«Տնային տնտեսուհու» դերը և խտրական վերաբերմունքը կանանց նկատմամբ

29.04.2019 | 11:33 | Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ

Չնայած Հայաստանում վերջին շրջանում նկատվող բարեփոխումներին և քաղաքական-հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին, մեր հասարակության մեջ կանանց նկատմամբ շարունակվում է անհավասար, խտրական վերաբերմունք կիրառվել մի շարք ոլորտներում։

Խնդիրը

Ինչպես նշվում է «Վորլդ Վիժնի» «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված «Առօրյայի անտեսանելի կողմը․ գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտության մեջ, հայաստանյան հասարակությունը հայրիշխանական է և ապրում է տղամարդկային փոխհարաբերությունների օրենքներով, իսկ կանայք դուրս են մնում հասարակական կյանքում իրականացվող հաղորդակցությունից։

Բավական ծավալուն հետազոտության մեջ հատուկ ուշադրություն է հրավիրվում առօրյա աշխատանքներում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և աշխատանքի անհավասար բաշխման խնդրի վրա։

Ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանում տնային, առօրյա աշխատանքներ իրականացնող կինը՝ տնային տնտեսուհին, ավելի քիչ հեղինակություն ունի, քան տղամարդը, որը գումար է վաստակում ու ընտանիքը պահում, և հետևաբար՝  տղամարդուն է «պատկանում» վերջնական որոշում կայացնողի իրավունքը:

Հատկանշական է, որ այս խնդրի խորքային պատճառը հետազոտության հեղինակները տեսնում են երեխաների դաստիարակության մեջ։ Այսպես, ըստ հետազոտության հեղինակների, Հայաստանում 8-9 տարեկանից սկսած՝ երեխաների մեջ դրվում է սեռային-դերային բաժանումը, որտեղ աղջիկ երեխաների սահմանափակումներն ավելի շատ են, իսկ դաստիարակության ձևերն՝ ավելի խիստ: Որպես հետևանք, ի տարբերություն տղաների՝ աղջիկներն ավելի շատ են մասնակցում տան կենցաղային գործերին՝ ճաշ եփել, տունը մաքրել, խանութ գնալ, կով կթել, սուրճ եփել, ամանները լվանալ, անկողինը հավաքել, թխվածք թխել, զբաղվել փոքր երեխաների խնամքով և այլն:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, այսպես ասած, «կանանց վերապահվող» աշխատանքների կատարումը տղամարդու կողմից հասարակության կողմից դիտվում է որպես ամոթալի երևույթ։ Հատկապես այս խնդիրը սուր է հասարակության այն շերտերում, որոնք բնակվում են գյուղական համայնքներում և չունեն բարձրագույն կրթություն։

Առաջարկությունները

Վերլուծելով հետազոտության արդյունքում ձեռք բերված նյութերը՝ ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են բարձրացնել Հայաստանի կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների գիտելիքները՝ արժեքների ձևավորման, վերակառուցման, «գենդեր» հասկացության վերաբերյալ, և վերանայել դպրոցական դասագրքերը։

Կրթությանը զուգահեռ, անհրաժեշտ է ընտանիքներում կիրառել երեխաների դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնցում չկան կարծրատիպային տարբերություններ տղա և աղջիկ երեխաների միջև: Այս հարցում հատկապես շատ է կարևորվում հայրերի մասնակցությունը երեխաների դաստիարակության գործում։

Կրթությունը պետք է նպաստի կնոջ դերի մեծացմանը, և հետևաբար, առաջարկվում է ճիշտ կրթության միջոցով կնոջը հնարավորություն տալ ձեռք բերել տնտեսական ինքնուրույնություն:

Հանրությանը խնդրի մասին առավել լավ իրազեկելու և հարցի համար քննարկման նոր հնարավորություններ գտնելու համար անհրաժեշտ է նաև ԶԼՄ-ների մասնակցությունը՝ հստակ մշակված քաղաքականություն իրականացնելու համար։

Հզոր պետություն ունենալու համար կարևոր նախադրյալներից են հզոր անհատները՝ հզոր քաղաքացիները։ Չնայած սրան, Հայաստանում քաղաքացի-անհատների կեսը՝ կանայք, առերեսվում են խտրականության որոշակի դրսևորումների, որոնք խոչընդոտում են նրանց զարգացմանն ու կայացմանը։

Հայաստանի կրթական համակարգում գենդերային խտրականության մասին կարող եք կարդալ այստեղ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։


Կարդացեք նաև