Ռուսական պրոպագանդան սպանեց «Էյր Արմենիան»

16.07.2015 | 10:04 | Արտաքին քաղաքականություն

2014 թվականին Հայաստանը ունեցավ նոր ազգային ավիափոխադրող, որը շատ արագ սկսեց թափ հավաքել ու շուկան գրավել, սակայն ամիսներ անց հաջողակ «Էյր Արմենիան» հասցվեց սննակության եզրին: «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» որոշեց ուսումնասիրել այդ անկման պատճառները:

Հաջողակ սկիզբ

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը իր ուղևորափոխադրումները սկսելիս բավական խոստումնալից կանխատեսումներ էր անում: Օրինակ՝ 2013թ. նոյեմբերի 28-ին ընկերության հիմնադիր Վահան Հարությունյանը ասել է , որ մեկ ամսում իրենց սպասելիքները լիովին արդարացել են:

«Էյր Արմենիա»-ն շաբաթական իրականացնում էր 25 զույգ թռիչք. Երևանից Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Եկանտիրինբուրգ, Սոչի և Կրասնոդար: Ըստ “АвиаПорт” –ի ավիատոմսի միջին արժեքը ռուսական ուղղության վրա կազմում էր 216 դոլար և օդանավերի միջին բեռնվածությունը կազմում էր 72%: Այսպիսով՝ ավիաընկերությունը մեկ շաբաթում միջինում փոխադրում էր 5,000 ուղևոր և տոմսերի վաճառքից ստանում էր 1,080,000 դոլար:

Ամեն ինչ կարծես հարթ էր ընթանում, մինչև, որ «Էյր Արմենիա»-ն սկսեց խանգարել ռուսական ավիաընկերություններին: Ըստ ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի՝ ռուսական ավիաընկերությունները դեմփինգային քաղաքականություն են վարել և այժմ ընկերությունը մեծ պարտքերի տակ է, որը «մեր ժողովրդի վրա է»:

Պրոպագանայի հրետանին

Բացի դեմփինգային քաղաքականությունից՝ ռուսական ընկերությունները 2014թ.-ի աշնանը մեծ թափով օգտագործեցին ԶԼՄ-ների ուժը: Ռուսական լրատվամիջոցները ջանք չխնայեցին տարածելու «Էյր Արմենիայի» Ռուսաստանի «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիա» պետական վարչական ունիտար կազմակերպությանը ունեցած պարտքի մասին: Մասնավորապես, սեպտեմբերի 11-ին РБК, РиаНовости, Lenta.ru, Росбалт և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում հայտնվեց «Ռուսաստանը դադարեցնում է «Էյր Արմենիա»-ի սպասարկումը պարքերի պատճառով» հոդվածը: Հոդվածներում նշվում էր, որ «Էյր Արմենիա»-ն ռուսական կազմակերպությանը ընթացիկ պարտքը կազմում է ավել քան 700 հազար ԱՄՆ դոլար, իսկ ժամկետանց պարտքը՝ մոտ 400 հազար ԱՄՆ դոլար:

Այս լուրը, բնականաբար շատ արագ, տարածում գտավ հայկական լրատվամիջոցներում: «Էյր Արմենիա»-ն արձագանքեց և իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ:

«Գործարարության նորմերը պահանջում են, որպեսզի նման ծանուցումները կատարվեն ուղիղ հաղորդագրության միջոցով, այլ ոչ թե հրապարակայնորեն, և հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակով է կատարվել խուճապ առաջացնող վերոհիշյալ հայտարարությունը:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև վերջերս Պետական կորպորացիային վճարումները կատարում էր ԱՄՆ դոլարով: Սակայն իրականացված որոշ վճարումներ չեն հասել հասցեատիրոջը, քանի որ ԱՄՆ-ի և Եվրոմիության կողմից կիրառվել են պատժամիջոցներ Պետկորպորացիային սպասարկող ռուսաստանյան «ՍՆՊ» բանկի նկատմամբ: Խնդիրը քննարկվել է Պետկորպորացիայի ղեկավարության հետ և համաձայնեցվել են դրա լուծման ուղիները և ժամկետները:

