Որակյալ կրթությունը՝ որպես աղքատությունը հաղթահարելու գործիք

22.02.2019 | 16:53 | Democracy and Human Rights

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում կրթական համակարգի խնդիրները բազմազան են, սակայն ամենամտահոգիչ խնդիրը կրթության որակի բարելավումն է, որից կախված է հասարակության բարեկեցությունը երկարաժամկետ կտրվածքով։ Վատ կրթությունը բերում է աղքատության, իսկ աղքատությունը՝ վատ կրթության։ Այս արատավոր շղթայից դուրս գալու համար օր առաջ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։

Ինչպես նշվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»  կազմակերպության «Կրթության իրավունքի հասանելիության և հավասարության հիմնախնդիրները ՀՀ հանրակրթության ոլորտում» հետազոտության մեջ, 2010 ‐2015թթ. պետական պաշտոնական վիճակագրության տվյալներով, առկա է ուղղակի կապ բնակչության կրթության մակարդակի և աղքատության միջև:

Ինչքան բարձր է մարդու ստացած կրթության որակը, այնքան հետագայում նա կարող է ավելի լավ աշխատանք ու սոցիալական ապահովվածություն ունենալ, նպաստել իր երկրի զարգացմանը։ Այնինչ կրթության ձախողումը՝ երկարաժամկետ հեռանկարում, առաջ է բերում սոցիալական և ֆինանսական շատ ավելի բարձր ծախսեր՝ պետության համար։

Պայմանավորված ծանր սոցիալական պայմաններով՝ անապահով ընտանիքները ավելի քիչ ռեսուրսներ են ներդնում երեխաների կրթության մեջ, ինչը արտացոլվում է նաև վիճակագրության մեջ։

Այսպես, ըստ հետազոտության տվյալների, հանրակրթական դպրոցներում դրական գնահատականներ՝ 9-10 բալ, ավելի հաճախ ստանում են ապահովված ընտանիքների երեխաները (42,8 տոկոս), քան անապահով ընտանիքների երեխաները (34.3 տոկոս)։ Ընդ որում, ըստ նույն տվյալների, ապահովված ընտանիքների երեխաներն ընդհանրապես չեն ստանում ցածր՝ 0-5 բալ, գնահատականներ, այնինչ 8,7 տոկոս դեպքերում նման գնահատականների արժանանում են անապահով ընտանիքների երեխաները։

Ըստ այդմ, հետազոտության հեղինակներն առաջարկում են, որ պետական քաղաքականությունը՝ հանրակրթության ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնի և մեխանիզմներ ստեղծի անապահով ընտանիքների երեխաների լիարժեք ներառումը որակյալ հանրակրթության մեջ ապահովելու համար:

Երեխաների կրթության որակը պայմանավորված է նաև այլ գործոններով, օրինակ՝ ծնողների կրթվածության մակարդակով, ընտանիքի բնակության վայրի աշխարհագրական տեղակայմամբ, կրթական հաստատությունների ֆիզիկական միջավայրով և այլն։

Ըստ հետազոտության արդյունքների, 675 դպրոց (Հայաստանում գործող դպրոցների 48,6 տոկոսը) ունի նորոգման կարիք։ Այդ դպրոցներից 111-ը գտնվում են Երևանում, որոնցից 86-ը, իրենց հերթին, ունեն ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման կարիք։ Մարզերում նորոգման կարիք ունեցող դպրոցների թիվը 564 է, որոնցից հիմնանորոգումն անհրաժեշտ է 377-ում։ Ընդ որում, չնայած հանրակրթական դպրոցների շենքային և գույքային պայմաններում խնդիրներ առկա են թե քաղաքային, և թե մարզային ու գյուղական դպրոցներում, սակայն առավել խոցելի են այս առումով հենց գյուղական դպրոցները։

Ուստի, ըստ հետազոտության հեղինակների, անհրաժեշտ է առաջնահերթություն տալ գյուղական դպրոցների վերանորոգմանն ու կահավորմանը, ինչպես նաև ժամանակակից ու բավարար քանակով տեխնիկայի ապահովմանը:

Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք Հայաստանում կրթության որակի հետ կապված այլ խնդիրների ևս՝ կապված, մասնավորապես, խտրականության և գենդերային անհավասարության հետ։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։


See also