Տարկետման իրավունքը չպետք է ընկալվի որպես բանակից ազատվելու առիթ

26.04.2019 | 18:10 | Democracy and Human Rights

Sorry, this entry is only available in Armenian. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

Հայաստանում թեև հետհեղափոխական շրջանում որոշակի դրական զարգացումներ են տեղի ունենում կրթության ոլորտում, այնուամենայնիվ, որոշ հարցերում քաղաքացիական հասարակությունը տեսնում է բացեր և հանդես գալիս առաջարկություններով։

Մասնավորապես, կրթության ոլորտում զարգացումների վերաբերյալ Հանրային քաղաքականության ինստիտուտի՝ 2018-ի վերջին հրապարակված տեղեկագրում բերվում են մի շարք առաջարկություններ՝ կապված տարկետման իրավունքի տրման հետ։

Հայաստանի կառավարությունը 2018 թվականի ապրիլի 12-ին վիճահարույց փոփոխություններ էր կատարել պարտադիր զորակոչից գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին տարկետում տրամադրելու կարգի և պայմանների մեջ։ Արդեն հետհեղափոխական շրջանում, սակայն, 2018-ի հոկտեմբերի 4-ին կառավարությունն ընդունել է որոշման նախագիծ, որով ապրիլին ընդունված որոշումը ենթարկվել է փոփոխությունների։ Համաձայն այդ փոփոխությունների, տարկետման իրավունք տալու կարգից հանվել են «գերակա ուղղություններ» ձևակերպումը և հանձնաժողովների ու հարցազրույցների բաղադրիչը։

Հանրային քաղաքականության ինստիտուտը, սակայն, գտնում է, որ տարկետման իրավունքի տրման կարգի փոփոխությունները պետք է ընդունվեին որոշ փոփոխություններով և լրացումներով։

Մասնավորապես, ՀՔԻ-ն առաջարկում էր նոր նախագծում սահմանել, թե ինչ նպատակ է հետապնդում տարկետման իրավունքի շնորհումը: Համապատասխան ձևակերպումների բացակայությունը տարընթերցումների պատճառ է դառնում և խթանում է այն տարածված տեսակետը, թե տարկետումն ընդամենը զինվորական ծառայությունից խուսափելու առիթ է:

Անդրադառնալով գերակա ուղղությունների խնդրին՝ ՀՔԻ-ն առաջարկում է պահպանել այդ ձևակերպումը և ամեն տարի թարմացնել այն գերակա ուղղությունները, որոնցով զբաղվող քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ տարկետման իրավունք։ ՀՔԻ-ն գտնում է, որ գերակա ուղղություններով զբաղվող քաղաքացիներին տարկետում տալու ձևակերպումը հանելով՝ բաց է մնում այն հարցը, թե ինչպես, ինչ սկզբունքներով և համամասնությամբ են բաժանվելու տարկետման տեղերը բուհերի կամ մասնագիտությունների միջև:  Ըստ ՀՔԻ-ի, գերակա ուղղությունների տարեկան վերանայման հնարավորությունը բավարար ճկունություն կապահովի՝ հաշվի առնելու թե՛ գիտության ու կրթության ոլորտի, թե՛ աշխատաշուկայի ու տնտեսության նոր պահանջները:

Ինչ վերաբերում է տարկետման իրավունք տրամադրելու համար անցկացվող հարցազրույցներին, ապա ըստ ՀՔԻ-ի, հարցազրույցների ձևաչափն անհրաժեշտ էր պահպանել, սակայն կատարել որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է հարցազրույցն անցկացնող հանձնաժողովում ներգրավել ԿԳ և ՊՆ ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր ոլորտային փորձագետների: Հարցազրույցը թույլ կտա հասկանալ տվյալ անձի՝ տարկետում ստանալու մոտիվացիան, հետագա մասնագիտական և գիտական նպատակներն ու այլ կարողությունները։

Բացի սա, առաջարկվում է նաև սահմանել որոշակի պայմաններ, որոնց կատարման դեպքում քաղաքացին կկարողանա տարկետում ստանալ պարտադիր ժամկետային ծառայությունից։

Մասնավորապես, կարելի է որպես պայման սահմանել, որ քաղաքացին գիտական աստիճան ստանալուց հետո որոշակի ժամանակահատված (3 կամ 5 տարի) գիտամանկավարժական գործունեություն ծավալի։

Հարկ է նշել, որ թեև Հանրային քաղաքականության ինստիտուտի այս առաջարկությունները չեն ընդունվել կառավարության կողմից, բայց կազմակերպությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ տանել տարկետման հարցում անհրաժեշտ բարեփոխումների հասնելու համար։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 


See also