Եվրո-ասոցացվածներ ու ԵՏՄ անդամներ. ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են արձանագրվում ու սպասվում

Եվրամիության (ԵՄ) Արևելյան գործընկերության 6 երկրներից 2-ը՝ Հայաստանն ու Բելառուսը, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետություններ են, 3-ը՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրներ, իսկ մեկը՝ Ադրբեջանը, ո՛չ ԵՏՄ կազմ է մտել, ո՛չ էլ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։ Հետաքրքիր է առանձնացնել, թե տնտեսական ի՞նչ ցուցանիշներ ու միտումներ են արձանագրվում մի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Վրաստանում, Ուկրաինայում ու Մոլդովայում, մյուս կողմից՝ ԵՏՄ-ի մաս կազմող Հայաստանում ու Բելառուսում, ինչպես նաև՝ Ղազախստանում ու Ռուսաստանում։

Գծագիր 1․ ՀՆԱ աճի ցուցանիշները 2014-ին ԵՏՄ անդամ և Ասոցացման համաձայնագիրը ստորագրած պետություններում, %

Untitled

Ինչպես երևում է գծագիր 1-ից, Ասոցացման համաձայնագիրը ստորագրած Մոլդովայում ու Վրաստանում տնտեսական աճի ցուցանիշը ավելի բարձր են եղել 2014-ին, քան ԵՏՄ մյուս 4 պետություններում։ Միաժամանակ՝ Ասոցացման համաձայնագիրն ստորագրած Ուկրաինայում արձանագրվել է 6.8% անկում, թերևս պայմանավորված այդ երկրի արևելքում տեղին ունեցող պատերազմով։ Գծագիր 2-ում ներկայացված են այս տարվա վերաբերյալ ՀՆԱ աճի կանխատեսումները, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս հրապարակած զեկույցի, իսկ գծագիր 3-ում՝ 2016 թվականի կանխատեսումները[1]։

Գծագիր 2․ ՀՆԱ աճի կանխատեսումը 2015-ի համար, ըստ ԱՄՀ-ի, %

Untitled1

Ինչպես երևում է գծագիր 2-ից, ԵՏՄ անդամ 4 պետություններից 3-ում այս տարի տնտեսական անկում է կանխատեսվում, ընդ որում՝ Հայաստանում -1%։ Ասոցացման համաձայնագիրն ստորագրած 3 երկրներից էլ 2-ում է անկում նախատեսվում՝ Մոլդովան ևս միանում է բացասական ՀՆԱ դինամիկա արձանագրող երկրներին։

Ինչ վերաբերում է 2016-ին, ապա, ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների, Ասոցացման համաձայնագիրն ստորագրած երկրներում հեռանկարները նկատելիորեն ավելի լավն են, քան ԵՏՄ անդամ պետություններում (Գծագիր 3)։

Գծագիր 3․ ՀՆԱ աճի կանխատեսումը 2016-ի համար, ըստ ԱՄՀ-ի, %

Untitled1

Այսպես, ԵՏՄ անդամ 4 երկրներից 2-ում՝ Ռուսաստանում ու Բելառուսում, ՀՆԱ-ն եկող տարի կշարունակի նվազել, Հայաստանում այն ո՛չ կաճի, ո՛չ կնվազի, իսկ Ղազախստանում, ինչպես միշտ, կաճի։ Մինչդեռ Ասոցացման համաձայնագիրն ստորագրած բոլոր 3 երկրներում էլ տնտեսական աճ կգրանցվի։

Այսպիսով՝ թեև և՛ Ասոցացման համաձայնագիրը ստորագարած երկրներում (բացառությամբ Վրաստանի), և՛ ԵՏՄ անդամ պետություններում (բացառությամբ Ղազախստանի) տնտեսական անկում գրանցվել է նախորդ տարի կամ կգրանցվի այս տարի, այնուամենայնիվ եկող տարի Ասոցացման համաձայնագիր ստորագրած բոլոր պետությունները, ըատ Արժույթի միջազգային հիմնադրամի, կմտնեն տնտեսական աճի փուլ, մինչդեռ ԵՏՄ-ում ճգնաժամն ու անկումը կշարունակվի (չհաշված Ղազախստանը)։

Հրայր Մանուկյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 

[1] http://www.imf.org/external/pubs/ft/weo/2015/01/pdf/c2.pdf

Առնչվող