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ չվերթներն իրականացնում է և իրականացնելու է համաձայն չվացուցակի, և խնդրում է իր հաճախորդներին և գործընկերներին չմատնվել խուճապի վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ»,- նշված էր հաղորդագրությունում:

«Էյր Արմենիա»-ն ստիպված եղավ նույնիսկ հրապարակել իր վճարումների մանրամասն թվերը՝ խուճապից խուսափելու համար: Մասնավորապես, ընկերությունը հայտնեց, որ իրականացրել են 200 հազար դոլարին համարժեք ռուբլիով փոխանցումներ, որոնք հասել են հասցեատիրոջը: Սակայն հերթական 108 հազար դոլարին համարժեք ռուբլու փոխանցման ժամանակ Ամերիաբանկը գրավոր տեղեկացրել է, որ սանկցիաների պատճառով տվյալ փոխանցումը հնարավոր չէ իրականացնել:

Փաստերը քիչ են հետաքրքրում

Ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվության մեջ «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը միտում էր տեսնում: Արսեն Ավետիսյանը նշում էր, որ թռիչքների դադարեցման մասին նույնիսկ հայտարարություն է տարածել ռուսական հեռուստաընկերություններից մեկը, ինչը մեծ իրարանցում է ստեղծել: Ըստ տնօրենի, այս հայտարարության պատճառով հնարավոր է, որ ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ կրի, քանի որ շատերը պարզապես վերադարձնում են նախապես գնված ավիատոմսերը:

Նա ասել էր, – «Եթե էս ամեն ինչի մեջ եղել է ինչ-որ միտում, ապա այն իրեն արդարացրել է: Այսօրվա օրվա դրությամբ նույնիսկ ծանոթ մարդիկ տոմսերը հետ են տալիս»:

Ռուսական կողմը շատ հստակ հասկանում էր, թե ինչպիսի հետևանք կունենա «Էյր Արմենիայի» դեպի Ռուսաստան թռիչքների կասեցումը: «Էյր Արմենիայի» ուղևորափոխադրումների հիմանական մասը, ինչպես նշեցինք, բաժին էր ընկնում հենց դեպի Ռուսաստան իրակացվող թռիչքներին և հետևապես ապահովում էր եկամտի էական ծավալը: Իսկ դա, անշուշտ, սկսեց վնասել Հայաստան-Ռուսատան ավիափոխադրումնեի իրկանացնող ռուսական ավիաընկերությունների բիզնեսին ու շահութաբերությանը:

Անկումը

Այսպիսով՝ ռուսական ընկերությունների դեմփինգային քաղաքականության և ռուսական ԶԼՄ-ների կողմից բարձրացրած խուճապի հետևանքով  «Էյր Արմենիա»-ն   հայտարարեց , որ ժամանակավոր դադարեցնում է թռիչքները մի շարք ուղղություններով։ «Էյր Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում նշված էր, որ ընկերությանը սնանկացնելու փորձեր են եղել:

2014 թ. սեպտեմբերի 11-ին ռուսական լրատվամիջոցների տարածված ապատեղեկատվության պատճառով  խուճապ առաջացավ թե՛ ուղևորների, թե՛ կրեդիտորների և թե՛ դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:

Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները՝ հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները՝ պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները:

Այսպիսով, միմիայն ռուսական լրատվամիջոցներով տարածված ստի արդյունքում բավականին հաջող սկիզբ ունեցող և արագ աճող «Էյր Արմենիան» հայտնվեց սնանկացման եզրին: Այլ կերպ ասած, ռուսական լրատվամիջոցները՝ ապատեղեկատվություն տարածելով կարողացան Հայաստան-Ռուսաստան ավիափոխադրումների շուկան զավթել ռուսական ավիաընկերությունների համար:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև