Ինչ բնութագրեր ունի կնասպանությունը Հայաստանում

2010-2015 թվականներին Հայաստանում կնասպանության 30 դեպքերից 21-ում զոհն ապրել է բռնարարի հետ միասին։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» հասարակական կազմակերպության «Կնասպանությունը Հայաստանում․ Լուռ համաճարակ» ընդգրկուն զեկույցում, որը հրապարակվել է 2016 թվականին, ներկայացվում են մի շարք կարևոր տեղեկություններ կնասպանության և մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, կնասպանությունը կանանց սպանությունն է նրանց գենդերային պատկանելության համար՝ մեծ մասամբ կատարված ամուսինների, զուգընկերների և ընտանիքի այլ անդամների կողմից։

Կոալիցիայի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2010-2015 թվականներին Հայաստանում արձանագրված կնասպանության 30 դեպքերից 21-ում զոհը և բռնարարը բնակվել են նույն տարածքում, 4 դեպքում զոհը փորձել է խզել հարաբերությունները բռնարարի հետ, իսկ 3 դեպքում հարաբերությունները եղել են խզված։ Ընդ որում, արձանագրված 30 դեպքերից 26-ում սպանությունը տեղի է ունեցել տանը, և միայն երկու դեպքը՝ տնից դուրս (մյուս երկուսի դեպքում հանգամանքները պարզված չեն)։

Նույն սպանություններից 22-ը կատարվել են ամուսինների կամ զուգընկերների կողմից, մեկը՝ նախկին ամուսնու, մեկ՝ սկեսրոջ, երկուսը՝ որդու (մնացած դեպքերը պարզված չեն)։

Այս վիճակագրությունը, ի թիվս այլ բաների, ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության վերաբերյալ ՀՀ օրենսդրության բացերի պատճառով հնարավոր չի եղել կանխել ողբերգությունը՝ կիրառելով տարբեր կանխարգելող գործիքներ, օրինակ՝ բռնարարին մեկուսացնելը կամ զոհին ժամանակին ապաստարան տրամադրելը։

Պակաս ուշագրավ չէ նաև Հայաստանում կնասպանության դեպքերի աշխարհագրությունը։ Այսպես, ըստ կոալիցիայի ուսումնասիրության, արձանագրված 30 սպանությունների 63 տոկոսը կատարվել են գյուղական բնակավայրերում, 27-ը՝ քաղաքային, ընդ որում՝ սպանությունների մեծ մասը՝  24-ը, կատարվել են կամ դանակահարության, կամ բութ առարկայով հարվածների, կամ խեղդամահ անելու միջոցով։

Կնասպանության նման վիճակագրությունը, իր հերթին, վկայում է, որ ընտանեկան բռնության և դրա հետևանքների հարցն ավելի սուր է գյուղական և մարզային բնակավայրերում, որտեղ առավել քան Երևանում «ընդունված չէ» բարձրաձայնել այս մասին։

Ցավալի վիճակագրություն է ներկայացվում նաև կնասպանության այս դեպքերից տուժած երեխաների վերաբերյալ։

Մասնավորապես, արձանագրված բոլոր դեպքերում զոհն ու բռնարարը միասին խնամել են երեխաների, որոնք բոլորը մնացել են առանց մայրական խնամքի։ Արձանագրված դեպքերից առնվազն յոթում երեխաները ականատես են եղել իրենց մոր սպանությանը, իսկ նրանցից երեքը նաև վնասվածքներ են ստացել հարձակման ժամանակ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանից ուժի մեջ է մտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի արդյունավետության մասին ուսումնասիրություններ, սակայն, դեռևս չկան։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Առնչվող