ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը

2010-ից 2013 թվականներին Հայաստանը Եվրոպական Միության հետ վարում էր ասոցացման բանակցություններ: Ու թեև դրանց արդյունքում համաձայնեցվեց փաստաթուղթ, այդուհանդերձ, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին անհնար դարձրեց այս համաձայնագրի կնքումը:

ԵՄ-ի հետ բանակցվող Ասոցացման համաձայնագրի առանցքը ԵՄ-ի և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու հիմնումն էր: Վավերացման պարագայում այս համաձայնագիրը Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների համար կբացեր 510 միլիոնանոց եվրոպական բարձր գնողունակությամբ շուկան, ինչպես նաև էականորեն կավելացներ օտարերկրյա ներդրումների ներհոսքը՝ այդպիսով նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալումից ավելի քան երկու տարի անց՝ 2015թ. դեկտեմբերին, ազդարարվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակային նոր փաստաթղթի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը: Նախատեսվում է, որ այս նոր պայմանագիրը կստորագրվի այս տարի:

Այս համաձայնագրով ԵՄ-ն և Հայաստանը նպատակ ունեն խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը փոխադարձ շահ ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում՝ նկատի ունենալով ինչպես Հայաստանի՝ ԵԱՏՄ առջև ստանձնած նոր պարտավորությունները, այնպես էլ փոփոխված աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս իմաստով հետաքրքրական է քննարկել, թե Հայաստանի համար ինչպիսի նշանակություն կարող է ունենալ նմանատիպ փաստաթղթի կնքումը:

ԵՄն՝ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր

Եվրոպական Միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը՝ սկսած 1998թ.-ից: Վիճակագրական տվյալները վկայում են, որ մինչև 2000թ. ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության տարեկան կշիռը կազմել է մոտ 20.1%, իսկ 2001թ-ին հաջորդող տարիներին աճի տեմպերը որոշ տարիների կտրվածքով հասել են մինչև 50%:

eatm arm

Գծապատկերում ներկայացված է վերջին տարիներին ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ԵՄ և ԵԱՏՄ մասնաբաժինների փոփոխության դինամիկան: Ինչպես երևում է գծապատկերից, 2010թ. դեպի ԵՄ արտահանումը կազմել է ՀՀ ընդհանուր արտահանման մոտ կեսը (48.10%)՝ հասնելով գրեթե 500 միլիոն դոլարի: Առևտրային գործընկերների շարքում ԵՄ-ն պահպանել է իր գերակշիռ դիրքը  անգամ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո. 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ընդհանուր արտահանման մեջ ԵՄ արտահանման մասնաբաժինը կազմել է 26.6% ՝ ԵԱՏՄ-ի 21,98% մասնաբաժնի համեմատությամբ:

Այլ կերպ ասած՝ 2016թ. տասնմեկ ամիսների ընթացքում  դեպի ԵՄ արտահանումը 7.5 մլն դոլարով գերազանցել է դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալներին: Այսպիսի պատկեր ստացվել է այն պարագայում, երբ 2016թ. դեպի ՌԴ  արտահանման ծավալները թուրքական ապրանքների հաշվին ‹‹արհեստականորեն›› ավելացել են մոտ 54%-ով:

ԵՄ-ն՝ որպես օտարերկրյա ներդրումների աղբյուր

ԵՄ երկրները օտարերկրյա ներդրումների գծով Հայաստանի հիմնական գործընկերների թվում են՝ ըստ տարիների գլխավորելով խոշորագույն ներդրողների ցանկը: Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ն ըստ տարիների գերազանցել է ԵՄ երկրներին ներդրումների համախառն հոսքերի ծավալով, 2015թ. վերջին ԵՄ երկրներից կատարված ներդրումների մաքուր պաշարները (նախորդ բոլոր տարիներին կատարված ներդրումների ծավալ հանած պարտավորությունների գծով մարումները, ինչպես նաև կազմակերպությունների լուծարումները) կազմել են մոտ 1,22 տրիլիոն դրամ՝ ԵԱՏՄ անդամ երկրների 1,15 տրիլիոն դրամի համեմատությամբ:  Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ եվրոպական կապիտալ ներդրումները առավել երկարաժամկետ բնույթ  են կրում և Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեն:

Ընդհանուր առմամբ 2014թ. ԵՄ երկրներից ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդհանուր հոսքերի 69%-ը՝ ԵԱՏՄ երկրների 14% մասնաբաժնի համեմատությամբ: 2015թ. ԵՄ և ԵԱՏՄ երկրներից ներդրումների զուտ հոսքերը կտրուկ կրճատվել են՝ հասնելով բացասական մակարդակի (կապիտալի արտահոսք), սակայն 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներից գրանցվել են վերականգնման միտումներ: Այս ժամանակահատվածում ԵՄ երկրներից ներդրումների զուտ հոսքերը հասել են մոտ 86 մլրդ դրամի, մինչդեռ Ռուսաստանի պարագայում գրանցվել է 72 մլրդ դրամի հասնող կապիտալի արտահոսք:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան

Վերը նշված տվյալները վկայում են այն մասին, որ չնայած ԵԱՏՄ անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է հզոր տնտեսական թելերով կապված մնալ ԵՄ-ին: Այս առումով ակնհայտ է, թե որքանով Հայաստանը պետք է շահագրգիռ լինի բանակցային գործընթացի հաջող ավարտով, քանզի հարաբերությունների նման որակական մակարդակի պայմաններում համագործակցության խորացմանը միտված այս համաձայնագիրը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ՀՀ տնտեսական զարգացման համար:

 

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Առնչվող