Միջազգային արձանագանքը Բաղրամյանին

23.07.2015 | 17:24 | Արտաքին քաղաքականություն

Այսօր լրանում է Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու մեկամսյակը: Այդ դեպքերը բազմատեսակ արձագանքներ են ստացել մի շարք երկրների և միջազգային կառույցների կողմից: Ստորև անդրադառնում ենք դրանցից կարևորագույններին:

  1. Ռուսաստան.
    Ռուսական մի շարք քաղաքական գործիչներ առ այսօր տարատեսակ կարծիքներ են հայտնել Հայաստանում ընթացող ցույցերի մասին: Նրանք բոլորը, այդուհանդերձ, կարծես թե համակարծիք են մի հարցում՝ ցույցերը ԱՄՆ էր կազմակերպել: Այսպես օրինակ Պետական դումայի ազգությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վալերի Ռաշկինը հունիսի 26-ին նշել էր, – «Հայաստանի իշխանությունների փոխարեն ես վաղուց արտաքսած կլինեի ԱՄՆ-ի սադրիչ դեսպանին եւ կգնայի ցուցարարների հետ բանակցելու: Չէ՞ որ նրանց դժգոհությունը երկրում սոցիալ-տնտեսական վատթարացումից ավելի քան արդարացի է»: Փաստորեն, եթե ԱՄՆ-ի դեպսանին արտաքսենք Հայաստանի բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծվելո՞ւ են:

Մոտ մեկ շաբաթ անց մի աստիճան ավելի բարձր քաղաքական գործչի՝ Սերգեյ Լավրովի բերանից հնչեց ավելի կոշտ կարծիք ցուցարարների մասին: Հուլիսի 2-ին Լավրովը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր,- «Դուք գիտեք՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները, Ուկրաինայում Մայդանը, ներկայիս իրադարձությունները Հայաստանում… Կա նաև գայթակղություն դրանք օգտագործել հակակառավարական տրամադրությունները սրելու համար, սակայն այդ իրադարձությունների արմատները խիստ տնտեսական են, բայց ոմանց, ըստ երևույթին, օգտակար է թվում ավելի հեռուն գնալ և այդ գործընթացները զարգացնել քաղաքական ճանապարհով»: Փաստորեն, ըստ ՌԴ Արտաքին գործերի նախարարի՝ ազատ ցույցերի մասնակցող ցանկացած երիտասարդ ԱՄՆ լրտես է մեր երկրում:

  1. ԱՄՆ.
    Ի տարբերություն ռուսական կողմի՝ ԱՄՆ դիվանագիտական կառույցները մեր երկրում ցուցարարներին ցրելը նորմա չեն համարել և հակառուսական մեղադրանքներ չեն ներկայացրել: Հունիսի 26-ին 1in.am-ի ներկայացրած հարցազրույցի ընթացքում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը նշել էր «Մենք խորապես մտահոգված էինք ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հունիսի 23-ի վաղ առավոտյան անհամաչափ ուժի կիրառման, նաև լրագրողներին որպես թիրախ ընտրելու համար»:

Բացի այդ՝ Հայաստանում Ամերիկյան դեսպանատան Twitter-յան էջը հետևյալ հայտարարությունն էր տարածել. «Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»:

Ավելին՝ ԱՄՆ դեսպանը հրաժարվել էր քաղաքականացնել Բաղրամյան պողոտայի ցույցերը և դրանք Մայդանի հետ համեմատելն անհիմն էր համարել, – «Չեմ կարծում, որ որևէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք այստեղ՝ Երևանի կենտրոնում, և այն պայքարի, որ տեղի էր ունենում Ուկրաինայում՝ Մայդանում»:

Untitled

  1. Ֆրանսիա.
    Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն վերջերս իր ամերիկացի կոլեգայից էլ ավելի զգուշավոր հայտարարություն էր արել: «Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները վերաբերում էին ներքին քաղաքական կյանքին, ես այստեղ մեկանաբանություններ չեմ կարող անել, ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահի: Տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել և հանդարտվել են», – նշել էր նա: Ըստ Ֆրանսիայի դեսպանի՝ մարդիկ պետք է ունենան իրենց կամքն արտահայտելու ազատություն, բայց մյուս կողմից էլ, ըստ նրա, նաև նորմալ է, որ պետական իշխանությունները միջամտեն, որպեսզի ապահովեն հասարակական կարգը: Այլ կերպ ասած՝ ֆրանսիական դիվանագիտությունը Հայաստանում համ նալին է խփել, համ էլ մեխին՝ ցույց տալով, որ իրենք չեզոք են ու իրենց գործը չի, թե ինչ է տեղի ունենում Բաղրամյան պողոտայի վրա:
  2. Միջազգային կազմակերպություններ.
    Բաղրամյան պողոտայի վրայից ցուցարարներին ցրելը ջրցան մեքենայի օգնությամբ բացասական գնահատական է ստացել նաև մի շարք միջազգային կառույցների կողմից: Այսպես, օրինակ, Human rights watch-ը հորդորել էր հետաքննել ոստիկանության գործողությունները: Այդ մասին կազմակերպությունը հայտարարել էր, – «Հայաստանում ոստիկանությունն ուժ է կիրառել հունիսի 23-­ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ խաղաղ ցույցը ցրելու համար՝ մտահոգություն հարուցելով մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ»:

Նմանօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Amnesty International-ը: Այս կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը այդ մասին հայտարարել էր,- «Հայաստանի իշխանությունները պետք է խուսափեն ծանր տեխնիկայի միջոցով խաղաղ ցուցարարներին ցրելուց, որպեսզի ապահովեն հավաքների և խոսքի ազատությունը։ Տեսանյութերում, որտեղ երևում է, թե ինչպես են ջրնետ մեքենաներից ջրի շիթեր արձակում գետնին նստած խաղաղ ցուցարարների ուղղությամբ, մտահոգության տեղիք են տալիս»։

ԵԱՀԿ ԶԼՄ­-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հունիսի 23-ին դատապարտել էր լրագրողների դեմ բռնության կիրառումը ոստիկանության կողմից: Այդ մասին նա հայտարարել էր, – «Մեդիան ունի իրավունք լուսաբանելու հանրային միջոցառումները եւ լրագրողները պետք է կարողանան ազատ եւ ապահով վիճակում տեղեկություններ հաղորդել, առանց վախենալու ոտնձգություններից եւ ահաբեկումներից»:

Այլ կերպ ասած՝ Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցած ցույցերը տարատեսակ արձագանք են ստացել: Բացառությամբ ռուսական պաշտոնյաների՝ գրեթե բոլոր դիվանագետներն ու միջազգային հեղինակավոր կառույցները օրենքի և ժողովրդավարության օգտին են հայտարարություն արել՝ անկախ իրենց աշխարհաքաղաքական շահերից:

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև