Տնտեսական իրավիճակը ԵԱՏՄ-ում

Sorry, this entry is only available in Armenian and Russian.

Օրեր առաջ ՌԴ պառլամենտի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանում առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»:

Այսպիսով Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքաշրջանառությունը նվազել է, ոչ միայն 3-րդ երկրների հետ, այլ նաև նվազել է փոխադարձ ապրանքաշրջանառությունը:

Փորձենք պարզել, թե ինչքանո՞վ է նվազել ԵԱՏՄ-ի և մասնավորապես Հայաստանի ապրանքաշրջանառությունը:

ԵԱՏՄ

Այսպիսով, ԵԱՏՄ 3-րդ երկրների հետ արտաքին ապրանքաշրջանառությունը 2016թ. հունվար-փետրվար ամիսներին կազմել է 65,4 միլիարդ ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 41,6 միլիարդ դոլար, ներմուծումը՝ 23,8 միլիարդ դոլար: 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած  արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 29,9 տոկոսով, կամ 28 միլիարդ դոլարով: ԵԱՏՄ-ում ապրանքների արտահանման ծավալը նվազել է 35 տոկոսով, կամ 22,5 միլիարդ դոլարով, ներմուծումը նվազել է 18,9 տոկոսով կամ 5,5 միլիարդ դոլարով:

2016թ.–ի հունվար-փետրվար ամիսների ԵԱՏՄ արտաքին ապրանքաշրջանառության սալդոն (արտահանման և ներմուծման տարբերությունը) դրական է 17,8 միլիարդ դոլար չափով, մինչդեռ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համար, այն եղել է 34,8 միլիարդ (այսինքն, սալդոն նվազել է 49 տոկոսով): 2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրենրի փոխադարձ (ներքին) ապրանքաշրջանառությունը կազմել է 5,3 միլիարդ դոլար, ինչը 17,1 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած:

Հայաստան

Անդրադառնանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալներին: Այսպիսով, 2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 184,2 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 241,1 միլիոն դոլար: Սալդոն բացասական է՝ -56,9 տոկոս: 2015թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած 2016-ին Հայաստանից արտահանումը 3-րդ (ԵԱՏՄ-ից դուսր) երկրներ աճել է 14 տոկոսով, իսկ ներմուծումը, այդ նույն ժամանակահատվածների համար, նվազել է 15,8 տոկոսով:

2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը Բելառուսի հետ կազմել է 2,7 միլիոն դոլար, ինչը 15,9 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունընվազել է 73,5 տոկոսով: Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճել 8,8 տոկոսով և կազմել 226,4 միլիոն դոլար:

Այսպիսով պարզ է դառնում, որ նվազել է ոչ միայն ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը երրորդ երկրների հետ, այլ նաև մոտ 17 տոկոսով նվազել է  փոխադարձ ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի ներսում: Այս նվազման միտումներից ակնհատ է, որ ԵԱՏՄ-ն ոչ մի դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա չի ունեցել:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Related Posts: