ԱԱԾ-ն իրագործում է ՌԴ հակաուկրաինական պատժամիջոցները

02.05.2019 | 10:36 | Արտաքին քաղաքականություն

Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում մեկնարկել է Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվել է տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ուժերով: Միջոցառմանը մասնակցելու են նաև հյուրեր Վրաստանից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ: Քննարկման առարկա է նաև Ուկրաինայի հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների կիրառելիությունը Հայաստանում: Այս միջոցառման առանցքային մասնակիցներից մեկն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմն է:

Սակայն, ինչպես արդեն հայտնի է, Նայեմին մայիսի 1-ի գիշերը «երրորդ երկրի պահանջով» թույլ չէին տվել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երեկ առավոտյան Ուկրաինայի դեսպանատան միջամտությունից հետո պատգամավորին թողեցին «մեկ անգամ» մուտք գործել Հայաստան:

«Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է: Բանն այն է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՌԴ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել էր «Ուկրաինայի հակառուսական պատժամիջոցների դեմ պատասխան միջոցների մասին» հրամանագիրը, որը տարածվում է 68 իրավաբանական և 322 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի վրա:

Այսինքն, այս պահին առկա փաստերը գալիս են վկայելու, որ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք կարող են որոշել, թե ով կարող է մուտք գործել Հայաստան, իսկ ով՝ ոչ, կամ Հայաստանն առանց համապատասխան իրավական ակտի ընդունման միացել է Ռուսաստանի հակաուկրաինական պատժամիջոցներին:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ գործ ունենք պետականության ու անկախության լուրջ մարտահրավերի հետ, և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է օր առաջ դադարեցնի այլ պետության շահերը սպասարկող քաղաքականությունը:

Ռուսաստանյան սահմանապահները

Մուստաֆա Նայեմը Հայաստան էր ժամանել օդանավով և սահմանը փորձել էր հատել «Զվարթնոցի» անցակետում: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան սահմանապահները Հայաստանում գործում են ոչ միայն Թուրքիայի և Իրանի սահմանին, այլև հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Առայժմ հայտնի չէ, թե ուկրաինացի պատգամավորի մուտքն արգելողները Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի սահմանապահներն էին:

Սակայն հարկ է նշել, որ «Զվարթնոցում» ռուսաստանցի սահմանապահների առկայությունն ամբողջությամբ ապօրինի է, քանի որ ՀՀ և ՌԴ միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով ռուսաստանյան սահմանապահներն իրավունք չունեն ներգրավվել Թուրքիայի և Իրանի հետ սահմանը պաշտպանելուց տարբերվող որևէ գործառույթի մեջ:

Այդ մասին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» բարձրաձայնել է բազմիցս՝ դեռևս 2015 թվականից սկսած, թեև այս խնդիրն ավելի վաղ ծագում ունի․ ռուսաստանյան սահմանապահները պարզապես չեն հեռացվել «Զվարթնոցից» ԽՍՀՄ փլուզումից հետո:

Չի բացառվում, որ Հայաստանի սահմանների կառավարման հարցում Ռուսաստանի այսօրինակ ազդեցությունը պայմանավորված է նաև հենց այն հանգամանքով, որ «Զվարթնոցում» ուղևորների անձնագրային վերահսկողությունն իրականացնում են նաև ռուսաստանցի սահմանապահները:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև