությունը կանանց և տղամարդկանց, երեխաների և տարեցների մոտ, որն էլ հնարավորություն է տալիս մշակել հասցեական կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված բնակչության առանձին սեռատարիքային և սոցիալական խմբերին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ըստ այդմ, առաջարկում է, որ Հայաստանի առողջապահական ոլորտն ունենա առանձին պատճառներից առաջացած վնասվածքների և մահվան ելքերի վերաբերյալ տվյալների համեմատությունը այլ պատճառներից առաջացած վնասվածքների և մահվան ելքերի վերաբերյալ տվյալների հետ, ինչպես նաև բնակչության տարբեր խմբերում հիվանդացության և մահացության ցուցանիշների հաշվարկ` 100 000 բնակչության հաշվով:

Ըստ այդմ, առաջնորդվելով ԱՀԿ-ի առաջարկություններով, նպատակահարմար է առանձնացնել առողջապահական համակարգին վերապահված հետևյալ ուղղությունները՝ քաղաքականության մշակում, տվյալների հավաքագրում, տուժածներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում, կանխարգելում, կադրային ներուժի մասնագիտական վերապատրաստում և հանրային իրազեկում:

Հարկ է նշել, որ այս նպատակով Հայաստանում արդեն մշակվել է «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում գրանցված վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների մասին» հաշվետվական նոր ձև։

Հաշվետվական ձևում վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է՝ ըստ տարիքային խմբերի, ինչպես նաև ըստ վնասվածքների բնույթի։

Հաշվետվական ձևի ներդրումը հնարավորություն կընձեռնի ստեղծել վնասվածքների վերաբերյալ տեղեկատվական համակարգ և իրականացնել համալիր գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված հետագա վնասվածքների նվազեցմանը կանխարգելիչ միջոցառումների բարելավման և քաղաքականության մշակման գործում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։


Կարդացեք նաև