Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել

02.05.2016 | 18:01 | Foreign Policy, Military Cooperation

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն հաստատելու գործում: Արդյունքում պայմանագիրն հաստատվեց ու ուժի մեջ մտավ միմիայն 2016 թվականի փետրվարին:

Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էին (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգեը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից  փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:

Հայաստանին զենքի մատակարարման այսաստիճան դանդաղությունը (10 ամիս) անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին:

Հ.Գ. Հատկանշական է, որ ի հեճուկս պաշտոնական այս տեղեկատվության, ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ այդ պայմանագրով զինատեսակների ցանկի մի մասն արդեն մատակարարվել է: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետյանի հետ, որպեսզի ակնհայտ հակասության մասին մեկնաբանություն ստանանք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also