Հակիրճ՝ հայ-վրացական հարաբերությունների մասին

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Այսօր՝ մարտի 13-ին, Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանում խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Զուրաբիշվիլին առաջին նախագահն է, որը, փաստացի, կատարում է միայն ներկայացուցչական գործառույթներ և իր լիազորությունների շրջանակով մոտ է ՀՀ նախագահին։

Հայաստանի և Վրաստանի միջև բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները վկայում են երկկողմանի հարաբերությունների ինտենսիվության և բազմաշերտության մասին։ Վրաստանը մեծ տարածաշրջանային նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, Վրաստանի տարածքով է Հայաստան մտնում ռուսական գազատարը, վրացական նավահանգիստներից է օգտվում Հայաստանը բեռնափոխադրումների համար։

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Երկու երկրների հարաբերությունների բնույթն ամրագրված է 2001 թվականին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագրով։

Այցեր

Անկախացումից ի վեր Վրաստանի ղեկավարները Հայաստան են այցելել 18 անգամ։ Վրաստանի առաջին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Հայաստան է այցելել 1993 թվականին՝ որպես Վրաստանի Պետության ղեկավար և Վրաստանի խորհրդարանի նախագահ: Հետագայում, նախագահի կարգավիճակով, Շևարդնաձեն Հայաստան է այցելել նաև 1997, 1999 (երկու անգամ) և 2001 թվականներին:

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2004 թվականի մարտին, առաջին անգամ Հայաստան է այցելում վրաց նոր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը հետագայում այցելում է Հայաստան ևս 7 անգամ՝ 2004, 2005, 2006, 2007, 2009,  2011 և 2012 թվականներին:

Վրաստանում կառավարման համակարգի փոփոխությունից հետո, երբ երկրի առաջին դեմքի լիազորությունները բաշխվեցին նախագահի և վարչապետի միջև, Հայաստան են ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին (2013թ․), Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին (2014թ․), վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (2014թ․), վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին (2016թ․ և 2018թ․) և վարչապետ Մամուկա Բախտաձեն (2018թ․)։

Հայաստանի ղեկավարները Վրաստան են սկսել այցելել 1996 թվականից։ Առաջին այցը կատարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դեպի Վրաստան այցելություններն հաճախակիացել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Քոչարյանը Վրաստան է այցելել 7 անգամ՝ 1998, 2000, 2003, 2004, 2005, 2006, 2007 թվականներին։ ՀՀ հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան է այցելել 6 անգամ՝ 2008, 2010, 2011, 2014, 2015, 2017 թվականներին։ Հայաստանում կառավարման համակարգի փոփոխությունից հետո, երբ երկրի առաջին դեմքի լիազորություններն անցան վարչապետին, իսկ նախագահին վերապահվեցին ներկայացուցչական գործառույթներ, 2018 թվականի ընթացքում Վրաստան են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում բացի 2018թ․ մայիսի 30-ին տեղի ունեցած պաշտոնական այցից, Նիկոլ Փաշինյանը Վրաստան է մեկնել նաև 2019 թվականի հունվարի 15-ին և ոչ ֆորմալ հանդիպում ունեցել Մամուկա Բախտաձեի հետ վրացական Բոլնիս քաղաքում։

Սալոմե Զուրաբիշվիլիի այցը

Թեև Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կրում են բարեկամական բնույթ, և հայ-վրացական համագործակցությունը դրսևորվում է բազմաթիվ ոլորտներում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև ժամանակ առ ժամանակ ծագում են որոշակի հարցեր։

Մասնավորապես, Բաքու կատարած իր պաշտոնական այցի ժամանակ՝ փետրվարի 27-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին խնդրահարույց հայտարարություններ էր արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և «օկուպացված» տարածքների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին փորձելու է որոշակի հստակություն մտցնել արցախյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման մեջ։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: