ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի «իրավունքը» ՌԴ-ում

Այն, որ ռուսական իրավապահ համակարգը  թաթախված է կոռուպցիայի մեջ, թերևս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Օրերս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց բարձրացվեց «մեր քաղաքացիների ՌԴ ոստիկանների կողմից ռեյկետի ենթարկելու մասին», ինչին ի պատասխան կառավարության ներկայացուցիչ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ «ՀՀ տարածքից դուրս չեն կարող միջամտել նման հարցերին»: Պարոն Բեգլարյանը իրավացի է, որ նրանք չեն կարող միջամտել, բայց մենք շատ արագ քայլերով ինտեգրվում ենք ԵԱՏՄ-ին և պարզ չէ, թե ինչպես «կբարեփոխվի» մեր իրավապահ համակարգը` հաշվի առնելով ռուսական փորձը:

Նշենք, որ ռեյկետը, որ մասին խոսվում է, մեկ օրինակով կամ մեկ ոստիկանով չի սահմանափակվում: Սա տևական ժամանակ գործող անխափան մեխանիզմ է:

ՌԴ-ում

Մեր համաքաղաքացիները, եթե նույնիսկ երբևէ չեն ուղևորվել ՌԴ ցամաքային ճանապարհով, ապա գոնե շատ հաճախ Երևանի տարբեր անկյուններում տեսել են ՌԴ մեկնող ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Անդրադառնանք, թե ինչպես են մեր քաղաքացիները այդ ավտոբուսներով հասնում ռուսական քաղաքներ:

Բոլորը ովքեր երբևէ օգտվել են այդ ավտոբուսներից գիտեն, որ վարորդից կամ վարորդներից բացի ավտոբուսում միշտ լինում է այսպես կոչված «ուղեկցող»: Այդ ուղեկցողի պարտականությունները կայանում են նրանում, որ նա ռուսական պետական սահմանակետում տալիս է կաշառք, որպեսզի ավտոբուսը առանց լուրջ զննման հատի սահմանը: Այս քայլը անհրաժեշտություն է, քանի որ մինչև ՌԴ պետական սահմանը հատելը մարդիկ (նաև երեխաները) հնարավոր է ավտոբուսի ներսում սպասեն 7 ժամ և ավելի, քանի որ սահմանին շատ լուրջ կուտակումներ են առաջանում: Ուղեկցողը, որպես կանոն, առաջարկում է ուևորներին մոտ 100-ական ռուբլի հավաքել, որպեսզի ավտոբուսը լրացուցիչ մի քանի ժամ չզննվի:

Պետական սահմանը հատելուց հետո կարող է թվալ, թե դժվարությունները հետևում են և հիմա մնում է միայն հանգիստ քնել մինչ ժամանումը: Սակայն, ճանապարհին հանդիպող ամեն ոստիկան հարկ է համարում անտեղի կանգնացնել հայկական պետհամարանիշներով երթևեկող ավտոբուսը: Ուղեկցողը ինջնում է ավտոբուսից վճարում որոշակի գումար (500-ից 1000 ռուբլի) և այդպես ամբողջ ճանապարհը: Ոստիկանները այնքան հաճախ են կանգնեցնում մեքենան, որ վարորդը անկեղծ զարմանում է, երբ ինչ որ ոստիկան կանգնելու ազդանշան չի տալիս:

Պետական սահմանից զատ Ռուսաստանի մարզերի (область) միջև ևս տեղակայված են անցակետեր, որտեղ պարտադիր պետք է կանգ առնել: Այստեղ կաշառքի չափը խիստ կախված է մարզից և ուղեկցողի բանակցային հմտություններից: Ամենահայտնի և ամենակաշառակերը Կաբարդինո-Բալկարիայի մարզային սահմանային ծառայության աշխատակիցներն են: Նրանք նույնիսկ բավական մեծ կաշառք (մոտ 6000 ռուբլի) վերցնելուց հետո կարող են ավտոմատներով մտնել ավտոբուս և ձևական խուզարկություն իրականացնել: Որպեսզի ավելի հասկանալի լինի սահմանակետում տիրող մթնոլորտը, պատկերացրեք երեխայի հետ նստած ուղևորին գիշերը, երբ նա արթնանում է ավտոմատավորի կողմից  իր վրա ուղղված լապտերի լույսից: Վարորդները և կաշառք բաժանող ուղեկցորդները այս անցակետին մոտենալիս կատակում են, թե մոտենում ենք «կրակադիլներին»:

Այդ կաշառքների մեծ մասը վճարում է ուղևորափոխադրողը (և դրա գինը ներառված է տոմսում), իսկ մի մասը, ինչպես նշվեց, տեղում հավաքում են ուղևորներից:

Թե՛ այդ «կրակադիլներին» և թե՛ ռեյկետային ոճով կաշառք հավաքող սահմանապահներին, մաքսայիններին ու ոստիկաններին բացարձակապես չի հուզում, որ Հայաստանը իրենց պետության դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է, իսկ Հայաստանի պետհամարանիշներով մեքենաները օգտվում են նույն իրավունքներից՝ ինչ որ ռուսականները:

Եվրոպայում

Ի տարբերություն Ռուսաստանի Եվրամիության երկրներ մեկնելիս ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Չնայած վիզայի ստացման բարդություններին, այն ձեռք բերելուց և Եվրամիության տարածք մուտք գործելուց հետո, թերևս տեղաշարժի ոչ մի բարդություն չի առաջանում… Իսկ մուտք գործելուց՝ ռեյկետի կամ կաշառքի մասին որևէ խոսք, բնականաբար, չկա:

Դժվար է  պատկերացնել, որ Եվրոպական մի երկրում մեքենան ամեն քայլի կանգնեցնեն մեկ այլ Եվրոպական երկրի համարանիշներ ունենալու համար: Եվրոպական ավտոբուսներից օգտվելիս էլ հասկանալի է դառնում, որ այստեղ ևս կա ուղեկցորդ, սակայն լրիվ այլ պարտականություններով: Նրանք սուրճ, թեյ և քաղցրավենիք բաժանող և ժպտացող մարդիկ են, ոչ թե կաշառք բաժանող:

Ոչ մի ոստիկանի մտքով չի անցնում անիմաստ կանգնեցնել ուղևորներ փոխադրող ավտոբուսը, ասենք Գերմանիայում, եթե այն չեխական համարներով է, և հնարավոր չի պատկերացնել ոչ մի չեխ ուղեկցողի գերմանական ոստիկանին կաշառք տալիս: Եթե նույնիսկ ոստիկանը ցանկանում է ստուգել ուղևորների փաստաթղթերը, դա արվում է բավական արագ, առանց ավտոմատների, հարգալից, ժպիտով և տևում է 10 րոպե:

Այս պարզ օրինակը ցույց է տալիս ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև եղած մեծ տարբերությունները: Ընդ որում, եթե փորձենք հասկանալ, թե Հայաստանի ու Վրաստանի իրավապահները ո՞ր համակարգին են ավելի մոտիկ (ազատ տեղաշարժվելու և ռեյկետի մասով), ապա պետք է արձանագրենք, որ այդ առումով մենք առավելապես Եվրոպայում ենք: Սակայն, ի տարբերություն Վրաստանի, դաշինքներ ենք կազմում երկրների հետ, ուր մեր քաղաքացիների նկատմամբ կա ակնհայտ խտրական վերաբերմունք, իսկ կոռուպցիան չափ և սահման չի ճանաչում:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող