Ոստիկանի հետ առնչվելիս քաղաքացու իրավունքները

17.07.2016 | 20:15 | Useful resources

Sorry, this entry is only available in Armenian and Russian. For the sake of viewer convenience, the content is shown below in this site default language. You may click one of the links to switch the site language to another available language.

Քանի որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտվանից այցելել են տասնյակ (հնարավոր է՝ հարյուրավոր) քաղաքացիական ակտիվիստների բնակարաններ և տարբեր վայրերից ապօրինաբար ոստիկանության բաժիններ են տանում տասնյակ քաղաքացիների, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հարկ է համարում քաղաքացիներին տեղեկացնել հետևյալի մասին՝

  1. Ցանկացած տարածքում արտակարգ դրություն մտցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրաման, որն անմիջապես պետք է հրապարակվի բոլոր ԶԼՄ-ներով: Այս պահի դրությամբ նման հրաման չկա:
  2. Թեպետ Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերն արտակարգ են, Հայաստանում հայտարարված չէ արտակարգ դրություն և գործում են քաղաքացիների բոլոր իրավունքները, ինչպես այլ օրերին (այդ թվում՝ խաղաղ հավաքների կամ ազատ տեղաշարժվելու իրավունքները):
  3. Քաղաքացին իրավունք ունի ոստիկանին բնակարան չթողնել, եթե վերջինս չի ներկայացնում դատարանի, քննիչի կամ լիազոր այլ մարմնի գրավոր որոշում (օրինակ՝ խուզարկության, կամ բերման ենթարկելու որոշում):
  4. Քաղաքացին իրավունք ունի նկարահանելու ոստիկանության ցանկացած գործողություն և այդ կադրերը համացանց բեռնելու: Այդ թվում՝ քաղաքացին իրավունք ունի նկարահանելու իրեն բերման ենթարկող ոստիկաններին բաժնի ճանապարհի ողջ ընթացքում:
  5. Ոստիկանը քաղաքացուն դիմելուց պարտավոր է ներկայանալ (նշել իր անունը, ազգանունը, կոչումն ու պաշտոնը) և քաղաքացու խնդրանքի դեպքում պարտավոր է նաև ցույց տալ իր վկայականը (անգամ, եթե նա համազգեստով է):
  6. Քաղաքացին պարտավոր չէ ոստիկանի հրավերով գնալ բաժին: Նման պարտականությունը ծագում է միայն այն դեպքում, երբ ոստիկանը քաղաքացուն բերման է ենթարկում, կամ ձերբակալում է, կամ եթե քաղաքացուն նախապես գրավոր ծանուցագիր է տրվել:
  7. Քաղաքացին պարտավոր չէ հավատալ ոստիկանության աշխատակցի բանավոր խոսքին:
  8. Քաղաքացին (եթե մեքենայի վարորդ չէ) պարտավոր չէ ոստիկանին ներկայանալ կամ անձնագիր ցույց տալ:
  9. Ոստիկանը պարտավոր է քաղաքացուն անմիջապես հայտնել իրեն կանգնեցնելու, իրեն այցելելու կամ իրեն դիմելու պատճառների և իրավական հիմքերի մասին, իսկ բաժին տանելու դեպքում՝ նաև կարգավիճակի և իրավունքների մասին:
  10. Բաժին տարված քաղաքացին իրավունք ունի իր մտերիմներին անմիջապես հայտնել իր գտնվելու վայրի մասին և բացարձակ ոչինչ չասել, մինչ իր փաստաբանի ժամանումը:
  11. Որևէ պարագայում ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն սպառնալ, վիրավորել ու խոշտանգել: Խստիվ արգելվում է քաղաքացու վրա հոգեբանական ճնշման գործադրումը: Այդպիսի գործողությունների համար ոստիկանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
  12. Ոստիկանը իրավունք չունի քաղաքացուն հորդորել որևէ իրավիճակում չօգտվելու իր իրավունքներից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


See also